13 Փետրվար 2014, 12:00
3036 |

Արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմը` Կաննի կինոշուկայում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հիշողության մեջ Ղարաբաղյան պատերազմի տարիներից մնացած մի շարք պատմություններ կան, որոնցից ցանկանում է ազատվել` կինոյի տեսքով դրանք պատմելով մյուսներին:

Ավետիսյանն Արցախյան պատերազմի մասին արդեն երկրորդ ֆիլմն է նկարահանել' «Թևանիկը», որը կյանքի է կոչվել հայ-լիտվական համատեղ արտադրությամբ: Ֆիլմի սցենարը գրվել է Առնոլդ Աղաբաբովի համանուն վիպակի հիման վրա: Ի սկզբանե նախատեսված էր կարճ ֆիլմ ստեղծել, սակայն դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ ռեժիսորը կերտեց ևս երկու պատմություն. արդյունքում ստացվեց 80 րոպե տևողությամբ լիամետրաժ ֆիլմ: Համապրոդյուսերն է Կեստուտիս Դրազդաուսկասը, երաժշտության հեղինակը' լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը։ Ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Գրետա Մեջլումյանը,Կարեն Ջհանգիրովը, Բաբկեն Չոբանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Արա Սարգսյանը, Արթուր Մանուկյանը…

Ֆիլմի հերոսները 14 տարեկան երեք երեխաներ են' Արամը, Աստղիկն ու Թևանիկը, որոնք՝ անկախ պատերազմի ելքից' կրում են պատերազմի հետևանքները:
«Ղարաբաղյան ազատամարտին անդրադարձ է կատարվել ականատեսի կողմից. ես պատերազմին չեմ մասնակցել, խրամատում, առաջին գծում չեմ եղել, բայց ես Ղարաբաղում էի ապրում: Դեպքերն ընթանում են Ղարաբաղի գյուղերից մեկում'պայմանական մի գյուղում, քանի որ դրանք կարող են տեղի ունենալ ցանկացած գյուղում: Ֆիլմի հերոսները հավաքական են, բովանդակությունն էլ իր հերթին ժամանկավրեպ չէ: Ժողովուրդները պատերազմի ընթացքում և պատերազմում են, և խոսում խաղաղության մասին: Ֆիլմը նայելուց հետո ցանկացած մարդ պետք է չուզենա պատերազմ»,-ասում է Ավետիսյանը:

Ռեժիսորի հավաստմամբ' իրենց խնդիրն էր, որ օտար հանդիսատեսը դիտի ֆիլմը և առանց Արցախյան հերոսամարտի մասին նախնական ինֆորմացիայի' հուզվի և հարց տա իրեն' մի՞թե աշխարհում նման բան է կատարվել և ես չգիտեի: Մյուս կողմից, ֆիլմը հայ հանդիսատեսին նույնպես խորհելու տեղիք կտա' Արցախում մենք այսպիսի՞նն ենք եղել:

Ավետիսյանը հուսով է, որ ֆիլմից ստացած զգացողությունները և մտքերը երկար մնալու հանդիսատեսի մեջ. «Ֆիլմը բազմաշերտ է, այսինքն' ամեն դիտելիս' նոր բան կբացահայտես քեզ համար: Թվում է' տանկի մեկ կրակոցը մեկ «հարց» է լուծում. մեկ կրակոցը բազում հարցեր է առաջացնում: Այնուամենայնիվ, ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը չի ընկճվի. հակառակը՝ պետք է ապրելու մեծ ցանկությամբ դահլիճից դուրս գա: Ամեն օր հիշում ենք նրանց, ովքեր խրամատում մնացին»:

«Թևանիկն» այս տարի կցուցադրվի Կաննի կինոշուկայում. ռեժիսորի կարծիքով' սա ճանապարհ է հարթելու ֆիլմի համար' այն Հայաստանի սահմաններից դուրս հանելու և տարածելու: Ջիվան Ավետիսյանը հավաստիացնում է' արվեստի գործը պետք է թևեր ունենա ու ճախրի, իսկ ռեժիսորն ընդամենը ճախրանքի համար հիմքեր պետք է ստեղծի. եթե ստեղծածն, իրոք, արվեստի գործ է, նրա ճախրանքը կանգնեցնել հնարավոր չէ:

«Թևանիկը» հայ հանդիսատեսի դատին կհանձնվի 2014-ի մայիսին:

Այս թեմայով