28 Հունիս 2014, 12:43
3042 |

Քննարկում ենք «Ստամբուլի բիճը»

Գրքի քննարկումը կազմակերպած «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նպատակ ունի գովազդել վերջին շրջանում հայկական հրատարակչությունների կողմից տպագրված այն գրքերը, որոնք ամերիկյան պարբերականների հարցումների արդյունքում ճանաչվել են աշխարհի բոլոր ժամանակներում գրված լավագույն գրական գործերը:

Հունիսի 27-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի առաջին հանդիպումը: Հաղորդավար, հեռուստալրագրող Արտակ Վարդանյանի հետ ընթերցասերները եկել էին քննարկելու թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը: Գրքից մի հատված ընթերցելուց հետո, ինչպես և սպասվում էր՝ հաշվի առնելով գրողի ազգությունը, քննարկումները բուն սյուժեից սահուն անցում կատարեցին դեպի հայ-թուրքական հարաբերություններ: «Բոլոր թուրքերը չէ, որ վատն են», «Սա հայամետ գիրք է», «Ոչ, սա միանգամայն թուրքական գաղափարաբանությամբ գրված գիրք է», «Թուրքերը Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալով՝ տարածում ու վաճառում են իրենց գեղարվեստական գրականությունը, սա կոմերցիոն քայլ է». այս և նմանատիպ կարծիքները բուռն արձագանք ստացան՝ հասնելով ընդհուպ մինչև արտագաղթի ու երկիրը լքողներին դավաճան համարել կամ չհամարելու հարցին:

Գրքի քաղաքականացումը դեռ երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր գրող Արմեն Օհանյանը. «Ոչ ոք չի խոսում գրքի գեղարվեստական կողմի մասին, մինչդեռ սա գրագետ կառուցված, արժեքավոր վեպ է: Անկախ նրանից, որ թուրք է հեղինակը, կամ իր հերոսներին ազգությամբ հայ է ընտրել, այս գիրքն ինձ համար առաջին հերթին գեղարվեստական արժեք է»:

«Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում Մեծ եղեռնը: Հեղինակն այս գրքի համար մեղադրվեց թուրք ժողովրդին ստորացնելու մեջ, բայց մեղադրանքն այդպես էլ օդում մնաց, բավականաչափ ապացույցներ չունենալու պատճառով նրա հանդեպ հարուցված դատական գործը կարճվեց:

Գրքում Շաֆաքը յուրօրինակ հարցաշար է առաջադրում ընթերցողին, որպեսզի պարզի՝ որքանով է հայ: Քննարկման ներկաները ևս հնարավորություն ունեին ուսումնասիրելու այդ հարցաշարն ու պարզելու իրենց «հայության» աստիճանը: Թեև հարցերն իրենց մշակութային բովանդակությամբ ավելի շատ սփյուռքահայի հայության չափանիշներն էին բնորոշում. «Ձեր հյուրերին չիփսով հումուս, փայտի վրա անցկացրած սմբո՞ւկ եք հյուրասիրում», «Ձեր տանը, ավտոտնակում կամ գրասենյակում Արարատի առնվազն մեկ նկար կա», «Ձեզ ծանո՞թ է մանթիի համը, սուջուխի հոտը, բաստուրմայի հանդեպ սերը» և այլն:

Գրքի քննարկումն իրականացրած «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նպատակ ունի գովազդել վերջին շրջանում հայկական հրատարակչությունների կողմից տպագրված այն գրքերը, որոնք ամերիկյան պարբերականների հարցումների արդյունքում ճանաչվել են աշխարհի բոլոր ժամանակներում գրված լավագույն գրական գործերը:
Նախագծի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում: Դերասան Հովհաննես Ազոյանն ընթերցողների հետ կքննարկի բրիտանացի արձակագիր Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպը:

Այս թեմայով