28 Սեպտեմբեր 2013, 08:35
2939 |

Նարեկացուն գտնողը

Սրահի ճերմակ պատերին տիրում էր գունային բազմազանություն՝ դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, ու թվում էր՝ հողաշեն է, հողի հետ խառնված ու մի տեսակ հարազատ:

Նկարիչ դառնալը, երբ ունես արդեն ճանաչված նկարիչ հայր և երկու ավագ քույր, սեփական «ես»-ը գտնելու ամենադյուրին ուղին չէ, սակայն ամենաազնիվն է, եթե ներքին կանչով ես կատարում այդ ընտրությունը: Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի համար այս նախադրյալները կարող էին արագ ճանաչում ու ստեղծագործելու լայն հնարավորություններ ընձեռել, մինչդեռ իրականում նա ամենօրյա լուրջ պայքարի մեջ է՝ մի կողմից հաղթահարել ժառանգած մշակութային հիշողությունը, մյուս կողմից՝ գտնել սեփական ուղին: «Ես շատ լավ էի հասկանում, որ հորիցս հետո արվեստով զբաղվելը նշանակում էր միաժամանակ երկու խաչ կրել: Առաջինը' չնմանակել, երկրորդը' նրանից վատը չանել»,- խոստովանում էր նա: Իր կյանքի ընթացքում Վազգենն ընդամենը մեկ անհատական ցուցահանդես ունեցավ. ահա այսպիսին էր երկար որոնումների արդյունքում սեփական ձեռագիրը կերտած արվեստագետի հանրային ճանաչման պատմությունը, որի շարունակությունը եղավ նրա հետահայաց անհատական ցուցահանդեսը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

50-ից ավելի աշխատանքները բնավ չեն կարող ներկայացնել այն ամբողջ ժառանգությունը, որը Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը թողեց սերունդներին: Բայց և այնպես նրա ստեղծագործության մասին գաղափար կազմելու, նրա հետ իր իսկ աշխատանքների միջոցով առնչվելու բացառիկ հնարավորություն է սա: Պատահական չի ընտրված նաև ցուցադրության վայրը: Վազգենի այրին՝ տիկին Ջեմման պատմում է, որ մի անգամ միասին մտան շինարարությունն ավարտված, բայց դեռ չգործող սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. «Նայեց պատերին ու ասաց. «Կուզենայի էս եկեղեցում իմ ցուցահանդեսն արվեր, էս մաքուր պատերի մեջ»: Վազգենի մահից հետո որոշեցի՝ նրա ցուցահանդեսը պիտի անեմ իր սրտի ուզածով: Այս սրահը հիշեցնում է այն կորությունն ու մաքրությունը, որ կար եկեղեցում»,- պատմում է տիկին Ջեմման:

Ցուցասրահի առաջին հարկում նկարչի վաղ աշխատանքներն են՝ հիմնականում փոքրադիր գեղանկարներ, երկրորդ հարկում՝ կոլաժները՝ նրա ստեղծագործության ամենաբուռն շրջանը ներկայացնող: Շրջանաձև սրահի ճերմակ պատերին տիրող գունային բազմազանությունը՝ դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, թվում է՝ հողաշեն է, հողի հետ խառնված ու մի տեսակ հարազատ: Կոլաժներում վարպետի ձեռքի տակ հայտնված առարկաներ են՝ կոտրված խեցեղեն, կեռված մեխեր, ուլունքներ, փայտի կտորներ ու մետաղե թիթեղներ՝ փակցված կտավին ու վերածված արվեստի՝ լուռ ու ինքնամփոփ: Կոլաժներն ինքնաբերաբար տանում են իրենց աշխարհը, դրդում վերծանել իրենց պատմությունն ու ընկղմվել մակերեսից անդին: «Հայրս նման էր կնոջը գովերգող Քուչակին, ես Նարեկացուն գտա»,- այսպես էր բնորոշում իր արվեստը Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը:

Նկարչի որդին՝ Սարգիսը, հոր ճանապարհով չի գնացել և խոստովանում է, որ ինքն էլ դեռ նոր է բացահայտում այդ աշխարհը. «Նա հաճախ էր ասում, որ ժամանակից առաջ է ընկել, դրա համար էլ չի հասկացվել: Եվ, իսկապես, նրա աշխատանքներն օր օրի ավելի մեծ ուշադրություն են գրավում»: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է նաև Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի եռալեզու պատկերագիրքը: Իսկ նկարների կողքին նրա նամակներից հատվածներ են, որոնցում նկարիչը խոստովանում է. «Ամեն ինչ ունայնություն է: Մարդկային հիմարությունը գերիշխում է, բայց չպետք է վախենալ: Միևնույն է' ամեն ինչ կանցնի Աստծո միջով՝ և՛ կյանքը, և՛ մահը»:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 7-ը:

Այս թեմայով