20 Նոյեմբեր 2013, 12:13
2655 |

Բեմում Զանգերն են

Խումբը հավաքվեց կարճ ժամանակում, սկսեցին միասին փորփրել, պատահականությամբ ու երևակայությամբ բացահայտել զանգերի գաղտնիքները:

Մետաղական խողովակաձև գործիք՝ փոքրիկ մուրճիկով, որի թեթև շարժումից անգամ մեղմ հնչյուն է ծնվում. «Զանգակներ» խմբի ղեկավար սիրիահայ Շահե Քեշիշյանն այս գործիքի մասին շատ բան չգիտի: 2005-ին Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը համերգներով Հայաստանում էր, հետո իրենց գործիքները նվիրեցին Արարատյան հայրապետական թեմին, դրանց գործածության մի քանի մեխանիզմ բացատրեցին ու հեռացան: «Լավ իմաստով՝ փաստի առաջ կանգնեցինք»,-ժպտում է Շահեն ու շարունակում պատմել՝ կարճ ժամանակում խումբ հավաքեց, գործիքին պարզ անվանում տվեց՝ «զանգակ», ու սկսեցին միասին փորփրել, պատահականությամբ ու երևակայությամբ բացահայտել դրա գաղտնիքները:

Զանգակներից յուրաքանչյուրը մեկ նոտա է նվագում: Ընդհանուր առմամբ՝ դրանք համապատասխանում են դաշնամուրի 3 օկտավային: Երաժիշտներից յուրաքանչյուրը 2 ձեռքով միաժամանակ 2 նոտա կարող է նվագել, բայց ընթացքում նաև փոփոխում են զանգակները: «10 երաժիշտ ունենք: Կախված ստեղծագործության բարդությունից՝ երբեմն մի քանիսն անգործ են մնում, երբեմն էլ չենք տեղավորվում ու ես էլ եմ նվագում»,-ասում է Շահեն:

«Զանգակեր»-ի երգացանկը բազմազան է: Սա էլ, այսպես ասած «անգիտության» դրական կողմն է: Որևէ մեկը չէր ասել, թե ինչ կարելի է նվագել այս գործիքներով, սկսեցին Կոմիտասի երգերից: Վատ չստացվեց, անցան դասական ստեղծագործություններին, հիմա նաև ջազ, փոփ երաժշտություն են նվագում, Աստոր Պիացոլլայի տանգոները: «Կարելի է ամեն ինչ էլ նվագել, իհարկե հաշվի առնելով գործիքի հնարավորություններն ու բնավորությունը: Զանգակները շատ բարի, լուսավոր հնչյուններ ունեն, ագրեսիվ երաժշտություն էս գործիքներով նվագել հնարավոր չէ»:

Միօրինակությունը կոտրելու ու հնչողությունը գունավորելու համար՝ զանգակները պարբերաբար հանդես են գալիս երգչախմբի, ֆլեյտայի, տավիղի և այլ գործիքների հետ միասին:

Սոնա Ենգիբարյանը «Զանգակներ»-ի հնաբնակներից է՝ հիմնադրման օրից խմբի կազմում է: Տավիղահար աղջկա համար զանգակ նվագել սովորելը ոչ այնքան երաժշտական, որքան ֆիզիկական դժվարություններ ստեղծեց: «Առաջին օրերին ձեռքերս բռնվել էին: Թեև գործիքները ծանր չեն, բայց երևի ձեռքի չօգտագործվող մկաններն էի օգտագործում»,-ժպտում է Սոնան ու հավելում՝ այս գործիքները մանկական անմեղություն ունեն:

«Զանգակներ»-ը հաճախ չեն հնչում բեմերից: Խմբի ղեկավարը պատճառները լավ գիտի: Մինչև անցյալ տարի ինքը Սիրիայում էր բնակվում, ու միայն մի քանի ամսով էր Հայաստան գալիս: Խմբի կազմն է հաճախ փոփոխվում. աղջիկներն ամուսնանում են, երեխաներ ունենում: Նաև դժվար է առանց հովանավորի ու եկամուտի խումբը պահել: Պարապում են շաբաթը 2 օր՝ աշխատանքից հետո: Հիմա պատրաստվում են դեկտեմբերի վերջին կայանալիք մենահամերգին, մտածում են շարունակել բարեգործական ծրագրերը: Խոստանում են՝ զանգակների ձայնն ավելի հաճախ ենք լսելու:

Այս թեմայով