Հայ սիմֆոնիկ երաժշտության նորարար Ավետ Տերտերյանի ստեղծագործություններն ունկնդրել առանց հնչյունների. առաջադրանքը բարդ է և անհասկանալի: Բայց պարուսույց Հասմիկ Թանգյանը, ոգեշնչվելով Տերտերյանի «Ռիչարդ 3-րդի մենախոսությունները» բալետի պարտիտուրի վերջին էջին գրված «Վակուում» հատվածով, բեմադրեց ժամանակակից պարային ներկայացում՝ առանց երաժշտության:
Հունիսի 29-ին Սևանա լճի մոտ գտնվող Հայրավանք գյուղում Ավետ Տերտերյանի տուն-թանգարանի բակում Հասմիկ Թանգյանի բեմադրությունը ներկայացրեցին Ba-Ar-Di-A թերապևտիկ պարային ստուդիայի սաները, որոնց թվում կան նաև հաշմանդամություն ունեցողներ: Ներկայացումից առաջ Հասմիկը սաներին քաջալերում էր. «Բնությունից չհեռանաք, չվախենաք ու չկաշկանդվեք»:
Պարային ներկայացումը բաղկացած էր երեք մասից, յուրաքանչյուրը տարբեր աղջիկներ էին պարում ու տարբեր վայրերում: Բացումն արեցին փոքրերը՝ ելույթ ունենալով տուն-թանգարանի բակում: Նրանց մազերին ամրացված փոքրիկ զանգակները վազվզելիս զնգզնգում էին ու, միախառնվելով քամու սվսվոցի ու խոտի շրշյունի հետ, յուրօրինակ մեղեդի ստեղծում:
Հետո փոքրերն առաջնորդեցին հանդիսատեսին դեպի Հայրավանք եկեղեցին, որի կողքին գտնվող բացատում ներկայացման երկրորդ մասն էր՝ միջնեկ տարիքի աղջիկների կատարմամբ:
Վերջին հանգրվանը, ինչպես սևանցիները կասեին, ծովի ափն էր: Այստեղ շարքով նստած ալիքներին էին նայում ավագ տարիքի աղջիկները, այդ թվում՝ Հասմիկը: Ինչ խոսք, նրանց պարն ամենից հմուտն էր, ամենից զգացականն ու պոռթկումնալիցը: