31 Հուլիս 2013, 13:12
2443 |

Ապակենտրոնացման ճամբար

Մոսկվացի ճարտարապետ, դասախոս, «Ստրելկա» մեդիայի, ճարտարապետության և դիզայնի ինստիտուտի ուսումնական ծրագրերի ղեկավար Յուրի Գրիգորյանը խոսում է քաղաքային միջավայրի, մշակութային ժառանգության և դրանց հետ կապված Երևանի հեռանկարների մասին:

Եռամիասնություն
Ճարտարապետությունը կամ ավելի ճիշտ՝ կառուցապատումը, միշտ որոշակիորեն բռնություն է: Ցանկացած կառույցի շինարարություն ենթադրում է որոշակի տարածքի «բռնազավթում», մինչդեռ այդտեղ կարող էր լինել, ասենք, զբոսայգի կամ մեկ այլ հանրային բաց տարածություն: Է՛լ ավելի բարդ իրադրություն է ստեղծվում, երբ նախատեսվում է արդեն գոյություն ունեցող շենքի քանդումը և նորի կառուցումը: Նման դեպքում այն բանից, թե ինչ է անում քաղաքը, հասարակությունը և ճարտարապետը՝ կախված է քաղաքի զարգացման ճանապարհը: Այս գործընթացի հիմնական մասնակիցները երեքն են՝ պետությունը, բիզնեսը և հասարակությունը՝ մասնագետների հանրությունը, որն էլ պետք է ձևավորի մնացած հասարակական կարծիքը: Ահա այս երեքը պետք է գտնեն կոմպրոմիս քաղաքի զարգացման համար, իսկ ճարտարապետն իրականացնի: Մյուս կողմից՝ քաղա՛քն էլ որպես տարածք ունի ձայնի իրավունք: Եվ ճարտարապետի համար, եթե նայենք գլոբալ, ապա պատվիրատուն քաղաքն է:

Սակայն երբեմն հասարակական կարծիքը կուլ է գնում բիզնեսին, քանի որ այդ հատվածի ներկայացուցիչները շատ ավելի ակտիվ ու նպատակասլաց են, հատկապես այսօր: Ճարտարապետը նախ և առաջ ներկայանում է արվեստի և քաղաքի կողմից: Բայց հասարակությունը չի ուզում ոչ մի բան, քանի որ ոչ ոքի չի հավատում, իսկ բիզնեսը ուզում է հնարավորինս շատ քառակուսի մետրեր և եկամուտ: Կառավարությունն էլ, թեպետ կարծես թե պետք է ելնի հասարակության շահերից, սովորաբար ընտրում է բիզնեսի կողմը:

Կարևոր մանրուք
Ամեն մի նախագիծ՝ թեկուզ ամենափոքրն ու առաջին հայացքից աննշանը, կարող է ունենալ մեծագույն նշանակություն քաղաքի զարգացման համար: Մոսկովյան «Ստրելկան» ծնվեց ի պատասխան այն խայտառակ վիճակի, որը տիրում է քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում: Եվ թվում էր, թե այդ ոչ կոմերցիոն, ըստ էության՝ նվերը քաղաքացիներին, այնքան փոքր նախագիծ է Մոսկվայի համար, որ ոչ էլ կնկատվի: Բայց այնպես ստացվեց, որ այսօր «Ստրելկան» իրոք մեծ դեր է խաղում հասարակության համար՝ այնտեղ տեղի են ունենում կարևոր քննարկումներ, ձևավորվում է կարծիք, դաստիարակվում է մասնագետների մի սերունդ, որը վաղը կխաղա որոշիչ դեր մայրաքաղաքի կյանքում:

Մոսկովյան «Ստրելկա» ինստիտուտը
Մոսկովյան «Ստրելկա» ինստիտուտը

Օսմանյան տարբերակ
Հին շենքերի պահպանությունը, ի դեպ, ոչ միայն Երևանում է խնդիր: Դրա հետ բախվում են գրեթե բոլոր հետխորհրդային քաղաքները: Երևանը պատրաստ չէ շինարարության այն ծավալներին, որոնք առկա են այսօր: Եվ այստեղ, նախ և առաջ, հասարակության ձայնն է որոշիչ: Պետք է չհանձնվել և պահանջել պետությունից, որպեսզի, օրինակ, Փակ շուկան վերադարձվի քաղաքին:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մշակութային ժառանգություն հասկացությունը բավական երիտասարդ է, ձևավորվել է միայն 1960-ականներին: Դրանից առաջ նորմալ բան էր քանդել մի ամբողջ շերտ, կառուցել նորը և այդպես շարունակ: Ամենավառ օրինակն Օսմանյան Փարիզն է, երբ բարոն Ժորժ Օսմանը հիմնովին վերացրեց միջնադարյան քաղաքը: Պահպանվեցին հատուկետ շենքեր, փոխարենը կառուցվեց նոր քաղաք: Նման մի բան տեղի ունեցավ Մոսկվայում Ստալինի օրոք, Երևանում՝ 1920-ականներին: 1960-ականներին շեղումը դեպի նորը այնքան անցավ չափերը, որ հասարակությունը վերջապես անհանգստացավ: Մոսկվայում կա բավական լավ փորձ ճարտարապետական ժառանգության պահպանման գործում: Առավել ակտիվ է «Արխնադզոր» հասարակական կազմակերպությունը, որը գործում է արդեն մի քանի տարի՝ շատ ակտիվ և բավական մեծ հաջողությամբ, օգտվելով ինտերնետի հնարավորություններից: Նրանց պես պետք է օգտագործել բոլոր հնարավոր լծակները: Պետք է անել այնպես, որպեսզի բիզնեսի մարդիկ հասկանան՝ մեր դարում շահույթը կախված չէ միայն քառակուսի մետրերի քանակից, վերջիվերջո, կա ընկերության համբավ կոչվածը:

Հետաքրքիր դեպք վերջերս տեղի ունեցավ Գերմանիայում: Երկրի Արևելյան մասում մնացել էին բազմաթիվ հինգ հարկանի բնակելի շենքեր՝ բավական տխուր խարխուլ վիճակում: Ռուսաստանում ու Հայաստանում նման դեպքերում առանց որևէ համակարգման այդ շենքերի մի մասը կքանդեին ու կկառուցեին որևէ տարօրինակ ու նույնքան անորակ մի հսկա շենք, մյուսները կշարունակեին քայքայվել: Իսկ ահա գերմանացիները պարզ հաշվարկ կատարեցին, որից հասկացան, որ այդ բնակելի շենքերի վերանորոգումն ու տեսքի բերումը գրեթե կրկնակի ավելի էժան կնստի, քան ապամոնտաժումը, բեկորների տեղափոխումը և նոր շենքերի կառուցումը: Ու վերանորոգեցին:

Շղթայված
Ճարտարապետությունը չափազանց լայն հասկացություն է: Քաղաքի պայմաններում դա մի ամբողջ շղթա է: Առաջին տեղում քաղաքաշինությունն է: Գլոբալ նախագծման մեջ ներգրավվում են սոցիոլոգներ, տնտեսագետներ, տրանսպորտի մասնագետներ, լոգիստներ և այլն: Կա քաղաքային դիզայն՝ urban design եզրույթը, երբ ավելի մանրամասն նախագծվում է առանձին թաղամաս կամ փողոց: Եվ այստեղ արդեն գալիս է ճարտարապետության՝ որպես մի կոնկրետ շենքի կառուցման տարբերակը: Ճարտարապետն այս դեպքում արդեն զբաղվում է արվեստով՝ նախագծում է գեղեցիկ ու հարմար շենք, ընտրում ճիշտ նյութեր և այլն:

Շատ կարևոր է այս շղթան պահպանել: Ոչ մի շենք իրավունք չունի իրականացվել առանց հաշվի առնելու միջավայրը և ընդհանուր քաղաքաշինական նախագիծը, ծնվել «օդից»: Այլապես դա դառնում է, այսպես կոչված, կետային շինարարություն, որը բխում է ոչ թե քաղաքի, այլ ինչ-որ մեկի բիզնեսի շահերից:

Ճարտապետական արժեքների ոչնչացման դեմ պաստառ, ԽՍՀՄ, 1980-ականներ
Ճարտապետական արժեքների ոչնչացման դեմ պաստառ,
ԽՍՀՄ, 1980-ականներ

Քաղաքային կյանք
Երբեմն ավելի հետաքրքիր է ուսումնասիրել ոչ թե բուն շենքերը, այլ դրանց միջև ընկած տարածքները: XX դարի կեսերից սկսած հանրային տարածքը դարձել է քաղաքաշինության կարևորագույն տարրը: Շենքը, մեծ հաշվով, անձնական, փակ տարածք է, իսկ փողոցները, հրապարակները, զբոսայգիները, եկեղեցիները, նաև խանութները հասանելի են բոլորին: Դա այն միջավայրն է, որտեղ ծնվում է քաղաքային կյանքը: Շատ կարևոր է, որ Երևանում արդեն իսկ կա քաղաքային կյանքին բնորոշ լավ ավանդույթ՝ մարդիկ զբոսնում են, նստում են սրճարաններում, շատ ժամանակ են անցկացնում հանրային վայրերում:

Եթե համեմատենք Մոսկվան Երևանի հետ, ապա ամենամեծ տարբերություններից մեկը, որը մեծ դեր է խաղում ուրույն քաղաքային կյանք ունենալու գործում, եղանակն է: Այո, Երևանում էլ է ցուրտ լինում, բայց ձմեռն այստեղ տևում է երեք ամիս, իսկ Մոսկվայում՝ վեց: Այդ պայմաններում հանրային կյանքի պահանջն այստեղ շատ ավելի մեծ է: Ուրիշ հարց է, թե ինչով է լրացվում այդ պահանջը: Կարելի է բացել բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ, բայց կարևոր է, որ մարդիկ իրենք հասկանան, թե ինչպես են ուզում անցկացնել իրենց ժամանակը, բարձրացնեն հարցեր ու վարեն բանավեճեր, նոր գաղափարներ առաջարկեն: Եվ երիտասարդությունը պետք է դառնա դրա գլխավոր շարժիչ ուժը:

Ապակենտրոնամետ
Ի տարբերություն Մոսկվայի, Երևանում կա հսկայական հնարավորություն՝ զբաղվելու քաղաքային պլանավորմամբ: Մասնավորապես, հիանալի ժամանակ է քաղաքն ապակենտրոնացնելու համար: Լավ օրինակ են Փարիզն ու Բրյուսելը: 1920-ականներին՝ արդյունաբերական դարաշրջանի ծաղկման նախօրեին, դրանք գրեթե նույն չափի քաղաքներ էին: Ու եթե Փարիզը ընտրեց կենտրոնացման ճանապարհը, ավելի ճիշտ՝ շարունակեց մինչ այդ արդեն բռնած ուղին, ապա Բրյուսելի իշխանությունները որոշեցին զարգացնել քաղաքին սահմանակից փոքր շրջանները: Եվ շատ հետաքրքիր է այսօր ուսումնասիրել այդ երկու քաղաքների գլխավոր հատակագծերը: Փարիզը Մոսկվայի պես յուղի լաքայի է նման՝ պարզապես ավելի լավ կառուցված, իսկ Բրյուսելը փրփուր է՝ հավասարաչափ բաշխված շրջաններով: Բրյուսելի պես արվարձաններում գրավիչ տարածքներ ստանալու համար, և խոսքը բնավ թանկարժեք շինարարության մասին չէ, պետք է հասկանալ, թե ում շահերից է դա բխում: Բնական է, որ շահագրգռված պետք է լինեն բոլորը, բայց այսօր կարևոր դերը բիզնեսինն է: Իսկ բիզնեսը հոսում է այնտեղ, ուր ստանում է որոշակի արտոնություններ: Պետք են քննարկումներ: Ամեն օր բոլորը պետք է քննարկեն մեծ, փոքր նախագծեր: Այս ուղղությամբ կարծես արդեն շարժվում է Թբիլիսին:

Երևանը ամեն դեպքում ունի լավ հնարավորություն ճիշտ ուղղությամբ տանել քաղաքի զարգացումը, և հասարակական կարծիքը կարող է այստեղ խաղալ որոշիչ դեր: Պետք է միայն բարձրաձայնել, ցույց տալ, որ հենց մարդիկ են հետաքրքրված դրանում, ցույց տալ, որ նրանց հետաքրքիր չեն այն նախագծերը, որոնք բարիք են միայն կոնկրետ անձանց համար: Որքան շատ բան տաս քաղաքին, այն նույնքան ավելի լավը կդառնա:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

 

Այս թեմայով