Ի՞նչով է առանձնահատուկ Երևանը: Քաղաքի ներկայի ու անցյալի միջև խզված կապի մասին է պատմում գրող Մարինե Պետրոսյանը:
Այն Երևանը, որտեղ ծնվել եմ, ստեղծվել էր որպես արդյունաբերական մոդեռն քաղաք դեռ անցած դարասկզբին: Իհարկե, մենք գիտենք, որ Երևանը հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից ուրարտական ժամանակներում՝ մթա 8-րդ դարում, բայց 3 000 տարվա մեծագույն մասը թաղված է մոռացության փոշու մեջ, իսկ ինչն էլ հիշված ու վավերագրված է, ասենք՝ «Վերք Հայաստանի» վեպում, իմ ծննդավայր Երևանի հետ, կարծում եմ, քիչ կապ ունի: Անցած սեպտեմբերին' Անկախության օրվա առթիվ, մետրոյի մի քանի կայարաններում 20-րդ դարի Երևանի լուսանկարներն էին ցուցադրվում. շշմելու աստիճան տպավորիչ էր: Մեծագույն մասը 30-50-ականների նկարներ էին, ես էդ տարիներին դեռ ծնված չէի, բայց նայելով դրանց՝ հստակ տեսա իմ պատանեկության տարիների Երևանի ծնունդն ու արարումը:
Այսօրվա պես հիշում եմ մետրոյի բացումը՝ 1981-ին: Համատարած ցնծություն էր. մարդիկ կային՝ ուրախությունից լաց էին լինում, գուցե ծիծաղեք հիմա, բայց ես հստակ հիշում եմ, որ մետրոյի էսկալատորները կարուսելի պես էին գործածվում՝ մարդիկ անընդհատ իջնում էին, հետո նորից բարձրանում, երևի ոգևորությունն արտահայտելու ձև էր:
Զարմանալի մի պատահականությամբ Երևանի մետրոյի այն մասը, որտեղ վագոններն անցնում են ոչ թունելով, ընկած է քաղաքի արդունաբերական թաղամասերում՝ «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարանների հատվածում: Ու երբ նայում ես վագոնի պատուհաններից դուրս, ասես գործարանների գերեզմանոցով անցնես՝ ավերված, դատարկ շենքեր են շուրջբոլորդ: Գործարանների մեծ մասն այսօր չի աշխատում, բայց չեմ կարծում' Երևանի արդյունաբերական քաղաք լինելը կարող է այդքան շուտ ցնդել ու վերանալ, հաստատ չէ´, այդ ժառանգությունը կա դեռ: Անկախության տարիների Երևանը ասես ձգված զսպանակ լիներ, պայթում էր ցույցերի և հանրահավաքների տեսքով ամեն մեծ ու փոքր առիթի ժամանակ, հենց դա էլ ժառանգության դրսևորումն է:
Ամբողջ կյանքում ապրել եմ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Մեր շենքը նայում է Բաղրամյանին, ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26-ին: Ծնվել եմ սեփական տանը, իսկ հիմա ապրում եմ դրա տեղում կառուցված բարձրահարկ շենքում: Սովետական տարիներին, երբ քանդեցին սեփական տունը, մեզ ուզում էին բնակարան հատկացնել Հարավ-արևմտյան նորակառույց թաղամասում: Բայց մենք չհամաձայնեցինք, հորս գլխավորությամբ հարևաններով ապաստամբեցինք, ոչ մի կերպ դուրս չեկանք մեր տներից, մինչև շրջսովետի համապատասխան բաժինը ստիպված որոշում ընդունեց նախագծում փոփոխություն անել, նախատեսվող 2 շենքերի փոխարեն 3-ը կառուցել, մեկը՝ հատուկ ապստամբ բնակիչներիս համար: Ամեն անգամ այս պատմությունը հիշելիս զարմանքի և հպարտության զգացում եմ ապրում: Սովետական ժամանակներում թվում էր, թե ինչ-որ բան փոխելու հնարավորություն չկա, բայց մենք փոքրիկ խմբով փաստորեն սառույցը ջարդեցինք:
Ընդհանրապես, Բաղրամյան պողոտան առանցքային դեր ունի իմ մանկության և պատանեկության հիշողություններում, որովհետև ես «փոսի դպրոցն» եմ ավարտել:
Օպերան իմ մանկական հուշերի մյուս առանցքային կետն է, էդ ժամանակներից մնացած լուսանկարների մեծ մասում կանգնած եմ Ազատության հրապարակում՝ փուչիկով կամ առանց: Դատելով լուսանկարներից՝ իմ մանկությունն անցել է առաջին հերթին Օպերայի հրապարակում՝ Կարապի լճի հետ միասին, հետո՝ Հանրապետության հրապարակում, այն ժամանակ՝ Լենինի: Բայց դա անցյալում էր:
Իսկ նոր Երևանի խորհրդանիշերից է Հյուսիսային պողոտան: Իհարկե, այն բավականին ոչ միանշանակ խորհրդանիշ է, քանի որ կառուցվել է որպես թանկանոց բնակարանների թաղամաս երևանյան քանդված տների տեղում, որոնց բնակիչներից շատերը չէին ուզում հեռանալ այդտեղից, համաձայն չէին ոչ համարժեք փոխհատուցմանը, և որոնց բողոքը կոպիտ ձևով ճնշվեց: Բայց ես սիրում եմ Հյուսիսայինը, նաև դրա ճարտարապետական տեսքն եմ անկեղծ ասած սիրում, ինչ մեղքս թաքցնեմ:
Իմ ուզած Երևանը մեծ, ազատ և երջանիկ քաղաք է: Ուզում եմ, որ Երևանում ապրեն տարբեր համոզմունքների ու կենսակերպի մարդիկ, և էդ բազմազանությունը դիտվի որպես հարստություն: Ուրախանում եմ, երբ Երևանում արևմտահայ խոսք եմ լսում, էլ ավելի եմ ուրախանում, երբ զրույցի պատառիկներից հասկանում եմ, որ խոսողները ոչ թե կարճ այցով են եկել, այլ բնակվում են Երևանում: Հավատում եմ՝ կգա օրը, երբ Երևանն ուրախության ու երջանկության քաղաք կլինի բոլորի, անգամ Ամերիկայի կամ Եվրոպայի բարեկեցիկ երկրում ապրողների համար, և ամբողջ աշխարհից հայերը, ու նաև ոչ հայերը, կգան այստեղ ապրելու՝ հարստացնելով Երևանի մարդկային երանգապնակը: