2010 թվականի հոկտեմբերին հիմնադրվեց Հայաստանի ռոք ասոցիացիան: Այստեղ բոլորը հավասար են, անկախ պաշտոնից ու զբաղեցրած դիրքից, միակ նախապայմանն է՝ սիրել ու լսել ռոք երաժշտություն: Ասոցիացիայի նախագահ, Dogma խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը պատմում է ասոցիացիայի գաղափարների, խնդիրների ու նպատակների մասին:
Ե՞րբ հասունացավ Հայաստանում ռոք ասոցիացիա ստեղծելու պահը:
— Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ ռոք երաժշտությունը ավելի մասսայական դառնա: Ամենևին փառքի խնդիր չէ, պարզապես ուզում ենք, որ մեր հանրապետությունում հնարավոր լինի գործունեություն ծավալել այս ասպարեզում: Ասոցիացիայի նպատակն էր համա-խմբել ռոքի ներկայացուցիչներին ու այդ երաժշտությանը նվիրված մարդկանց և գտնել բոլոր ընդհանուր գաղափարները, որպեսզի դրանց իրականացումը հնարավոր դառնար: Այս գաղափարը ողջունեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու աջակցեց մեզ: 2010 թվականն էր, երբ մի շարք երաժիշտներ և ռոք երաժշտությունը շատ սիրող մարդիկ՝ անկախ իրենց մասնագիտությունից կամ զբաղեցրած պաշտոնից, որոշեցին միանալ մեր գաղափարին: Հավաքվեցինք տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, մտքեր փոխանակեցինք, քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք հուզում էին մեզ ու արդյունքում հիմնեցինք ռոք ասոցիացիան, որը պետք է փորձեր լուծումներ գտնել երաժշտության այս տեսակի պահպանման և զարգացման համար:
Հավաքներ, քննարկումներ կազմակերպվու՞մ են:
— Մենք մի քիչ այլ խառնվածքի մարդիկ ենք: Պաշտոնական հանդիպումներ չկան, դրանք մեզ համար չեն: Գիտենք ու ճանաչում ենք բոլորին: Երբ առաջ գան պաշտոնական թղթաբանությունների հարցեր, այդ ժամանակ էլ կհանդիպենք ու հարցեր կքննարկենք:
Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում ասոցիացիան:
— 2011 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում նշեցինք ասոցիացիայի հիմնադրման մեկ տարին, որին մասնակցեցին ասոցիացիայի անդամ բոլոր 11 խմբերը: Դա միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան միջոցառում էր, որը նաև ցույց տվեց, որ մենք ի զորու ենք կատարողական, ստեղծագործական և տեխնիկական առումով ոտք գցել եվրոպական երկրների հետ: Համերգներ ենք կազմակերպում: Կարող ենք ավելի շատ կազմակերպել, բայց ինքնանպատակ չէ: Ամեն անգամ նպատակ ունենք որևէ նորույթ ներկայացնել՝ նախորդներից տարբերվող: Ռոքի մեջ ընդունված չէ կոնկրետ, թեմատիկ համերգներ կազմակերպել: Չնայած մեկ անգամ Women in Rock խորագիրը կրող համերգով ներկայացանք, որի ընթացքում ելույթ ունեցան բոլոր այն խմբերը, որտեղ նվագում էին կին երաժիշտներ: Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե աջակցություն ենք ստացել ու ամեն առիթով գնում ու խնդրում ենք, որ ֆինանսավորեն: Համերգներ կազմակերպելը ինքնանպատակ չէ, ասոցիացիայի գաղափարը լրիվ այլ է: Բոլոր նպատակները դեռևս բացահայտված չեն, մենք աշխատում ենք դրանց ուղղությամբ:
Այնուամենայնիվ, շատերը խոսեցին հենց իշխանական աջակցության մասին ու այդ պատճառով թերահավատորեն մոտեցան ասոցիացիային:
— Ես որևէ մեկի գովերգողը չեմ, ինքս էլ անկուսակցական եմ: Մի կողմ դնենք երկրի վիճակը, տնտեսությունը, կառավարումը՝ դա այլ հարց է: Որպես քաղաքացի յուրաքանչյուրս մեր կարծիքն ունենք: Ինքս, որպես քաղաքացի, շատ դժգոհություններ ունեմ պետությունից, կառավարությունից ու հենց նույն վարչապետից, բայց դա այլ թեմա ու դաշտ է: Որպես օրինակ վերցնենք Jethro Tull-ի համերգը: Այն չէր կայանա, եթե չլիներ վարչապետի աջակցությունը: Ի՞նչ անես, ասես, որ եթե տնտեսության մեջ աճ չկա, ուրեմն չե՞նք ընդունում ձեր աջակցությունը: Մեր երկրի գլխավոր խնդիրներից են՝ տափակությունը, տգիտությունն ու քառակուսիությունը. մարդիկ առանց հասկանալու եզրակացություններ են անում:
Իսկ այն պահից, երբ ռոքը հայկական ռոք ասոցիացիայի մարմնացում ստացավ, ակնհայտ տարբերություն նկատվե՞ց:
— Մինչ ասոցիացիայի ստեղծումն ու այժմ էլ հայաստանյան ռոք ասպարեզում անկումային իրավիճակ է: 2003-ից մինչև 2007-ը հստակ ոգևորություն կար՝ բազմաթիվ խմբեր, գրեթե յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ համերգ էին տալիս, մեծ լսարան հավաքում: Բացասական ու դրական կողմերով մեկտեղ ռոք երաժիշտները կարծես մի մեծ ընտանիք էին կազմել ու, անկախ բեմի մեծությունից, ելույթ ունենալու առիթը բաց չէին թողնում: Երևի որակական ավելի բարձր աստիճանի կարիք կար, ու դրա համար էլ լճացում սկսվեց: Ասոցիացիան հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց, չնայած այն հարցի լուծում չէ: Հիմնական խնդիրը մեր շուկան է, որը շատ փոքր է: Սահմանակից երկրներից էլ միայն Վրաստանն է, որտեղ կարելի է գնալ ու նվագել: Իսկ երբ խմբերը որևէ մակարդակի են հասնում, ուզում են շարունակել բարձրանալ աստիճաններով: Մեր երկիրը իր փոքրությամբ ճնշում է նրանց: Կարելի է նվագել ակումբներում, Տիկնիկային թատրոնում և այլն, իսկ հետո՞: Նորից նույնը: Անհնար է ամեն ամիս նոր ալբոմ ձայնագրել ու ամեն անգամ նոր ծրագիր ներկայացնել: Խումբը պետք է շրջագայի, որ շտկի սեփական ստեղծագործությունները, փորձ հավաքի նոր բան ներկայացնելու համար: Շատերը, օրինակ, հաճույքով մարզերում կնվագեին, բայց ո՞ւմ համար ու որտե՞ղ: Դահլիճներ չկան, մարդիկ էլ անվճարունակ են: Այ սա է պետք լուծել:
Դուք անդադար պնդում եք, որ ձեզ ասոցիացիայի նախագահ չանվանեն՝ չե՞ք սիրում այդ բնորոշումը:
— Ամենայն լրջությամբ եմ ասում, որևէ պաշտոն չկա: Հավաքվեցինք, որևէ մեկին պետք էր ընտրել որպես նախագահ, որովհետև որևէ հասարակական կազմակերպություն գրանցելու ընթացքում պետք է լրացնել նաև այդ տողը: Քանի որ լավ ծանոթ եմ այս ոլորտին, տեխնիկական մասին, նաև համերգներ կազմակերպելու մեծ փորձ ունեմ, մի քանի հոգի առաջարկեցին իմ անունը ու այդպես ստացվեց: Անձամբ ես երբևէ չեմ ցանկացել նման «պաշտոն» ունենալ:
Ո՞վ կարող է դառնալ ռոք ասոցիացիայի անդամ:
— Ընդունման կարգը ազատ է: Ընդունվողին ոչինչ չի տրվում, ու սա նման է կամավորական աշխատանքի: Մենք հարցնում ենք, թե ինչպես կարող է տվյալ անձը աջակցել ասոցիացիային: Աջակցությունը կարող է արտահայտվել գաղափարներ կամ ինչ-որ ծառայու-թյուններ առաջարկելով: Օրինակ՝ դու կարող ես գալ ու ասել, որ լրագրող ես, ասոցիացիայի հետ կապված նորությունները կտարածես մամուլում ու հեռուստատեսությամբ՝ սա արդեն աջակցության լավ առաջարկ է: Ի վերջո, միացյալ ուժերով մի բանի կհասնենք:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013