Դերասանուհի Նարե Հայկազյանը Հայաստանում էր, պայմանավորվեցինք հանդիպել։ Սովորության համաձայն մի քիչ շուտ էի տեղ հասել, սպասում էի նրան` նախապես տրամադրված, որ հիմա կհայտնվի, ու Թումանյան փողոցի երթևեկն ու անցուդարձը մի պահ կկանգնեն։ Անհնար է Նարեին տեսնել ու ուշադրությունը չբևեռել նրա վրա, չզարմանալ` որքան տարբեր է նա։
Փողոցի համայնապատկերում խլրտոց նկատվեց. անցորդների հայացքները նրան էին ուղղված։ Նարեն գալիս էր` կարմիր հագած. լայնփողք տաբատ, ծոպավոր ժիլետ, բարձր կրունկներ, գունագեղ պայուսակ, գեղարվեստորեն թափթփած արդուզարդ։ Ճանաչելով նրան` վստահ էի` պայուսակն ու արդուզարդը հաստատ նրա ձեռքի գործն են։
Չեմ հիշում` վերջին անգամ երբ էի տեսել Նարեին։ Ստեղծագործական հողի վրա նեղացրին նրան։ Աչքի ընկնող, իր տեսակով եզակի, տաղանդավոր դերասանուհի է, վառ անհատականություն. չմարսեցին։ Գնաց Ամերիկա։ Ափսոսացի, որ Նարեն պակասում է մեզնից ու մեր քաղաքից։ Իսկ նա կոլորիտ է, որը Երևանի նման փոքր քաղաքին է պետք. հսկա ու անդեմ Ամերիկայի ինչի՞ն է պետք կոլորիտը։
Չէր փոխվել. նույն հիացած աչքերն էին` անսովոր խոշոր ու տարողունակ, նույն արտիստիկ ժպիտը, նույն ռնգային խորունկ ձայնը։ Նրա առաջարկով նստեցինք բացօթյա սրճարանում։ Իսկ դա նշանակում էր, որ Նարեն ամբողջ քաղաքինն է լինելու, ու մեր զրույցը պարբերաբար ընդհատվելու է։ Չնախատեսված, բայց անխուսափելի հանդիպումների մի ամբողջ շարք… ուրախ բացականչություններ, գրկախառնություններ, միայն ես չէ, ամբողջ քաղաքն է Նարեին կարոտել։ Իսկ նա երևանցիների համար 10 տարի հետո էլ նույն Նարեն է` կանոններից դուրս, խանդավառ, կրակոտ ու խենթ։
«Գնացի Ամերիկա, երբ այստեղ ստեղծագործական մեծ վերելք էի ապրում։ Խաղում էի մնջախաղի թատրոնում, լավ հանդիսատես ունեի, «Վերադառնում եմ, մոռացեք» ներկայացումը մրցանակների արժանացավ։ Մոսկվայից աշխատանքային հրավեր ստացա։ Լավ-լավ դռներ էին բացվել իմ առաջ։ Միաժամանակ Ամերիկայից հրավեր եղավ, թողեցի ամեն ինչ ու մեկնեցի։ Երբեք չեմ տարվել «Ամերիկա» կոչվող երազախաբությամբ։ Շատերն են ուզում Հոլիվուդում հայտնվել, աստղ դառնալ։ Բայց դա իմը չէ։ Ուր էլ գնամ, ես իմ աշխարհն եմ ստեղծում, կարևոր չէ` որտեղ. այն միշտ նույնն է ու միայն իմն է»,- 9 տարի առաջվա ապրածն այսպես ներկայացրեց։ Վերադարձել է Երևան, առայժմ` ժամանակավորապես։ Ուզում է գա ու էլ չգնա։ Ստեղծագործական մտահղացումներ ունի` թատրոն, կինո, գեղանկարչություն, երաժշտական ներկայացումներ։ «Ես երբեք չեմ հեռացել Երևանից, ուղղակի 9 տարի առաջ այստեղ ապրելու նյութ չկար։ Արվեստագետն այն ժամանակ պիտի հեռանա ու կորսվի, երբ վերելք է ապրում, որպեսզի չպարուրվի իր ստեղծածի փառքով։ Պիտի ուրիշ տեղ գնա` որոնումների այլ միջավայր։ Եթե ինքնամերժման հակասություններ ու պատերազմներ չապրես, ներքին խաղաղության չես հասնի։ Ես հաղթանակած եմ վերադարձել Երևան. ներսումս խաղաղություն է»,- ասաց։
Ուզում է գեղանկարների իր անհատական ցուցահանդեսը կազմակերպել, ներկայացնել նաև «Դուռ» անունով 5 րոպեանոց իր լուռ ֆիլմը. արվեստի լեզվով է խոսում իրեն նեղացնողի-նախանձողի, կտորի, կտավի, կաշվի, բառի ու հնչյունի, բոլորի ու ամեն ինչ հետ։ Ինչ անում է` ներքին մղումով է, ամեն ինչի մեջ փորում ու արվեստի հատիկ է դնում։ Ստացվում է նարեավարի` տարբեր բոլորից, խենթ ու անսովոր։ Ինչպե՞ս է հասնում դրան, խոսքերով չես ասի։