01 Նոյեմբեր 2013, 11:33
3215 |

Գործիքավորում

Թավջութակահար Մանուկ Հարությունյանը 1988-ին ստեղծել է մանջութ զարմանալի գործիքը, որի հնչերանգը միաժամանակ հիշեցնում է մարդկային ձայն, քամանչայի տխուր հառաչանք ու թավջութակի խուլ տենոր: Բացի այդ, արդեն երկար տարիներ նա հայկական ժողովրդական գործիքների եզակի հավաքածու է կուտակում, որում հազվագյուտ հին նմուշներ կան:

Հավաքածուի ակունքները
Իմ հետաքրքրությունը ժողգործիքների հանդեպ սկսվել է դեռևս 1980-ականներին: Այդ ժամանակ ես «Կռունկ» պարային համույթի կոնցերտմեյստերն էի և հաճախ էի հանդիպում լավագույն վարպետների հետ, ովքեր աչքիս առաջ վերականգնում էին զանազան հայկական գործիքներ: Ես սկսեցի աշխատել նրանց հետ. շատ հետաքրքիր էր իմանալ վերականգնման արվեստի բոլոր նրբությունները: Եվ աստիճանաբար սկսեցի ինձ համար բացահայտել մեր ժողովրդական նվագարանների ողջ հարստությունը, ձայնի գեղեցկությունն ու հսկայական բազմազանությունը: Ես շրջել եմ ողջ Հայաստանով, և յուրաքանչյուր ուղևորություն ինձ համար ժողովրդի ինչպես երաժշտության, այնպես էլ հոգեբանության և հոգու նորանոր սահմաններ էր բացահայտում: Չզգալով և չիմանալով այդ ամենը՝ անհնար է ժողովրդական երաժշտություն կատարել: Հենց այդ ժամանակ էլ մտքումս ծագեց հնագույն գործիքների եզակի նմուշները հավաքելու գաղափարը: Շատերը վատ վիճակում էին և վերականգնման կարիք ունեին:

Հիմնականում մեզ հասել են VII-XX դարերի հայկական երաժշտական գործիքներ: Մինչդեռ շատ գործիքներ, որոնք ներկայացված են հին հայկական ձեռագրերում կամ մանրանկարներում, անդառնալիորեն կորսված են' ֆիզիկապես գոյություն չունեն: Ցավոք, շուտով կարող ենք կորցնել նաև ժողգործիքների այլ տեսակներ, որոնք այսօր կան, բայց շատ քիչ են կիրառվում: Դրանք այլևս չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին, և երաժշտական դպրոցներում չկան այդ գործիքները նվագելու դասընթացներ: Մինչդեռ երաժշտությունն ու ժողովրդական նվագարանները մշակույթի հիմքում են ընկած:

Ջութ
Ջութը (տարբեր ժամանակներում այն անվանել են նաև քեմալի, քեմալչա) հնագույն հայկական լարային գործիք է, որը թե՛ հայկական լարային գործիքների, թե՛ եվրոպական ջութակի ու թավջութակի նախնին է: Ես իսկական ջութ եմ պատրաստել, որը ճիշտ և ճիշտ կրկնում է հնագույն գործիքի հնչերանգն ու չափսերը: Բայց հետո առաջ եկավ այն մի փոքր փոխելու միտքը: Աչքովս ընկավ չելլո պիկկոլո («փոքրիկ թավջութակ») հնգալար գործիքը, որը պատրաստվել է Յոհան Սեբաստիան Բախի պատվերով: Այն ինձ հետաքրքիր թվաց, և ես որոշեցի նման մի բան ստեղծել: Նոր գործիքը՝ մանջութը, նույն չափի էր, ինչ չելլո պիկկոլոն, բայց այլ տեսք ուներ: Այն նման է թավջութակի, բայց ավելի փոքր է, իսկ թավջութակին հատուկ սուր անկյունները հարթեցված են: Մանջութն ունի չորս լար: Ես այն ստեղծել եմ իմ լավագույն վարպետներից մեկի՝ Հրանտ Շտիկյանի հետ, որին հաջողվել է անսովոր ու հագեցած հնչողություն ստանալ: Միգուցե դա հաջողվել է այն բանի շնորհիվ, որ նա գործիքի կոթում օգտագործել է փայտի մի կտոր, որը հեռավոր Արևմտյան Հայաստանից բերել է նրա տատիկը… Իսկ ընդհանրապես մանջութը պատրաստված է զանազան ծառատեսակներից՝ եղևնուց, տանձենուց և ընկուզենուց:

1989 թվականին ես առաջին անգամ ներկայացրեցի մանջութը Կանադայում կայացած համերգի ժամանակ: Հիմա միայն դա եմ նվագում, ներ-կայացնում եմ հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտությունը տարբեր երկրներում: Այդ թվում Թուրքիայում՝ Իգդիրում ու Վանում, ինչպես նաև ելույթ եմ ունեցել Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցու խաչի օծման արարողության ժամանակ: Շուտով լույս կտեսնի իմ առաջին անհատական ձայնասկավառակը՝ հոգևոր և միջնադարյան երաժշտության կատարումներով:

Թավջութ
Հաջորդ փորձը թավջութն էր, որն արդեն հինգ լար ունի, և ևս մի գործիք: 2012 թվականին Կորեայում ֆոլկլորային երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ, որտեղ մենք ներկայացնում էինք Հայաստանի երաժշտությունը, գործիքներն ու պարերը, իմ ելույթը լսեցին Kalan Musik թուրքական երաժշտական ընկերության ներկայացուցիչները: Նրանց շատ դուր եկավ մանջութի հնչերանգը, և ինձ առաջարկեցին այլ երաժիշտների հետ համատեղ ձայնասկավառակ թողարկել: Այն հետաքրքիր է նրանով, որ մենք կարծես թե զուգահեռ ենք անցկացրել Բախի և Իտրիի՝ Բախի ժամանակակից կոմպոզիտորի միջև, որն ապրել է Արևմտյան Հայաստանում: Հետաքրքիր էր կոնտրաստի զգացողությունը և միևնույն ժամանակ երկու այդքան տարբեր կոմպոզիտորների երաժշտության ինչ-որ նմանությունը: Kalan Musik-ի ղեկավարն ինձ ցույց տվեց ջութի հնագույն պատկերը քարի վրա, որը հայտնաբերել են Նոր Ջուղայում: Եվ ես այն ճշգրտությամբ վերստեղծեցի: Ես այն նվիրեցի Kalan musik ընկերությանը՝ որպես հնագույն հայկական երաժշտական գործիքի նմուշ:

Թանգարան
Այսօր իմ հավաքածուն ավելի քան 200 գործիքներից է բաղկացած: Մի մասը պահվում է տարբեր տեղերում, բայց ոչ մի տեղ չի ցուցադրվում. դրա համար մեծ թանգարան է պետք: Հնագույն ժողնվագարանները, ինչպես և երաժշտությունը, մշակույթի ամենագլխավոր բաղկացուցիչներից են: Կորեայում փառատոնի ժամանակ որոշ մասնակիցներ ու հանդիսատեսներ զարմանում էին՝ տեսնելով մեր ժողովրդական գործիքները, օրինակ՝ թառը: Նրանք համոզված էին, որ դա ադրբեջանական գործիք է: Մի խոսքով՝ որպեսզի աշխարհում իմանան և լավ հասկանան հայկական մշակույթը, արժե այն ներկայացնել ոչ միայն գրականության և խոհանոցի միջոցով:

Կուզենայի հնագույն հայկական գործիքների թանգարան ստեղծել, որը կներկայացներ մեր երաժշտությունը, գործիքների պատմությունը և շատ այլ բաներ՝ այն ամենը, ինչ առայժմ գիտեն միայն մասնագետները: Դա պետք է լինի մի շենք, որտեղ կլինեն ցուցասրահներ հավաքածուի նմուշների (լարային, կսմիթային, փողային ու հարվածային) համար, սրահ, որտեղ կարելի է տալ համերգներ և գործնականում ցույց տալ յուրաքանչյուր անսովոր ու հետաքրքիր ցուցանմուշ: Բոլոր այդ սրահները պետք է յուրահատուկ սարքավորումներ ունենան. երաժշտական գործիքները, ինչպես և ցանկա-ցած ցուցանմուշ, պահպանման հատուկ պայմանների կարիք ունեն: Եվ, իհարկե, պետք է լինի արհեստանոց վնասված գործիքների նորոգման կամ վերականգնման համար. չէ՞ որ թանգարանի հավաքածուն կարող է շարունակ համալրվել: Նման թանգարանի ստեղծումը, թերևս, իմ կյանքի գլխավոր նպատակն է: Մեծ հույսեր ունեմ, որ մի օր կիրականանա:

 

Ջութ և մանջութ
Հայկական ժողովրդական գործիքներ
Հայկական ժողովրդական գործիքների նվագախմբում կան գրեթե բոլոր խմբերը՝ լարային, փողային, հարվածային: Ամենահայտնին դուդուկն է, որը հայտնագործվել է դեռևս ուրարտական թագավորության օրոք: Հարվածայինների խմբի գլխավոր գործիքը դհոլն է: Ամենատարածված լարային գործիքներն են սազը, թառը, ուդը, քամանչան և քանոնը: Սազը հնագույն գործիքներից մեկն է: Դրա պատկերները հանդիպում են արքաների և ազնվականության գերեզմաններին: Այն ջերմ, ռիթմիկ հնչողություն ունի և թափառական երաժիշտների, աշուղների ավանդական գործիքն է: Թառը վինի տարատեսակ է՝ երկար կոթով և կաշվով պատված առջևի դեկայով: Թառի հայրենիքը Արևելյան Հայաստանն է: Ուդը եվրոպական վինի նախատիպն է, փափուկ, կամերային հնչողություն ունի: Քանոնը ծնկի տավիղների խմբին է պատկանում: Այսօր այն համարվում է կլավեսինի և դաշնամուրի նախնին: Հնչյուններն արձակվում են կնտնտոցի միջոցով: Քանոնը ստեղծվել է Արևմտյան Հայաստանում:

Փողային նվագարաններից, բացի դուդուկից, առավել հայտնի են զուռնան և շվին: Զուռնան կտրուկ, զրնգուն է հնչում, շատ ավելի էքսպրեսիվ, քան հոբոյը (անգլիական եղջրափողը), որի հետ ընդունված է համեմատել այդ գործիքը: Զուռնան առաջին անգամ հիշատակվում է IX դարում «Սասնա ծռեր» էպոսում: Շվին ամբողջական փայտի կտորից պատրաստված փողային գործիք է, որը պատկանում է սրինգների խմբին: Բնութագրվում է մաքուր, գրեթե թափանցիկ հնչողությամբ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N4, 2013

Այս թեմայով