Նրա նկարներում գերակշռում են դեղնա-շագանակագույն երանգները: Արվեստում սիրում է ագրեսիան, քանի որ կարծում է՝ հենց ագրեսիվ նկարները կարող են փոխանցել իսկական կյանքի համը:
Առաջին ու հիմնական գույնը ծնվում է բազմաթիվ գույների քաոսից: Նկատել եմ, որ սկսում եմ նկարել սպիտակով, այն կոնկրետ ծավալ ու որակ է ստեղծում, որը հետագայում որպես հիմք է ծառայում: Հենց սպիտակն է թելադրում, թե որ գույներով կկառուցվի նկարը:
Մի անգամ պատվեր ունեի' Լենինի դիմանկարն էի նկարում: Կանաչ գույնը փչացրեց ամբողջ պատկերը: Ստիպված էի զրոյից նորից նկարել:
Գույների ընտրությունը կախված է գնորդի կարծիքից ու ճաշակից: Նկատել եմ, որ բաց գույների նկարները ավելի հաճախ են գնորդների հավանությանն արժանանում: Իհարկե, կան արվեստի իրական գնահատողները, որոնք հասկանում են՝ անկախ գունային գամմայից կտավը կարող է ինֆորմացիայի կրող լինել: Օրինակ՝ Մալևիչի «Սև քառակուսին», որն աշխարհում ամենահայտնի ու որակյալ արվեստի գործերից է:
Ֆրիանսիայում ապրելու և ստեղծագործելու տարիներին սկսեցի ձիեր նկարել: Պատրիկ Ժիգու անունով մի արվեստագետ նկատեց, որ կտավներումս ձիերն ագրեսիվ էին ստացվում, ինձ խորհուրդ տվեց, որ կարողանամ գույներով էլ ավելի ընդգծեմ ագրեսիան: Իսկ դա կարելի է արտահայտել միայն կոնտրաստի միջոցով՝ սև ու սպիտակ, դեղին ու մանուշակագույն:
Հիմնականում խառնում եմ գույները հենց կտավի վրա, որովհետև ներկապնակի վրա դրանք հաճախ կորցնում են իրենց ինտենսիվությունը: Կտավը այնքան հզոր է, որ կարող է փոխել գույնի երանգը: Նույնչափ կարևոր է նկարչի հմտությունն ու տաղանդը:
Մի անգամ հետևում էի, թե ինչպես են նկարում երկու նկարիչ: Մեկը ներկապնակի վրա ուներ բոլոր գույները, մյուսը՝ միայն երեք գույն: Արդյունքում երկրորդ նկարիչը ավելի տպավորիչ նկար ստացավ, քան առաջինը:
Երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ կարմիր գույնը: Ես մարդկանց գույներով եմ տեսնում, դա երևի մասնագիտական է: Բայց երբևէ չի եղել, որ օրինակ՝ մեկին տեսնեմ մանուշակագույն գույնի երանգներով ու չսիրեմ: Մարդուն կարող ես տեսնել սև գույներով ու սիրել, կարող ես տեսնել բաց գույներով ու ատել:
Երևանը ինձ համար կանաչ է, որովհետև պատուհանիցս իմ առջև բացվում է մարզահամերգային համալիրի դիմացի այգու կանաչը: Ես հենց այդպես կնկարեի Երևանը: