Կոմպոզիտոր, թավջութակահար, նաև՝ խմբավար Գրիգոր Առաքելյանը հին հայկական ընդհատված մշակույթի ու երաժշտական արվեստի կրողն է: Նա 1991-92 թթ. հիմնադրել է «Փյունիկ» ազգային նվագարանների համույթը, որը համերգներ է ունեցել Շվեյցարիայում, ֆրանսիայում, Լոնդոնում: 2004-ին հիմնադրել է «Օշական» համույթը, որը համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներով՝ շուրջ 80 համերգներ ունենալով միայն ֆրանսիայում: Գրիգոր Առաքելյանը նաև վարպետաց դասեր և դասախոսություններ է անցկացրել ֆրանսիայում, մասնակցել հոգևոր երաժշտության բազմաթիվ փառատոների Քվեբեկում, Ֆեզում, Դիժոնում, Բոժոլեում:
Ի՞նչով էր պայմանավորված հոգևոր և ժողովրդական երաժշտությամբ Ձեր հետաքրքրությունը:
- Ժողովրդական երաժշտության անսամբլները ստեղծվել են խորհրդային տարիներին, և դեռ այն ժամանակ ես այդ մշակումների մեջ խնդիր էի տեսնում, հնչողությունը բնորոշ չէ հայկականին, դրանք եվրոպական, նաև ռուսական դպրոցի՝ դասական հարմոնիայի օրենքներով ստեղծված մշակումներ էին: Փառք Աստծո, Կոմիտասը հայ երաժշտության օրենքները գիտականորեն ֆիքսել է: Ես մտածեցի, որ այդ մշակումները կարելի է անել հենց այդ համակարգի մեջ: Իմ մոտեցումն էր փորձել ներթափանցել երգի բնույթի մեջ՝ սկսած իր աուրայից մինչև հարմոնիկ մտածողությունը:
Ի՞նչու ազգային երաժշտությունը՝ այդ թվում և հայկականը, որոշ մարդկանց մոտ առաջացնում է բուռն զգացողություններ, իսկ այլոց զգայարանների համար այն համր է:
- Հայկական երաժտության համակարգը դարերի խորքից է եկել, արմատացած է հայ մշակույթի մեջ, կրում է հայ ազգային գենի կոդը: Կոմիտասը գտավ այդ գենետիկ կոդը երաժշտության մեջ, մաքրելով տարբեր ազդեցություններից՝ դուրս բերեց հայ երաժշտության մայր եղանակները, սկզբնական տեսքը: Եվ հենց այդ երաժշտությունն է, որ կրում է այդ կոդը: Այդ պատճառով պետք չէ զարմանալ, երբ Կոմիտաս լսելիս որոշ մարդկանց մոտ արթնանում են որոշակի զգացումներ, նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր առաջին անգամ են լսում:
Իսկ սա նեղ ազգայի՞ն, թե՞ համամարդկային երևույթ է:
- Եղել են դեպքեր, երբ մեր Օշական համույթի համերգներից հետո ֆրանսիացիները մոտեցել են և ասել՝ մենք ուզում ենք հայ լինել: Սա, իհարկե, կատակի տեսքով: Բայց այն հանգամանքը, որ այլազգիները նույնպես ինչ-որ հարազատ բան են լսում այս երաժշտության մեջ, մտածելու տեղիք է տալիս. միգուցե կյանքը տարածվել է հենց Արարատյան դաշտավայրից: Եվ զարմանալի չէ, որ մեր երաժշտական համակարգի մեջ բոլոր ազգերի երաժշտական համակարգերը կան:
Ունենալով այդքան նմանություններ՝ թե մշակութային խաչասերումների արդյունքում, թե բուն կառուցվածքի մեջ, ի՞նչն է, որ ի վերջո տարբերակում է նմանատիպ մշակույթների ազգային երաժշտությունը:
- Որոշ գործիքներ, օրինակ ուդը կամ քանոնը, այլ մշակույթներում նույնպես տարածված են: Բայց եթե մենք նվագենք այնպես, ինչպես ուրիշները, չենք հարստացնի հայ մշակույթը: Պետք է գտնենք հային բնորոշ նվագելու ոճը, հնարքները: Նույն դուդուկը այլ ազգեր նույնպես ունեն, բայց հենց հայկական կատարման ոճն է հայտնի աշխարհում և սիրված բոլոր ազգերի կողմից: Իսկ, օրինակ, խորհրդային տարիներից սկսած անսամբլներում հնչող քանոնն ինձ ավելի շատ հիշեցնում է ռուսական բալալայկան: Բայց կա նաև կոմիտասյան մոտեցումը, որի կիրառման դեպքում քանոնը հնչում է միջնադարյան տավիղի նման, որը Հայաստանում եղել է: Եվ եթե քանոնն ընկալենք որպես տավիղ, առանձնահատուկ գույներ կստանանք, որը հային բնորոշ կլինի:
Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչպես ստացվեց անցումը միջնադարյան և ազգային երաժշտությունից դեպի բարոկ երաժշտությունը:
- Դեռ ուսանող տարիներին բախտ ունեցա շփվել Մոսկվայի հայտնի երաժիշտներ Տատիանա Գրիդենկոյի և Ալեքսեյ Լյուբիմովի հետ, որոնք ծանոթացրեցին բարոկ ոճին՝Եվրոպայում արդեն տարածված, բայց խորհրդային երկրներում չընդունված: Այսօր այդ ոճն ավելի հեշտ է ընդունվում, որովհետև երաժիշտները գիտեն՝ հնարավոր չէ դրանից զերծ մնալ: Բայց, օրինակ, այստեղ կոնսերվատորիայի ուսանող երգիչները այդ ոճով երգեցողություն չեն կիրառում, քանի որ վախենում են ձայնը կորցնելուց, մինչդեռ Եվրոպայում պարտադիր ներառված է ուսումնական ծրագրի մեջ:
Այսինքն, աշխարհն այսօր վերադառնում է մաքուր ակունքներին, աուտենտիկ կատարման ոճին: Ի՞նչպես է այս գործընթացն ընկալվում մեր երաժշտական շրջանակներում:
- Այսօր աշխարհում կան օրենքներ միջնադարյան, վերածննդի, բարոկ երաժշտություն կատարելու համար, դրանք կատարողի ազգության հետ կապ չունեն, պարտադիր կանոններ են: Չի կարելի օպերային ձայնով կամ բելկանտոյով երգել որևիցէ ազգի երաժշտություն, ինչը մեզ մոտ հաճախ է հանդիպում: Բայց վստահ եմ, որ սա անցողիկ երևույթ է:
Ձեր գործիքը պատրաստված է հին հայկական վիոլայի սկզբունքով՝ հնի վերստեղծում է դա, թե՞ արդիականացում:
- Այս գործիքներն իմ առաջարկով պատրաստել է Մարտին Երիցյանը: Չէի ասի, որ մենք նոր բան ենք հորինել: Ճիշտ է, գործիքային հին, միջնադարյան արվեստը չի պահպանվել, բայց վոկալ արվեստից ելնելով, գիտելիքը և երևակայությունը գործածելով, կարող ենք ենթադրել՝ ինչպես կարող էր հնչել այս կամ այն նվագարանն այն ժամանակ: Բայց համոզված եմ, որ միայն ավանդույթը պահպանելով, այն երկար կյանք չի ունենա: Այս նվագարանը ես համարում եմ, որ ավանդականի նոր մոտեցում, որի միջոցով ավանդույթը նոր կյանք է ստանում:
Ձեր վերջին՝ Կանադայի համերգը մեծ հաջողություն ունեցավ: Ո՞րն էր գաղտնիքը:
- Կազմակերպիչները որոշել էին, որ Հայաստանի անկախության տոնը պետք է նշել դասական երաժշտության համերգով, ընդ որում ոչ հայ, բայց ճանաչված կատարողների մասնակցությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ հայ մշակույթը այդպիսով ինքն իր մեջ պարփակված չի մնում, տարածվում է այլոց մեջ: Մենք դիմեցինք Մոնրեալի երեք լավագույն երգչախմբերից մեկին՝ «Վիվա Վոչեին»: Նրանք մեկ անգամ արդեն Կոմիտաս երգել էին: Մեկ տարի պատրաստվել ենք այդ համերգին, բոլոր տեքստերը լատինատառ գրված ուղարկեցի, և, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են, ընդամենը երեք փորձից հետո ամեն ինչ իդեալական էր: Նրանք շնորհակալ և երախտապարտ էին, որ ես այս երաժշտության մասին իրենց տեղեկացրեցի: Շատ հաճելի է, երբ նման մոտեցում կա երաժիշտների կողմից: Իսկ երգչախմբի ղեկավար Փիթեր Շուբերտը համերգի վերջում հատուկ շեշտեց, որ սա իրենց համար սովորելու հրաշալի առիթ էր: