Նկարիչ Արմեն Ամիրախյանը համոզված է՝ ամեն մարդ չէ, որ կարող է զգալ գույնը: Այն ի ծնե է տրվում: Նրա աշխատանքի հիմքը իմպրովիզն է:
Երբեմն կանգնում եմ սպիտակ կտավի առջև նախօրոք իմանալով՝ ինչ եմ նկարելու: Այդ ժամանակ գիտեմ նաև՝ ինչ գույներ եմ օգտագործելու: Երբեմն գույնն է թելադրում պատկերը, երբեմն' հակառակը: Հիմնականում սկզբում նկարում եմ մուգ կապույտ կամ շագանակագույն երանգներով:
Վերջին աշխատանքներիցս մեկում համադրել էի շատ վառ գույները, պայմանական բնանկար էի ուզում ստանալ: Արդյունքում այդ նկարը ինձ ոչ մի կերպ չէր համոզում, վերձրեցի սև գույնն ու «քանդեցի» պատկերը: Այդ ընթացքում լիովին նոր գաղափար ծնվեց ու, կարելի է ասել, որ հենց սև գույնը փրկեց աշխատանքս:
Ինքս ինձ ու աշխատանքներս դեղին գույնով կբնութագրեմ, այս պահին դեղինի հոգեվիճակում եմ: Այն արևի, կյանքի ու հույսի գույնն է: Բայց եթե ինքնանկար անեի, դեղինը չէի օգտագործի: Ի դեպ, մինչև այսօր ինքնանկար չունեմ, որովհետև չեմ պատկերացնում՝ ինչ գույնի է լինելու:
Արվեստը քառակուսիներ կամ օրենքներ չունի, դրա համար գույներին բնորոշումներ չեմ տալիս: Նույն դեղինը կարող է սեր կամ ագրեսիա արտահայտել, նայած թե որ գույնի կողքը կհայտնվի: Կտավներում ու կենցաղում օգտագործվող գույները լիովին տարբերվում են: Երբեք չեմ կրի կարմիր, կամ դեղին գույները, բայց հաճախ եմ օգտագործում դրանք կտավում:
Որևէ գնորդ ինձ չի կարող թելադրել, թե որ գույնը ընտրեմ: Փառք Աստծո, մինչև այսօր ես եմ թելադրում աշխատանքներիս թեման ու գունային գաման:
Հենց հիմա փակում եմ աչքերս ու տեսնում եմ մանուշակագույնը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի հետ կապեմ, հավանաբվար այն նկարից է, որ դիմացս է կախված: Մանուշակագույնը երազկոտ, հեքիաթային գույն է, ավելի վերացական, հեռու առօրյա կյանքից:
Երևույթները ինձ համար գունավոր են, հաճախ ռեակցիաներս գույներով են արտահայտվում: Օրինակ՝ երբ լսեցի Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրը, մուգ գույներով մի նկար նկարեցի: Գուցե պարզունակ հնչի, բայց այդ նկարում գերակշռում էին սևն ու մուգ կապույտը:
Երևանը ինձ համար բազմագույն է՝ ամեն հատված իր գույնն ունի: Բայց անկեղծ ասած՝ Երևան ասելիս մտքիս է գալիս ոչ թե քաղաքի ճարտարապետությունը, այլ մարդիկ: