05 Մարտ 2014, 17:34
6402 |

Հարս, փեսա, լուսանկարիչ

Հարս ու փեսայի և նրանց ուղեկցող լուսանկարչի, հատկապես՝ ամռան ամիսներին, կարելի է հանդիպել երևանյան ամենախնամված այգիներում ու այլ հասարակական վայրերում: Հարսանեկան լուսանկարչությունը այլևս ոչ թե սովորական խցիկով արած «չխկերն» են, այլ լուրջ ծառայություն: Երեք տարվա ընթացքում բազմաթիվ հարսանիքների հրավիրված լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը պատմում է իր գործի նրբությունների մասին:

Ամենաբարդը
Հարսանեկան լուսանկարահանումը բոլոր տեսակի նկարահանումներից ամենաբարդն ա, քանի որ պահանջում ա, որ լուսանկարիչը տիրապետի բոլոր հմտություններին. պետք ա կարողանաս լավ պորտրետ, նատյուրմորտ, ռեպորտաժ նկարես ողջ հարսանիքից: Պեյզաժից էլ պիտի հասկանաս, մարդ ես՝ գուցե հարս ու փեսային պեյզաժի մեջ պետք լինի նկարել: Ու առհասարակ, նկարահանման կարգին բեմադրիչ պիտի լինես, կարողանաս լավ տրամադրություն ստեղծել, որ բնական դուրս գան: Այսինքն՝ ստացվում ա, որ թվարկածս բոլոր ոլորտներում պիտի մասնագիտանաս ու նոր փորձես քեզ հարսանեկան լուսանկարչության մեջ: Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ 2006-ից, բայց 4-5 տարի հետո նոր ռիսկ արեցի մտնել էս ոլորտ:

Ճիշտ հաճախորդներ
Հարսանեկան լուսանկարչության համաշխարհային արքաներից Երվանդ Զանազանյանի երևանյան դասընթացներն ինձ ահագին ոգևորեցին: Ով չգիտի' ասեմ, որ նրա մի հարսանիքի լուսանկարումը սկսում է 25 հազար դոլարից: Նրա մարքեթինգային խորհուրդներն անգին էին: Հատկապես տպավորվել ա՝ պետք է կարողանաս այնքան որակով աշխատել, որ համապատասխանաբար բարձր վարձատրվես: Իմ հա-մար մի բան էլ ա շատ կարևոր՝ ես պիտի հաճույք ստանամ իմ աշխատանքից: Հենց դրա համար ես առանձնացնում եմ «իմ հաճախորդ» հասկացությունը, ինչը ենթադրում ա մարդկանց, ում հետ նման ենք մտածում և հոգեհարազատ ենք: Հիմնականում մարդիկ ֆեյսբուքով են ինձ գտնում: Ու հենց դրա համար ֆեյսբուքում արտասովոր ֆոտոսեսիաների նկարներ եմ դնում, որ ով պատահի՝ չզանգի ինձ:

Վավերագրական կամ բեմադրական
Հարսանեկան լուսանկարիչներից ամեն մեկը իր նախընտրած ոճն ունի: Ոմանք դոկումենտալ ոճով են նկարում, որ իրանց ոչ ոք չնկատի, իսկ օրինակ՝ ամերիկյան մշակույթում հակառակը՝ ավելի շատ տարածված ա բեմականացված ոճը: Կան լուսանկարիչներ էլ, որ էս երկուսի արանքում են նկարում: Ինձ հոգեհարազատ ա վերջին տարբերակը, քանի որ հետաքրքիր ա լուսանկարել թե՛ հարսանիքի պատահական պահերը, թե՛ բեմադրել անհավանական գաղափարներ հարս ու փեսայի հետ:

Հերթով, կարգով
Երևանյան բոլոր հարսանիքները մեծ մասամբ իրար նման եմ: Սկսվում են փեսայի տնից, հետո տեղափոխվում են հարսի տուն, հետո եկեղեցի, հետո վերջապես ֆոտոսեսիա ու հետո բոլորի սիրած մասը՝ ռեստորան: Ես ներկա եմ լինում էդ բոլոր գործողություններին: Ավելին՝ ես փեսայից մոտ կես ժամ էլ շուտ եմ գնում հարսի տուն, որ նկարեմ հարսի հագնվելը: Էդ պահը շատ եմ սիրում, որ հասնում եմ հարսի տուն, մտնում եմ իրա սենյակ ու ասում եմ «վերջ՝ հարսը իմն ա մոտակա 20 րոպեի ընթացքում»:

Ամեն ինչ իրա կարգն ու հերթականությունն ունի՝ քողը գցել, դուխի ցանել, հետո փեսային են կանչում, հետո կենաց… Մի խոսքով, վերջում, որպես կանոն, ուշացած հասնում են եկեղեցի: Իսկ եկեղեցում սեզոնին, այսինքն՝ ամռանը, արարողությունը տևում ա հինգ րոպե, իսկ հերթ չեղած ժամանակ՝ մոտ կես ժամ: Եկեղեցուց հետո անպայման բոլորով նկարվում են եկեղեցու դիմաց. տարբեր կոմպլեկտներով՝ քավոր, ընտանիք, վերևի ու ներքևի հարևաններ, ընկերներ, գյուղի բարեկամներ և այլն: Դրանից հետո էլ վերջապես գնում ենք ֆոտոսեսիայի: Մինչև ռեստորան հասնելը հարսն արդեն ուժասպառ ա, քանի որ առավոտից բան չի կերել ու 6-ից ոտքի վրայ ա: Նման դեպքերի համար ես միշտ մի բուռ չարազ եմ մոտս պահում: Ռեստորանի լավ կադրերից հիմնականում ամեն հարսանիքի էլ հանդիպող ակտիվ պարողներն են, զույգի պարն ա, տորթ կտրելը, տարոսիկ բաժանելը: Տորթից հետո արդեն էլ նկարելու բան չի լինում, քանի որ բոլորը բոլ-բոլ խմած են լինում:

Ամենահարսանեկան վայրեր
Ասում են՝ հարսանիքի լուսանկարներից ա կախված, թե հետո ոնց կհիշես հարսանիքդ: Եթե հարցին սենց ենք նայում, ուրեմն շատ կարևոր ա՝ որտեղ ես կազմակերպում հիմնական ֆոտոսեսիան: Իհարկե, երևանյան ամենատարածված վայրերից մեկը Սիրահարների այգին ա: Արդեն հանգիստ կարելի ա անվանափոխել Հարսանիքների այգի: Ֆոտոները էնտեղ լավ են ստացվում, քանի որ այգին շատ խնամված ա: Չնայած ես խուսափում եմ էնտեղ նկարելուց, քանի որ, որքան էլ փորձեմ, միևնույն է, կադրում բացի իմ հարս ու փեսայից ևս մինիմում երկուսն են խցկվում: Մենք, իրականում, շատ սիրուն տեղեր ունենք նկարվելու: Սիրված տեղերից ա Մանկական երկաթուղին: Չնայած էնտեղ տարածքը էնքան էլ խնամված չի, բայց կադրերը սիրուն են ստացվում՝ թունելի ու երկաթգծերի հաշվին: Նկարել եմ նաև Թումանյանի այգում, որ էլի ահագին խնամված ա: Բուսաբանական այգին էլ վերջերս հանրահայտ ա դարձել լուսանկարելու համար: Էլ չեմ ասում, թե ինչ սիրուն լուսանկարներ են ստացվում Հրապարակում, Կասկադում, քաղաքի այլ բարձրադիր վայրերում, որտեղից երևում ա ողջ Երևանը: Անգամ ձմռան ամիսներին շատ սիրուն ինտերյերներ կան՝ սրճարաններ, ռեստորաններ, որտեղ նույնպես կարելի ա շատ գեղեցիկ հարսանեկան ֆոտոսեսիա անել:

Տխուր հարսանիք
Մեր հարսանիքներից նաև մի քիչ տխուր բաներ պիտի պատմեմ: Նախ՝ հարս ու փեսան քնում են երկու ժամ հարսանիքին նախորդող գիշերը: Ու դրանից մոտ մեկ ամիս էլ նորմալ չեն քնում: Արդյունքում ես առավոտյան մտնում եմ հարսի տուն, հարսը չկա՝ էնքան հոգնած ա: Էդ շորն էլ որ հագնում ա, ոչ կարողանում ա նորմալ քայլի, ոչ հանգիստ շարժվի, էլ չեմ խոսում, կներեք, զուգարան գնալու մասին: Բայց ամենատխուրը մեր հարսանիքների մեջ էն ա, որ ամեն ինչ անում են նենց, ոնց «պետք ա»: Նենց հարսանիք անենք, որ ոչ թե մենք հաճույք ստանանք, ոչ թե մեզ լավ լինի, այլ որ հյուրերը գոհ գնան: Ու ողջ հարսանիքի ընթացքում փեսան հա հեռախոսով ա խոսում՝ տորթը բերե՞լ են, թե՞ չէ, քավորը ո՞ւր ա, էս մարդը որտե՞ղ ա նստելու և այլն: Ու զույգին ոնց նկարում եմ՝ հա մտահոգված են: Եթե ես չխառնվեմ կադրի մեջ, չփորձեմ ստեղծել տրամադրություն, չիմացողը կմտածի՝ թաղում եմ նկարել, ոչ թե հարսանիք:

Չափից դուրս ավանդական
Տխուր ու, պիտի ասեմ, որ անկապ են անցնում չափից դուրս ավանդական հարսանիքները: Ավանդական՝ բառի վատ իմաստով: Չնայած, էդ էլ ասեմ, որ իմ երեք տարվա փորձի մեջ դրական տեղաշարժ նկատում եմ: Երևանցիները սկսել են հրաժարվել մեր օրերում արդեն անհարմար ու անիմաստ դարձած ավանդույթներից: Ասենք, դեպք ա եղել, որ հարսը քաղաքի մի ծայրում ա, փեսան ուրիշ ծայրում ա, եկեղեցին բոլորովին ուրիշ ծայրում ա, ռեստորանն էլ եսիմ որտեղ ա: Եվ պատկերացրեք այս շրջագայության մեջ մի հատ էլ ուզում են հասնեն քավորին տնից վերցնեն: Հիմա հաշվեք քանի անգամ են տեղափոխվում քաղաքով՝ պիկ ժամերին, երկար ավտոշարասյունով: Խոսքը էս տեսակ ավանդույթների մասին ա:

Ամենակարևորը
Իմ համար հարսանեկան ֆոտոյի մեջ ամենակարևորը էմոցիաներն են: Կադրը, լույսը, տեղը՝ իրանց հերթին, բայց գլխավոր մեխը էմոցիաներն են՝ դրանք պիտի լինեն վառ ու անկեղծ: Նույնիսկ եթե գաղափարային ֆոտոսեսիա եմ անում, փորձում եմ ամեն ինչ անել, որ համապատասխան էմոցիան պահպանվի: Չնայած, ասենք՝ լինում են դեպքեր, երբ փեսայի կոշիկը ոտքը նենց ա սեղմում, որ էդ խեղճը բացի դժբախտությունից, ուրիշ էմոցիա չի կարող ձևացնի: Մի անգամ հենց տենց հարսանեկան շարասյունով գնացել ենք նոր կոշիկ ենք առել փեսայի համար ու հետո շարունակել ենք նկարահանումը:

Խորհուրդներ
Ես միշտ հարսանիքից առաջ հանդիպում եմ զույգի հետ: Ինձնից հաճախ որպես ար-դեն հարսանեկան էսքպերտ խորհուրդ են հարցնում: Ես միշտ ասում եմ՝ մի՛ ամուսնացեք օգոստոսին ու սեպտեմբերին, նախ՝ շոգ ա, հետո՝ բոլորը էդ ժամանակ են ամուսնանում, գումարած՝ եկեղեցիներում հերթ ա: Հարսանիքները կարող են լինել դեկտեմբերին, մարտին, անգամ մայիսին՝ ի դեպ, սիրուն ժամանակ ա ֆոտոսեսիայի համար: Մյուս խորհուրդն ա՝ անպայման հաց կերած գնալ նկարահանվելու: Միշտ ասում եմ՝ հարսանիքը ձեր համար ա: Հյուրերը կարան մի քիչ սպասեն, կես ժամ ուշ խորոված ուտեն: Բարի խորհուրդներից ա՝ փոքր տորթ պատվիրելը, քանի որ 3-րդ տաք ուտեստից հետո տորթի կեսը չի ուտվում: Հարսներին միշտ խորհուրդ եմ տալիս իրանց քիչ քսել: Էնքան են քսվում, որ տեսնում եմ՝ հազիվ եմ ճանաչում: Կարևոր ա, որ հարսը էդ օրը շատ գեղեցիկ ու ճանաչելի լինի: Փեսու գործը ավելի հեշտ ա՝ մի հատ կոստյում ա հագնում՝ պրծավ գնաց, իսկ հարսը, բնականաբար, ավելի շատ բան ա անում, ու իհարկե, հարսին ավելի շատ ես նկարում, քան փեսային ու նեղանալու բան չկա՝ հարսանիք ա, փեսանիք չի:

