Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ: Գործերը հրատարակվել են գրական մամուլում («Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն) և անթոլոգիաներում: 2012-ին լույս է տեսել Աննա Դավթյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Գիրք շնորհակալության»՝ երկու լեզվով` հայերեն-անգլերեն (հեղինակի թարգմանությամբ):
Առաջին անգամը բեռնատարի խցիկում, երկնագույն զգեստով, բոբիկ եկա Երևան: Ծնողներս Օդեսա էին գնացել, ինձ երիտասարդ քեռակնոջս մոտ հյուր էին թողել գյուղում: Քեռակինս ցորենը քաղել էր տվել. գյուղի բոլոր տների բակերում միաժամանակ հայտնվում են սարերից բեռնատարով տեղափոխած ցորենի բլուրներ, ու բակերում բացվում է այլ տեսակի խաղերի սեզոնը: Ես բոբիկ բարձրանում էի մինչև բլրի գագաթը, ահագին ճանապարհ էր, ու ցելոֆանե տոպրակով սահում էի ներքև: Երրորդ տեղ էլ չէի բռնի, եթե մենակ չխաղայի: Մորաքրոջս ամուսինը բեռնատարով եկել էր գյուղ, ու իմ երևակայական մրցավարին խնդրեց, որ թույլ տա ինձ հետը Երևան տանել: Մրցավարս մի քիչ փնթփնթաց, սուլեց, հարցրեց կողային մրցավարներին ու վերջապես արձակեց, ու ես հենց ցորենի միջից բարձրացա բեռնախցիկ, կախեցի մեդալներս ու եկա Երևան: Ոտքերս մղեղից ծակծկում էին, կոշիկ չհագա, արևն անտանելի վառում էր ամբողջ ճանապարհին, զգեստիս երկնագույն գծերը դեղնել, ընդհատվել էին: Երևանը շոգն էր: Երբ կանգ առանք Նշանի ինչ-որ բարեկամի սեփական տան առաջ, ու ես բակի ծաղկանոցից քաղեցի ամենաշքեղ վարդը' մորաքրոջս տանելու, ու երբ ինձ կշտամբեցին դրա համար, ես վարդը նորից տնկեցի հողի մեջ' իր նախկին ցողունին շատ մոտ: Երևանը ծաղիկ քաղելու համար կշտամբելն էր:
1999 թվականի սեպտեմբերի 6-ին ինձ կշտամբեցին սեպտեմբերի 6-ին դասի գնալու համար' հաշվի չառնելով, որ գավառի ճանապարհները ոտքով են, ու նորեկ գավառացիներն անտանելի ամաչում են վարորդներին փող տալ: 1999 թվականի սեպտեմբերի 6-ին իմ մեջ տպավորվեց անգլերենի միսս դասախոսի չոր կրծոսկրի բլրին աճած ոսկե խաչը ու զգեստի վզի վրա հատկացված ծակը' կախազարդերի կղզին, և նրա օծանելիքի խեղդող քաղցր հոտը: Ես նրան չսիրեցի, այդ միսս Աննային, որ քթիմեջ երրորդ աչքից էր խոսում ու անգլերեն լավ չգիտեր: Կլոր տարին 47-ով գնա-ցի դասի' կանխաճաշակելով նրա կրծքի թիմարած բնապատկերն ու հոտը: Միսս Աննայի Երևան:
Հաջորդ տարի երեք աղջիկներով' ես, Անահիտն ու Էլմիրան տուն վարձեցինք Խանջյան փողոցի վրա' «Դվաժդիդվայի» շենքի հինգերորդ հարկում: Ամեն մեկս պետք է վճարեր 13,333333333 դոլար' երեք երկաթե մահճակալը, մեկ զգեստապահարանը, մեկ կլոր սեղանը և մեկ գազարագույն հեռախոսը մեկ ամսով տիրապետության տակ պահելու համար: Իսկ մենք անխնա օգտվում էինք բաց պատշգամբից, որը հանձնվել էր բոնուսային կարգով: Երբ ջրով լիքը ցելոֆանե տոպրակները սուրում էին ներքև' դեպի գրկախառնված զույգերը, իսկ Էլմիրան բարձրակարգ նշանառու էր, ու ջուրը տրաքում էր անմիջապես նրանց ոտքերի առաջ, ու երբ շենքում տրաքում էր մեր ծիծաղն ու ալեկոծում հարկերը, Անոն խոհանոցի կախ ընկած դարակից ճանկում էր ծռված ալյումինե պատառաքաղն ու կանգնում դռան հետևում: «Ես ձեր թալինցի մերը» գոռալով վերև էր բարձրանում տակի հարևանը, իսկ մանկավարժականի լոգոպեդիայի բաժնի ուսանող Անոն, երկու փտած փայտի հետևում կանգնած, ուղղում էր' «թալինցի չէ, արթիկցի»: Հաջորդ տարի այդ շենքը վարում էր Էլմիրայի տոհմուցեղի տղամարդկանց հռինդը, բայց այդ մարդն ալարում էր վերև բարձրանալ ու հայհոյելով վաստակել իր մի կտոր հանգիստը:
«Ռոսիա» կինոթատրոնի մոտից գնում ու գալիս էին Արթիկի, Վանաձորի, Գյումրիի գազելները: Եթե մենք չէին գնում Արթիկ, Արթիկն էր գալիս' ինքնուրույն ճամփորդող վեշերի տեսքով: Սև կաշվե մեծկակ պայուսակ մըն էր, զօր առտու իրիկուն… խնդրելով վարորդին էին հանձնում հիմնականում մայրերը: Երեք աղջիկով ունենում էինք մեր քաշը չգերազանցող հինգ-վեց պայուսակ, ու փակած բանկաները, կարտոֆիլը, կաղամբը, մակարոնը, մկան թույնն ու վերափոխված բլուզները, երեք կանգառ կտրելով, կդասավորվեին դարակներում: Պետք էր Խանջյանի տրամվայի գծերով ուղիղ բարձրանալ ու հետևել, որ տոպրակները, մեր հոգ-նած ժամանակ, չընկնեն տրամվայի տակ: Բայց չափազանց շատ տրամվայներ ճզմել են մեր չափազանց շատ կարտոֆիլները, երբ պոկվել է տոպրակի կանթը, ու եղածը գլոր-գլոր ընդառաջ է վազել տրամվայներին: Լավ էր, որ դրանք հանեցին, գծերն էլ հավաքեցին: Երևանը ծիծաղ ու ծանրոցներ էր:
Երրորդ կուրսս բաժին հասավ Զեյթունի հանրակացարանին' տարբեր բարբառների ու լեզուների երկար մարդասիրական միջանցք' երկու ծայրերին ընդհանուր զուգարաններ, ու մի կին, որ չի հասցնելու մաքրել վեցհարկանի վեց կորպուսի ամեն հարկի երկուական զուգարանը: Սպիտակ ներկած փոքրիկ լվացարանների մոտ առավոտյան բազմաթիվ ատամների հերթը իրար էր ուտում, ու միջանցքի ծայրից դեռ գալիս էր փրփուրոտ բերանների շարասյունը:
Այլմոլորակայինների շարան էր' դեպի դրախտի դռները գնացող: Այդ հերթից ես չէի օգտվում: Ինժեներ հորեղբայրս մալյուտկա լվացքի մեքենայի վրա ծորակ էր դրել, կախել էր մեր սենյակի պատին, տակը դրել էր իսկական լվացարանի կոնք, որտեղից օգտագործված ջուրը լցվում էր հատուկ տակառի մեջ ու հավաքվում: Եղբորս պարտականությունն էր ամեն առավոտ լցնել պատին կախված մալյուտկան ու ամեն իրիկուն թափել տակառի պարունակությունը: Էդքան բան: Samsung. թաքնվելն անհնար է: Ափսոսում եմ, որ հարևանություն չարեցի հարկակից հնդիկ-հնդկուհիների հետ, ու ոչ մի դրկից ատամները չլվաց իմ նորարարական լվացարանում, գործերս շատ էին: Միայն երբեմն ուս ուսի հանդիպում էինք ախլքալաքցի Գրիգորի հետ, երբ հարևան պատուհաններից ամեն մեկս տրանսցենդենտալ պայմաններում արած մեր լվացքն էինք փռում մի-մի ճլորած լարի: Հաջորդ տարի, փոխանցման ավանդույթի համաձայն, այդ նախանձի առարկա սենյակը' իր լվացարանով, շչոչիկով, պատի պահարանով ու սուրճի բաժակներով, ժառանգեց իմ դասընկերուհի, ժողի ուսանողուհի Լիլիթը: Արտահերթ Երևան:
Չորրորդ կուրսում սեփական տուն վարձեցինք Խանջյան փողոցում, «Դվաժդի-դվայի» հետևը: Երախտամոռ մկներ կային այդ տանը' ընտիր զավակներով, որ մեծացան ու ցիրուցան եղան աշխարհում: Սովետական բոլոր ժամանակների գործակատար Քաղցրը մեր մկների պատկից հարևանն էր, ում բախտը չէր բերել երեք անգամ ամուսնանալիս, ու դրան էլ վրադիր' քանդվել էր Սովետը: Ու նա ամբողջ գիշեր դրսում դույլի վրա նստած ծխում ու խմում էր մեր պատուհանի տակ, իսկ առավոտյան ասում էր, որ Հոկտեմբերյանից հենց նոր է եկել: Ինչ-որ բան նրա ուղեղում գնում, գալիս էր, և կանգնած էր մնում մեջտեղում, երբ ԱԼՄ-ով Տիգրան Կարապետյանին էր նայում ու լսում ադամանդներին: Գիշերանոցով բակ դուրս գալս ոչինչ, բայց երգելու մեծ ընդունակություններ չունենալս չէր ներում: Ու չէր ներում Սևակին, մյուս կողմի հարևանին, տեղով մեկ չէր ներում, ընդհանրապես ոտքից գլուխ չէր ներում: Սևակը Քաղցրին հորդորում էր' կամ նորից կարդալ իր բոլոր ամուսիններին նվիրված սիրային բանաստեղծությունները կամ ընդունել, որ գիշերը դույլին նստած խմում ու ծխում էր: Քաղցրն ասում էր, որ Հոկտեմբերյանից նոր է եկել, ու նրան չէր ներում: Քաղցրը մեռավ աղիքային քաղցկեղից, ու ավերակների տակ մնացին նրա բանաստեղծությունները, երբ քանդեցին Խանջյանի այդ տունը' հին, մետրանոց պատերով ու տարածուն բաղեղով, և դրա փոխարեն հիմա շենք է խոյանում հասարակ:
Խարխուլ ապաստարանների Երևան, որ կարողացել էր ընդունել ինձ և ուրիշներին կարողացածի չափ գրկաբաց: