Ծովինար Լոքմագյոզյանը արդեն 15 տարի թղթակցում է «Ակօս» շաբաթաթերթին: Այս ընթացքում լույս է տեսել մոտ 650 գրություն՝ մտքեր-մտորումներ, աֆորիզմներ, ինչպես նաև հեքիաթներ:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ծովինարը' ի վերուստ օժտված ձայնային լավ տվյալով, 30 տարեկանում որոշեց ընդունվել կոնսերվատորիա: «Ընդունվեցի հանճարեղ Գոհար Գասպարյանի դասարան, որտեղ հանդիպեցի Տիրան Լոքմագյոզյանին: Նա Ստամբուլից Հայաստան էր եկել ստաժավորման: Տիրանը կարծես Պոլսից եկած առաջին ու միակ փրկված հայը լիներ. բոլորը նրան նայում էին ինչպես չմորթված մի մարդու: Ես դարձա նրա կինը»: Ամուսինները թեև սկզբունքորեն չէին ցանկանում լքել հայրենիքը, սակայն 1993-ին, այնուամենայնիվ, չդիմացան ու մութ Երևանից տեղափոխվեցին լուսավոր Ստամբուլ: Ծովինարն արդարանում է. «Ամուսնուս ծնողներն այնտեղ էին բնակվում: Մենք սպասում էինք երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն: Հեռացանք Հայաստանից: Օտար ապրելակերպին հետևելու արդյունքում սկսեցի գրառումներ կատարել»:
Գրող Երվանդ Կոպելյանն, ով այդ տարիներին «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էր, Ծովինարին հատկացրեց մի սյունակ, որը պետք է լրացներ յուրաքանչյուր երեքշաբթի: Որոշ ժամանակ անց Կոպելյանն օրաթերթում գրեց. «Ծովինարը կկարդա՞ք: Այս սյունակին հյուրը' իսթանպուլահայերուն հայաստանցի հարսը, բոլորէն սիրուած երգչուհին, կռունկ մըն է Հայոց Երկրէն եկած: Նա երևույթ մըն է իսթանպուլահայ գրական կեանքին մէջ: Կարդացեք իր գրությունները, և հոն պիտի գտնէք քիչ մը ամէն բան՝ կինը, մայրը, մարդը, հայը, արվեստագէտը, գրագիտուհին ու փիլիսոփան: Նա կը մարմնավորէ հայ ժողովուրդին կամքը ' տոկալու և ապրելու: Ծովինարը կարդացէ՛ք...»:
Ծովինարին Պոլիսում սիրեցին: Երբ մի անգամ ամուսնու և դաշնակահար Սայաթ Զամանի ընկերակցությամբ ցնցող համերգ ունեցավ, հարյուրավոր ունկնդիրներ շարքում էր նաև Հրանտ Դինքը: «Երբ ես ծանոթացա Հրանտի հետ, նա ինձ արդեն հինգ-վեց տարի է' ճանաչում էր: Հրանտը ոչ թե հայ համայնքի ներկայացուցիչ էր, այլ դուրս էր այդ սահմաններից: Նա միայն գենոցիդի մասին չէ, որ բարձրաձայնում էր, այլ առհասարակ պետական դիրքորոշմանն էր դեմ: Նա խոսում էր դպրոցներում ուղեղների լվացման մասին, համարձակվում էր ասել, որ թուրքական քարոզչամեքենայի գաղափարախոսության հիմքում բացարձակ սուտն է: Դինքը մեծագույն հումանիստ էր. չէր ատում թուրքին, սիրում էր ապրել Թուրքիայում, իրեն էլ համարում էր թուրքիացի' Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ' հայ»,- հիշում է Ծովինարը: Ինքը՝ Ծովինարը, Դինքի մասին ասում է' ազգությամբ' հայ, հպատակությամբ' թուրք, պատկանելիությամբ' երկիր մոլորակ: «Հրանտը լավ գիտեր' ինչ է անում և ինչ գին է վճարելու արածի համար: Նրան բազմիցս էին սպառնացել, քաղաքապետարան էլ էին կանչել և զգուշացրել, որ լինելով այդքան համարձակ' կարող է ժողովրդին իր դեմ լարել»:
Երբ Ծովինարը խոսում էր իր և Հրանտ Դինքի առաջին հանդիպման մասին, անհնար էր նրան ընդհատել: Աչքերում այնքան փայլ կար, մտքերը՝ հախուռն ու ցիրուցան էին, ասես ուզում էր պատմել հնարավոր ամեն ինչ՝ Դինքի ետ կապված: Մնում էր միայն ուշադիր լսել: «Երբ Հրանտին սպանեցին, տպավորություն էր, թե քաղաքը սպանվեց: Հրանտին խրատում էին՝ հոս Թուրքիա է, հոս կը նստիս, կուտիս, կը խմիս, ամա խոսիլ' ո՛չ: Իսկ Հրանտը չէր կարող չխոսել, անձայն ապրել»: Նորից վերադարձ համերգին: «Գրածներիս վերաբերյալ գեղեցիկ և շփոթեցնող խոսքեր ասաց: Ավելին՝ «Ակօս» շաբաթաթերթում իմ ձեռագիրը տեսնելու ցանկություն հայտնեց»:
Այժմ Ծովինար Լոքմագյոզյանն ապրում է Երևանում, շարունակում թղթակցել «Ակօսին»: Խոստովանում է' լրագրության մեջ իրեն բացարձակ չի հետաքրքրում տեղեկատվական կողմը, այլ միայն' թե ինչ արձագանք է գտնում այն ի՛ր սրտի մեջ, հակառակ դեպքում գրությունը չի հասնի ընթերցողի սրտին: Նա նաև խոստովանում է, որ իր գրությունների մեջ առկա է նաև երաժշտական ռիթմը. կարևորում է հատկապես վերջավորությունները՝ ինչպես վերջին ակորդը երաժշտական ստեղծագործության մեջ: