19 Դեկտեմբեր 2013, 12:59
1729 |

Արվեստագետների բարի կամքը

Մի խումբ նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ համախմբվել են մեկ նպատակի շուրջ. օգնել իրենց արվեստագետ ընկերոջը՝ կազմակերպելով բարեգործական ցուցահանդես-վաճառք:

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այս օրերին արվեստի յուրօրինակ նմուշներն անհամբերությամբ սպասում են արվեստասեր այցելուին: Այստեղ այս մի քանի օրերի ընթացքում տիրելու է միմիայն դրական մթնոլորտ: Ցուցահանդեսի ընթացքում կգտնեք ոչ միայն նկարներ, այլև յուրօրինակ քանդակներ, կաշվե զարդեր, հետաքրքիր աքսեսուարներ և այլ ձեռքի աշխատանքներ:

Բացման արարողությունը նույնպես շատ յուրահատուկ էր: Ցուցահանդեսի հենց առաջին օրը այցելուն հնարավորություն ուներ ջութակի, կիթարի և թավջութակի ելևէջների ներքո ուսումնասիրել և ցանկության դեպքում գնել հայ երիտասարդների ստեղծած յուրօրինակ նմուշները: Կենդանի երաժշտությունը, արվեստասեր հասարակության ներկայությունը և փոքրիկ հյուրասիրությունը ցուցահանդեսի հաճելի մասն էին կազմում:

Սա այս տարի կազմակերպած արդեն 2-րդ ցուցահանդես-վաճառքն է, առաջինը նոյեմբերի 15–ին էր, որի ժամանակ վաճառվել է ընդամենը 6 նկար: Այս անգամ ակնկալիքներն այլ են: Վաճառքը նոր է սկսվել և ներկայացված են մոտ 50 նկարներ և ձեռքի աշխատանքներ: Ստացված հասույթը կտրամադրվի երիտասարդ նկարիչ Արմեն Բաբերցյանի վիրահատությանը:

Երիտասարդ արվեստագետը 26 տարեկան է: Ավարտելով Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջը՝ նա ցանկանում էր ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա, բայց հիվանդության բացահայտումից հետո չկարողացավ շարունակել կրթությունը: Այժմ աշխատում է Աբովյանի գեղանկարչական դպրոցում:Երիտասարդ նկարիչը նաև տաղանդավոր երաժիշտ է, կիթառ և դաշնամուր է նվագում՝ շատ հաճախ հենց ինքը գրելով երաժշտություն:

2 տարի առաջ էր, երբ նրա մոտ բացահայտեցին կոքսարթրոզ հիվանդությունը, որի հետևանքով այժմ նրա կոնքազդրային հոդերը մաշվել են, հարկավոր է անհապաղ վիրահատություն, որի արժեքն է 6 000 ԱՄՆ դոլար: Այժմ նրա բոլոր ընկերները և մի շարք այլ արվեստագետներ համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ որքան հնարավոր է շուտ հավաքել սահմանված գումարը: Երիտասարդ արվեստագետները կարծում են, որ պարզապես օգնություն խնդրելը վայել չէ, եթե նրանք կարող են հավաքել գումարը այլ ճանապարհով՝ վաճառելով իրենց աշխատանքները և գումարը նվիրաբերելով:

Ցուցահանդեսը բաց է ժամը 11:00 – 17:00 և տևելու է մինչև դեկտեմբերի 22-ը: Տոնական օրերին հիանալի հնարավորություն է գնել յուրօրինակ նվեր այս ցուցահանդեսից՝ գումարը նվիրաբերելով բարեգործությանը:

Այս թեմայով