04 Հունիս 2014, 10:55
8717 |

Հայ կանայք պատմության կադրի մեջ

Օլեգ Կլիմով. «Հայ կինը. Ստեփանակերտ, Ղարաբաղ 1992»

Կինը նրբագեղ է, զգացմունքային, կարոտող, հոգեբանական թեստեր ու Ֆանդորինին պաշտող, թանկարժեք ներքնազգեստի խանութից երկար ժամանակ դուրս չեկող ու գիշերը երեխաներին հեքիաթ կարդացող: Կինը պահանջում է հաճոյախոսություններ ու տանել չի կարողանում, երբ իրեն շտապեցնում են: Կինն ասում է, որ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց անում է ամեն ինչ, որպեսզի աննկատ չմնա: Բայց կանանց հետ ամեն ինչ այդքան պարզ չի կարող լինել: ImYerevan.com-ը ներկայացնում է հայ կանանց լուսանկարների անհավանական ընտրանի, որը կստիպի նորովի հայացք նետել «թույլ սեռին»:

 


1885 թվականի լուսանկարում պատկերված են երկու հայուհիներ Զեյթունից, որոնք զենք են վերցրել ձեռքը, որպեսզի պաշտպանեն իրենց օսմանյան ավազակներից: Հատկանշական է, որ աջ կողմում կանգնած կինը ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի (Dream Theater, KISS, Alice Cooper) նախատատն է' Եղիսաբեթ Սուլթանյանը:

 


Այս բացիկը 2005-ին Թուրքիայում՝ Այնթափ լեռան վրա գտնվող փայտե տան պատի մեջ հայտնաբերել է բանվոր Մուրադը: Նկարում Հեղինեն է՝ ֆիդայական առաջնորդ Գևորգ Չաուշի այրին: Աջ ձեռքում նա պահում է «մաուզեր» ատրճանակ, իսկ ձախում՝ Մոսինի հրացան:

 


Ճապոնացի գրականագետ ու հրապարակախոս Դիանա Աբգարն իր ամուսնու՝ Միքայել Աբգարի հետ 1889-ին: Ցեղասպանության ժամանակ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնում էր մի շարք հայ փախստականների, որոնք Սիբիրով ու Ճապոնիայով փորձում էին ԱՄՆ հասնել: 1920-ին շատ առումներով հենց Դիանայի շնորհիվ Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Դիանան ինքը զբաղեցրեց Ճապոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Այդպիսով նա դարձավ աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն զբաղեցրեց:

 


1895 թվականի լուսանկարում Ագուլինե Թաթուլյանն է: Նա այն ինը կանանցից մեկն էր, ում հաջողվեց փրկվել պաշարված Հաճնից, որը թալանվեց ու ոչնչացվեց թուրքական զորքերի կողմից: Նա կտրել էր մազերն ու տղամարդու հագուստ սկսել կրել, որպեսզի միանա դիմակայող ուժերին: Մարտերի ժամանակ Հաճնում կրծքավանդակի ձախ հատվածում նա վիրավորվեց, բայց գնդակը կրծքում ապրեց ևս 67 տարի: Դա չխանգարեց նրան հետագայում գրել ու բեմադրել մի պիես, որից ստացված հասույթը նվիրաբերեց Ցեղասպանությունից փրկված հայերի օգնությանը:

 


Հանրահայտ նյույորքյան լուսանկարիչ Վիվիեն Մայերը 1956-ին կոլորիտային հայ կնոջ է լուսանկարել, որն ինչ-որ բան չի կիսում ոստիկանի հետ: Լուսանկարը գերում է իր հուզականությամբ: Չէ՞ որ շատ հայեր լուսանկարում պատկերված կնոջ մեջ ճանաչում են սեփական տատիկին՝ անդրդվելի ու միշտ իրավացի:

 


1992-ին Ստալինա Ադրիյանը 19 տարեկանում զոհվեց ճակատում՝ Արցախի Հակոբ-Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Նա այն աղջիկների թվում էր, որոնք տղամարդկանց հետ հավասար պաշտպանում էին իրենց ժողովրդի ու երկրի ազատությունը: Ընդհանուր առմամբ Արցախյան ազատամարտին մասնակցել է ավելի քան 300 հայ աղջիկ, որոնցից 42-ը զոհվել են:

 


Աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Արշիլ Գորկին, իր մոր հետ, 1912 թիվ: Լուսանկարը կատարվել է Թուրքիայի հայկական Վան քաղաքում: Հենց այդ լուսանկարն է հիմք ծառայել Գորկու «Նկարչի և նրա մոր դիմանկարը» հանրահայտ ստեղծագործության համար: Ինչպես Ցեղասպանությունը վերապրած շատերը, Գորկին փորձում էր խուսափել այդ թեմայից խոսակցություններում ու հարցազրույցներում: Սակայն ստեղծագործության մեջ զգացմունքները զսպելը շատ ավելի դժվար էր: «Նկարչի և նրա մոր դիմանկարը» մի քանի անգամ վերանկարվել ու չի ավարտվել: Գորկու մի շարք քննադատներ ու կենսագիրներ վստահ են՝ նկարիչը վախենում էր ավարտել այդ կտավը, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած ու Երևանում սովից մահացած մայրը չլքի նրան գոնե իր նկարելու ընթացքում:

 

 

© Armineh Johannes
© Armineh Johannes

Լուսանկարիչ Արմինե Յոհանեսը հայ տատիկին լուսանկարել է նրա տան մոտ՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում՝ Ադրբեջանի սահմանի մոտ: Լուսանկարը կատարվել է 1991-ին: Սիմա տատիկը լուսանկարում 106 տարեկան է: Նա հաճախ էր ձեռքը վերցնում Արցախի ազատագրման համար պայքարած ծոռան զենքը և այդպես ժամերով նստում տան շեմին՝ ասելով. «Թող թշնամին հլը փորձվի ոտք դնել այստեղ»:

 


Ֆիդայի կինը՝ երկու դստրերի հետ: 1920 թվականի լուսանկարը հայտնի դարձավ՝ հայտնվելով «Կանանց պայքարն Արցախյան պատերազմում» գրքի շապիկին:

Այս թեմայով