06 Դեկտեմբեր 2013, 15:49
2104 |

«Գիրք մնացորդացը» փակի տակ է

Չարենցի անտիպ ժողովածուն հանված է վաճառքից, այն ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։ Չարենցի դուստրն անձամբ է ձեռնամուխ եղել, որպեսի ոչ ոք չկարդա այն։

Գրական աշխարհին վաղուց է հայտնի Եղիշե Չարենցի անտիպ ժառանգության մասին։ Նույն գրական աշխարհը քաջատեղյակ է, որ չարենցյան ձեռագրերի զգալի մասը 1930-ականների խառն ու խրթին ժամանակներում հայտնվել է բանաստեղծ Գևորգ Էմինի ձեռքում: Ինչպե՞ս. այդ պատմություններից լավ հոտ չի գալիս։ Հայտնի է, որ Չարենցի՝ բանտում եղած ժամանակ Գևորգ Էմինն այցելելիս է եղել պոետի հարազատներին՝ նրանց տուն։ Իսկ ձեռագրերը, բնականաբար, տանն են եղել, տնեցիներն էլ՝ ահաբեկված ու հուսալքված։

50 տարուց ավելի անտիպ մասունքների մասին Էմինը չի բարձրաձայնել, նույն վարքագիծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև որ 2000-ականների սկզբներին արտասահմանյան ամսագրերում հայտնվեցին ամերիկացի գրականագետ Ջեյմս Ռասելի հրապարակումները։ Նա տպագրում էր Չարենցի անտիպ ձեռագրերից հատվածներ՝ ընդ որում, կամայական վերծանումներով՝ կոպտորեն առանձնացնելով մասեր պոեմներից ու բանաստեղծություններից։ Այդ ժամանակ էլ պարզվեց, որ Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինն է Ջեյմս Ռասելին վաճառում Չարենցի ձեռագրերի պատառիկների պատճեները։ Թաքցնելն այլևս իմաստ չուներ. Էմինի տանը պահվում են Չարենցի անտիպները։ Երկարամյա բանակցություններից հետո Էմինի որդին համաձայնել է պետությանը վաճառել դրանց մի մասը։ Եվ 2010-ին գործարքը տեղի ունեցավ։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն անմիջապես հանդես է եկել նախաձեռնությամբ՝ զբաղվել Չարենցի ձեռագրերով, ուսումնասիրել ու վերծանել դրանք։ Մոտ 3 տարի նա թանգարանում նստած՝ խոշորացույցով փորձել է կարդալ պոետի գրվածքները, որոնք 80 տարի հետո, բնականաբար, դժվարընթեռնելի, քայքայված ու խունացած են եղել։ «Եղել են դեպքեր, երբ մի տառը ճշտելու համար 3 օր տանջվել եմ։ Դա անմարդկային, անտանելի չարչարանք էր»,- հիշում է գրականագետը։

Վերջապես 2012-ի գարնանը անտիպ ձեռագրերը տպագրվեցին մեկ ժողովածուում, որը Դավիթ Գասպարյանը վերնագրեց «Գիրք մնացորդաց»։ Գիրքը հրատարակվեց ընդամենը 500 տպաքանակով։ «Գիրք մնացորդացը» նախատեսված էր մասնագիտական նեղ շրջանակների համար, որպեսզի Չարենցի պոեզիայով հետաքրքրված գրողները, գրականագետները ճանաչեն Չարենց պոետի մյուս կողմը նաև։ Չարենցը մարդ է՝ բարդ ու հետաքրքրիր խառնվածքով։ Իսկ այդ գրքում նա հենց այդպիսին է լ ներկայանում և ընկալվում։ «Ես ապշած էի, հիացած նրանով. այդ տողերի մեջ առողջ, ուժեղ տղամարդն է՝ սիրո անթաքույց ու բաց զգացումներով, որն էրոտիկ պատկերներն անկաշկանդ է նկարագրում։ Նրա խոսքը հրացանի գնդակի ազդեցություն ունի, սուր քննադատության է ենթարկում ժամանակի ուռճացված դեմքերին, ծաղրում նրանց ապիկարությունը»,- պատմում է Դավիթ Գասպարյանը։

Գրքի տպագրումից հետո գրականագետի գլխին թափվեցին Չարենցի դստեր՝ Անահիտի լուտանքի ու դժգոհությունների խոսքերը։ «Բայց թե ինչից էր դժգոհ Անահիտը, այդպես էլ չհասկացա։ Ոչ մի կոնկրետ բան չի ասում՝ ինչը դուր չի գալիս նրան, այն, որ վերծանել ու հրատարակե՞լ եմ իր հոր ձեռագրերը, թե՞ որ Չարենցը բաց ու ազատ է գրել,-ասում է Դավիթ Գասպարյանը,- փաստն այն է, որ «Գիրք մնացորդացը» փակի տակ է»։

Ժողովածուն հանված է վաճառքից, այն ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։ Չարենցի դուստրը ձեռնամուխ է եղել, որպեսի ոչ ոք չկարդա այն։ Ո՞րն է պատճառը, ինչի՞ց է բխում նման որոշումը, և ո՞վ իրավունք ունի արգելել արդեն տպագրված գիրքի հանրահռչակումը։ Իսկ ո՞վ է ասում, որ այդ ժողովածուն ստվեր կգցի Չարենց պոետի ու մարդու նկարագրի վրա։ Ամեն ինչ իդեալականացնելու, բյուրեղացնելու սովետական մարմանջը շարունակվում է նաև հիմա։ Ի՞նչ է՝ Չարենցը մեզ նման մարդ չէ՞ր։ Նա չի՞ ունեցել զուտ մարդկային թուլություններ, թեկուզ անկառավարելի զգացմունքներ, բռնկումների պահեր։
Գրականագետ Դավիթ Գասպարյանն անհանդուրժողականության ու մերժումի նման դրսևորումն առնվազն զավեշտ է համարում։ Ու հիշեցնում. Չարենցը նախ և առաջ մարդ էր։

Այս թեմայով