Բարձրահասակ, շիկահեր, կապուտաչյա 33-ամյա ամերիկացի Ջասթինը կարող էր հեշտ ու հանգիստ մարմնավորել Ռոբինզոն Կրուզոյին որևէ ֆիլմում, եթե, իհարկե, թուղթ ու գրիչը գերադասած չլիներ տեսախցիկից: Ու հիմա նա Երևանում է: Ջասթին Բրինը գրող է, եղել է աշխարհի 68 երկրներում ու դեռ երկար շարունակելու է իր ոդիսականը, քանի դեռ քարտեզն ամբողջությամբ իրենով չի արել: Նա ճամփորդում է իր սիրելի ուսապարկով և ավտոստոպով,աչքի տեսածը պատմում, հաճախ էլ՝ ցույց տալիս www.modern-o.com անձնական կայքում, որտեղ ունի հարյուրավոր պատմություններ տարբեր երկրներում լավ ու վատ օրերի, արկածների և սովորածի մասին: Հաջորդ պատմությունը լինելու է Երևանի ու երևանցիների մասին:
Ուսանողական տարիներին տեղական հեռուստաալիքներից մեկի համար հումորային սցենարներ էի գրում, զուգահեռաբար սովորում Creative Writing բաժնում: Առաջին անգամ լրջորեն մտածեցի գրելու մասին, երբ 1999-ին Ավստրալիայում ծանոթացա մի կանադացի երիտասարդի հետ: Նա ամբողջ գիշեր ուրախանում էր տեղական փաբերում, ապա գիշերում Օպերայի շենքի բակում: Նրա պատմությունը ոգևորիչ էր:
Ավստրալական համեստությունը
Ավստրալիայում հավանեցի մշակույթն ու մարդկանց համեստությունը: Այնտեղ մարդիկ հավասարության կողմնակից են: Օրինակ, այստեղ՝ Հայաստանում, կան մարդիկ, ովքեր կարող են հպարտանալ իրենց մեքենաներով, ունեցվածքով, այնտեղ նման բան չկա:
Իսլանդիայի աղջիկներն ու 22 բարը
Ավստրալիայից հետո երեք ամսով գնացի Իսլանդիա: Ծնողներս ինձ էլ չէին հովանավորում, ստիպված էի աշխատել: Լսել էի, որ Իսլանդիայում են ամենագեղեցիկ աղջիկները, տեղավորվեցի բարում աշխատանքի՝ մտածելով, որ կծանոթանամ նաև իսլանդուհիների հետ: Երբ ընկերներիս մոտ գլուխ գովացի՝ ասելով, որ 22 բարում եմ աշխատանքի անցել, նրանք ասացին, որ դա միասեռականների բար է: Պատկերացնում ե՞ք իմ վիճակը: Լավ է՝ հետո աշխատանք գտա պիցցա-սրճարանում: Հենց Իսլանդիայում գրեցի առաջին պատմությունս հենց այդ զավեշտալի դեպքի մասին, ապա վերադարձա ԱՄՆ ու բացեցի կայքս՝ www.modern-o.com-ը: Այդ օրից սկսած պտտվում եմ աշխարհում, լինում տարբեր մայրցամաքներում ու հյուրընկալվում տարբեր մարդկանց: Ըստ իս, դա մի ամբողջ փիլիսոփայություն է, որը ես բացահայտեցի ինքս ինձ համար, ապա՝ նաև իմ ընթերցողների:
Աշխարհը տեսնելու 3 պատճառ
Առաջինն այն է, որ շատ կարևոր է ծանոթանալ այլ քաղաքակրթությունների հետ, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում Չինաստանում, Ռուսաստանում կամ Սենեգալում: Հետաքրքիր է նկատել մարդկային շփման տարբերություններն ու նմանությունները: Երկրորդն ավելի անձնական է. եթե չլինեմ այն տարածքներում, որտեղ միշտ երազել եմ լինել, ապա պարզապես երջանիկ չեմ լինի: Երրորդը, թերևս, առաջինի շարունակությունն է: ճանապարհորդելով ես կարող եմ տեսնել ու սովորել նոր բաներ, որոնք չկան իմ հասարակությունում, հետդարձիս կարող եմ դրանք ներմուծել: Ինձ թվում է՝ այս կերպ ես ծառայում եմ մարդկությանը, նրանց հետ կիսելով փորձս ու նրանց համար գրելով: Աշխարհն ու մարդիկ ոգևորության ու նոր մտքերի կարիք ունեն:
Նոր կապեր՝ առանց կապի