Հարսանեկան հուշեր
Ամեն հարսանիքից մի բան մնում ա հիշելու: Օրինակ, մի անգամ խմբակային ֆոտոյի ժամանակ բոլորին ծիծաղացնում եմ՝ սովորության համաձայն: Ծիծաղում են բոլորը, բացի հարսի հորից: Ասում եմ՝ ինչի՞ չեք ծիծաղում՝ ձեր աղջկա հարսանիքն ա: Ասում ա՝ «Մեր գործը ժպտալ չի սիրում»: Հետո մեկին քաշեցի, հարցրի՝ հարսի հերը ինչ ա, պարզվեց դատախազ ա: Մի ուրիշ անգամ էլ հարսանիքի երաժշտությունը էնքան բարձր էր, որ ես դուրսն էի նստել, հենց հայտարարում էին տարոսիկներ կամ մի ուրիշ հետաքրքիր բան՝ ներս էին գնում նկարում, էլի դուրս գալիս: Հետո մտածեցի, որ երևի հատուկ ականջակալներ պիտի պահեմ մոտս տենց դեպքերի համար: Ընդհանրապես՝ երաժշտությունն էլ ոչ պակաս կարևոր պահ ա հարսանիքներում: Օրինակ՝ մի անգամ երաժիշտները այդպես էլ չիմացա ում պատվերով կյանքից հեռացողի երգ էին երգում: Մի ուրիշ անգամ էլ փեսան ինձ նստացրել էր իրա կոլեկտիվի հետ: Էդ հարսանիքի ընթացքում մի հատ ռաբիզ երգ չէին միացնում, անգամ Թաթա: Բայց սեղանը, որի շուրջ ես նստած էի, Թաթուլի փիս երկրպագուներ էին ու հա՛ խոսում էին, թե բա՝ ո՞նց կլինի հարսանիք առանց Թաթուլ: Ես էլ դե ընդհանրապես հեռու եմ էդ կարգի երաժշտությունից, բայց որ հետ չմնամ բոլորից մի բան էլ մտածեցի ես ասեմ: Ասեցի՝ գոնե մի քանի հատ էլ Վլե դնեին: Մեկ էլ քար լռություն տիրեց, ողջ սեղանը ինձ ա նայում, սեղանի թամադան լուրջ դեմքով՝ «չէ, Վլեն արդեն շատ կլինի»:

Հարսանիքների հետաքրքիր արկածներ նաև կոլեգաներիցս եմ լսել: Մի անգամ հարսանիքից հետո պարզվել ա, որ հարսը կույս չէր: Իրան հետ են ուղարկել ու արդեն ո՛չ հարսանիքի լուսանկարներն են վերցրել, ո՛չ փողն են տվել: Մի ուրիշ անգամ էլ հարսանիքի ժամանակ հաղորդավարը խոսում ա ու առանց միկրաֆոնն անջատելու դնում ա սեղանին: Էդ պահին կեսուրն ա ներս մտնում երկու տղաների հետ, ու հարսը հարսնաքրոջ ականջին փսփսում ա՝ «օձը իրա ձագերով եկավ»: Ու էդ ասածը լսվում ա ամբողջ սրահով: Դե մնացածը դուք պատկերացրեք:

Պպզելու մասին
Շատ կարևոր ա ռեակցիան: Հարսանիքի ընթացքում ամեն ինչ տեղի ա ունենում կայծակնային արագությամբ ու երկրորդ անգամ էլ ոչ մեկ քո համար հարսանիք չի անելու ու եթե վատ նկարեցիր՝ վերջ, անցավ գնաց: Ու չզարմանաք, եթե ասեմ, որ հարսանիք նկարելը ծանր ֆիզիկական աշխատանք ա: Հենց սեզոնը սկսվում ա՝ ես սկսում եմ նիհարել: Հաշվել եմ՝ մի հարսանիքի ընթացքում մոտ 300 անգամ պպզում եմ: Կոմպոզիցիայի և համաչափության համար կարևոր է, որ լուսանկարիչը պպզած դիրքից էլ կադրեր անի: Հաճելի մասերից ա էն, որ սովորաբար կապվում եմ զույգի հետ, նրանք դառնում են իմ ընկերները: Ու, ի դեպ, ծանր եմ տանում, որ հանկարծ իմանում եմ, որ բաժանվել են:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով