«Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից». օգոստոսի 31-ը երկրագնդի ամենաճանաչված հայերից մեկի` Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Աշխարհի տասնյակ լեզուներով թարգմանված, համամարդկային փառք վայելող Սարոյանը ամրագրել է հայազգի ամերիկյան ամենամեծ գրողի տիտղոսը։
Սարոյանի ամերիկյան կյանքը բովանդակում է նրա կենսագրության ամենածավալուն հատվածը, որտեղ կան պատմություններ ամերիկյան կինորատադրության մասին։ Սարոյանը 1930-ականներին սերտ կապված էր Հոլիվուդի հետ, էկրանավորվել են նրա մի քանի գործեր, ընդ որում` դրանցից մեկում հերոսը խոսում է հայերեն. ամերիկյան ֆիլմում առաջին անգամ հնչում է հայ խոսքը` արևմտահայերեն մի նախադասություն։
Սարոյանի կինոկարիերան կարճ տևեց. դրա մասին հետո էլ շատ հպանցիկ է խոսվել։ Բայց այլ էր նրա նկատմամբ հետաքրքրությունը հայտնի կինոդերասանուհիների շրջանում։ Թաքցնելու բան չէ` Սարոյանը երբեք էլ անտարբեր չի եղել գեղեցիկ սեռի նկատմամբ։ Վայելչակազմ, առնական, հմայիչ, յուրօրինակ դիմագծերով, արտահայտիչ աչք-ունքով, ներսից հորդող տաղանդով` նա մշտապես հայտնվել է գեղեցիկ ու անվանի կանանց ուշադրության կենտրոնում։ Սիրո առաջին նովելը դերասանուհի Միրիամ Հոփքինսի հետ է հյուսվել, հաջորդները` Քարոլ Մարքուսի, Շելի Ուինթերզի, Մերրիլին Մոնրոյի։ Սարոյանն իր սիրային հիշողությունները նաև թղթին է հանձնել, պատմել իր ու համր կինոյի աստղ Լիլիան Գիշի, գեղեցկուհի Գրետա Գարբոյի ծանոթությունների ու հանդիպումների մասին։ Նրա կնամեծար հուշերը տեղ են գտել «Որդիները գնում են ու գալիս, մայրերը` հարատևում» ժողովածուի մեջ։
1960-ականներին Սարոյանի` Սովետական Հայաստան այցելելու առաջին փորձը չի հաջողվել։ Գնացքների ուշացումներ, կեղտ ու փոշի, աղտոտ գարեջրատուն. Արդյունքում ճամփի կեսից՝ Ռոստովից, հետ է դարձել։ Նպատակին չհասած ճամփորդությունից ծնվել է «Հայը և հայը» պատմվածքը։
Սարոյանի` 1976-ի այցելության մասին թանկ ու նվիրական հուշեր ունի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Նա և ակադեմիկոս Լևոն Մկրտչյանն արժանացել են Սարոյանին Լենինգրադում դիմավորելու և Հայաստան ուղեկցելու պատվին։ «Դա Սարոյանի երկրորդ առաջին այցելությունն էր Հայաստան։ Լենինգրադում` Պետրոս Մեծի արձանի դիմացի հրապարակով քայլում էինք։ Ուսանողուհիների մի խումբ էր գալիս մեզ ընդառաջ. Սարոյանին տեսներով` հանկարծակիի եկած` կանգ առան։ Ինձ պատճառը հարցրեց։ Պատասխանեցի` ճանաչեցին Ձեզ, վարպետ։ Սարոյանի նկատմամբ համաժողովրդական սերը պաշտամունքի էր հասնում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Բայց Նոբելյան չստացավ. ավելի շուտ` ոչ թե Սարոյանին, այլ հայ ժողովրդին չտվեցին այդ մրցանակը»,- կարծում է Ռազմիկ Դավոյանը։
Դավոյանի հուշերում մի դրվագ էլ կա. Սարդարապատի ճանապարհին Սարոյանն իջել է ավտոմեքենայից՝ ասելով՝ «Պզտիկ ժամանակ շատ անգամ եմ խաղող գողցած, հիմա էլ կուզեմ գողնալ», ու մտել խաղողի այգին։ Տանտիրուհին զայրացած դուրս է եկել տնից ու փորձել կանխել «գողությունը»։ Ռազմիկ Դավոյանն իր հերթին կանխել է «գողի» ով լինելը չիմացող տիկնոջ զայրույթը` հորդորելով թույլ տալ Սարոյանին ուզածի չափ խաղող «գողանալ»։
Սարոյանի ցանկությունն էր 70-ամյակը Հայաստանում նշել, 1978-ին՝ նրա երկրորդ այցի ժամանակ կառավարական մակարդակով տոնվեց հոբելյանը։ Այդ տարիներին Սարոյանի ազդեցիկ լինելը նկատելի էր ոչ միայն գրական աշխարհում։ Սարոյանի երկրպագուներն անգամ սկսել են նրա նման բեղեր պահել, ծխամորճ ծխել։ Հայերը հենց 1970-ականներին են իրենց նորածին որդիներին Վիլյամ կնքել։ Ինքը՝ Սարոյանը, կյանքի օրոք ունեցած համբավին ու մեծարանքին հումորով էր վերաբերվում: Պուլիցերյան մրցանակի արժանացած, Օ՛Հենրի մրցանակի վեցակի դափնեկիր ու նաև առաջին օսկարակիր հային՝ Սարոյանին, երբ հարցրել են՝ ով է իր սիրած ժամանակակից գրողը՝ անկեղծորեն պատասխանել է՝ «Ես»: