08 Հունվար 2014, 11:16
2220 |

Արտադրված է Հայաստանում

Ալվարդը, Նվարդն ու Գոհարը այսուհետ ոչ միայն աղջկա, այլ նաեւ հայկական լարային երաժշտական նոր գործիքի` բաս քանոնի անուններ են: Արտաքին տեսքից սովորական քանոնի մի փոքր մեծ տարբերակը հիշեցնող այս գործիքն իսկական հեղափոխություն է հայ երաժշտության ասպարեզում:

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ: Կոմպոզիտոր Արա Գևորգյանն իր հերթական ստեղծագործությունը որոշեց ձայնագրել 50 քանոնով: Ստեղծագործությունը ստացվեց, սակայն ինչ-որ բան այն չէր` քանոնի ձայնը չափազանց զնգուն էր` բասն էր պակասում: Կոմպոզիտորը դիմեց համակարգչի օգնությանը` ցանկալի արդյունք ստանալու համար ու հասկացավ, որ պակասն ամեն անգամ համակարգչով լրացնելը խնդրի լուծումը չէ: Պետք է նոր երաժշտական գործիք ստեղծել։ Կոմպոզիտորը նախ գտավ վարպետին` լարային գործիքներ պատրաստող  Ալբերտ Զաքարյանին, կիսեց մտահղացումն ու անցան գործի:

Որպես լարային նախատիպ վերցրեցին սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական գործիք կոնտրաբաս: Անհրաժեշտ էր ստեղծել հենց կոնտրաբասին փոխարինողին, որպեսզի հայկական ժողգործիքների անսամբլում միայն հայկական նվագարաններ հնչեն:

Նոր երաժշտական գործիքի հումքն էլ է յուրահատուկ: Արա Գևորգյանը բաս քանոնի փայտը հայթայթելու համար հասավ Սոչի: Վարպետի ցուցումներով այնտեղից բերեց Սև ծովի ափին աճող թխկու որոշ հատվածներ: Երկար հաշվարկներից ու չափումներից հետո վարպետն անցավ գործի: Ութ ամիս անց առաջին բաս քանոնը` Ալվարդը, պատրաստ էր։ Այսօր նոր բաս քանոնի պատրաստումը  հնարավոր է ընդամենը մեկ ամսում` վստահեցնում է Ալբերտ Զաքարյանը` ձեռքն արդեն սովորել է:

Հայկական անուններ տալու գաղափարը ծնվեց, որպեսզի գործիքի հայեցիությունը պահպանվի ու  հետագայում ոչ մի ազգ այն «իրեն» վերագրի: Բոլոր պատրաստված գործիքների համար նրանք հատուկ վահանակներ պատրաստեցին` բաս քանոնի անվանմամբ ու վերջում, անպայման` made in Armenia:

Վարպետ Ալբերտ Զաքարյանն արդեն 3 պատրաստի բաս քանոն ունի` Ալվարդ, Նվարդ ու Գոհար։ Նրանցից երկուսն արդեն գտել են իրենց հասցեատերերին: Մեկն էլ դեռևս Մանկավարժական համալսարանում է` ապագա քանոնահարները յուրացնում են նոր երաժշտական գործիքի նրբությունները: Արա Գևորգյանը վստահ է, որ մի քանի տարի հետո նաև բաս քանոնին տիրապետող երաժիշտների անհրաժեշտություն կլինի:

Վարպետն ու կոմպոզիտորը հաշվարկել են նաև բաս քանոնի արժեքը: Միայն ինքնարժեքը 2 000 ԱՄՆ դոլար է, սակայն հեղինակները, որոշել են դեռևս չվաճառել այն, այլ նվիրել Հայաստանի բոլոր ժողգործիքների անսամբլներին: Արա Գևորգյանը, սակայն ցավով է նշում` ոգևորվածություն չի տեսնում. «Բոլորը, կարծես, կասկածում են, չեն վստահում, բայց հուսով եմ շուտով կհասկանան, որ այս գործիքն անհրաժեշտություն է հայկական ժողովրդական անսամբլներում»:

Մինչև մեր հայրենակիցները կամուկացի մեջ են, Ռուսաստանում և Թուրքիայում բաս քանոնը արդեն շատերի ուշադրությունն է գրավել: Արա Գևորգյանն իր կոլեգաներից բազմաթիվ զանգեր է ստացել, վստահ է` շուտով նաև պատվերներ կստանա:

Պատվերներին մեծ ոգևորությամբ է սպասում նաև վարպետ Ալբերտ Զաքարյանը: Սակայն դրանից բացի նա նաև մեկ այլ մեծ ցանկություն ունի. իր հմտությունները ուզում է նոր սերնդին փոխանցել, որպեսզի հայկական երաժշտական գործիքները միշտ հայերը պատրաստեն: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո  հայկական նվագարաններ  պատրաստող հայ վարպետեր այլևս չեն լինի, մտահոգվում է նա։ Աշխատանքի նրբություններն ու գաղտնիքները նա գրառում է հատուկ տետրում` հույս ունենալով, որ մի օր այն ինչ-որ մեկին պետք կգա։

Այս թեմայով