Ես չունեմ բջջային հեռախոս, չեմ օգտվում ինտերնետից, լուրեր չեմ նայում, վստահում եմ առերես շփմանը: Միմիայն մարդիկ կարող են օգտակար լինել մարդկանց: Երբ ես գնում եմ որևէ երկիր, տեղում ամեն ինչ ստացվում է: Միշտ գտնվում են մարդիկ, ովքեր քնելու տեղ կտան ու կհյուրասիրեն: Նման մի ջերմ հյուրընկալության արժանացա Սիբիրում: Ես գիտեմ վեց լեզու, որոնցից մեկը ռուսերենն է: Նոր-նոր էի ոտք դրել Սիբիր, երբ հանդիպեցի մի աղջկա, զրույցի բռնվեցի, ասացի՝ գրող եմ, պարզվեց՝ ինքն էլ է գրում: Առաջարկեց մնալ իր տանը՝ առանց որևէ ակնկալիքի: Ի դեպ, նկատել եմ, որ ռուս կանայք շատ ինտելեկտուալ են, միևնույն ժամանակ արկածախնդիր, անընդհատ նոր փորձառության կարիք ունեն:
Վրացական ճաճան
Վրաստանը շատ հավանեցի, տեսնելու շատ բաներ կան: Ապշել էի նրանց հյուրընկալությունից: Մի ընտանիք ինձ հյուրընկալեց իրենց քաղաքամերձ տանը, մեծ խնջույք էին կազմակերպել, որտեղ լիտրերով հոսում էր իրենց ավանդական ճաճան ու բոցաշունչ կենացները:
Թուրքական սառնությունը
Թուրքիայում, անկեղծ ասած, մի քիչ անհարմարավետություն էի զգում, այնտեղ մարդիկ շատ զբաղված էին թվում, ու չէիր կարող ոչ մեկի հետ զրուցել, շփվել, ընկերանալ: Արտաքինիս հետ կապված էլ խնդիրներ ունեցա, նրանց համար տարօրինակ էր, որ ես երկար մազերով եմ:
Կոլումբիայի երջանիկներն ու Լաոսի ջունգլիները
Իմ այցելած երկրներից կարող եմ առանձնացնել երկուսը, որոնց ամեն ինչն իսկապես շատ տպավորիչ է: Կոլումբիայում, որն, ի դեպ, աղքատ երկիր է, մարդիկ երբեք չեն բողոքում, հետաքրքիր ֆենոմեն է: Իսկ ահա Լաոսի օրենքում մի հետաքրքիր կետ կա, որի համաձայն զբոսաշրջիկներն իրավունք չունեն որևէ մեկի տանը մնալ, նրանք պետք է օթևանեն հյուրանոցում, որպեսզի պետության բյուջեն լցվի: Բայց ես, այդուհանդերձ, գիշերեցի մի շատ հյուրընկալ ընտանիքում: Հաջորդ օրը հայտնվեցին ոստիկանները, մի կերպ նրանցից փախա անտառ: Այդ գիշեր նրանք ինձ չգտան, բայց հաջորդ օրը տարան բաժին ու մի օր պահեցին: Այդ մասին ևս գրել եմ:
Բարի գալուստ, Հայաստան
Հայաստան եկա լեհ զբոսաշրջիկների հետ՝ ավտոստոպով: Նրանց հանդիպեցի Լեհաստանի սահմանին, մութ էր, մենք էլ չորս հոգի՝ մեծ ուսապարկերով: Առաջին հինգ օրը գիշերել եմ հեռուստաաշտարակի տարածքում՝ իմ գիշերապարկում: Առավոտյան ինձ արթնացնում էին տեղի երեխաները, որոնցից մեկի հետ ընկերացել եմ: Երևանում ամենից շատ հավանում եմ գիշերային կյանքն ու Պուշկին-Փարպեցի փողոցները, որտեղ կենտրոնացած են ալտերնատիվ ժամանցի վայրեր: Այստեղ մարդիկ սիրում են ուրախանալ, զգացվում է, որ մարդիկ փորձում են այլընտրանք գտնել:
Հայ աղջիկները
Երբ ես առաջին անգամ հայտնվեցի այստեղ, ապշել էի, թե ինչքան շատ են աղջիկները շպարվում: Ըստ իս, երբ կինը փորձում է չափից դուրս սեքսուալ լինել, դա ի կարող հասարակության մեջ նրա համար բարձր ստատուս ապահովել: Դա ընդամենը կարող է գրավել ունևոր տղամարդկանց, որոնց այդ կանայք չեն մերժի, իսկ դա արդեն ավելի շատ բիզնես է ինձ հիշեցնում:
Աշխարհի խաչմերուկներում
Հայաստանից հետո կգնամ Իրան, ապա՝ Թունիս և Ալժիր, իսկ վերջում այն քաղաք, որտեղ բնակվում է այն աղջիկը, ում ամենից շատ եմ հավանել այս 68 երկրներում երբևէ տեսած աղջիկներից: Բայց մինչ այդ աշխարհում կան դեռ շատ երկրներ ու անթիվ հետաքրքիր մարդիկ, պատմություններ…