Կողքիս նստած տիկինը, կռահելով, որ լրագրող եմ, ըստ երևույթին, իրեն տանջող հարցով դիմեց. «Կներեք, ներկայացումը կոչվում է «Ամեն երկուշաբթի», ի՞նչ է, ամեն երկուշաբթի տարբեր ներկայացո՞ւմ է լինելու»: «Բա երանի չէ՞ր»,- հոգոց քաշեցի ես:
Հուլիսի 29-ին Վարդան Պետրոսյանի առաջին երկուշաբթին էր: Նոր ներկայացման ծնունդը և՛ պրեմիերա է, և՛ միաժամանակ գլխավոր փորձը: Ներկաների աչքերը շողշողում են անհամբերությունից. տեսնես՝ այս անգամ ինչե՞ր է մոգոնել հնարամիտ արտիստը:
Վարագույրը բացվեց, նվագախմբի հետ միասին բեմում հայտնվեց գլխավոր հերոսը՝ անհասկանալի ֆրակով, լեն-լմփոշ շալվարով, ճեփ-ճերմակ բոթասներով, սև, անթափանց ակնոցով ու լուրջ դեմքով՝ ուղղված հանդիսատեսին, որը նրան տեսնելուն պես անխնա ծափահարեց: Կարոտի ծափեր են: Ակամա մտաբերեցի մեկ ամիս առաջ նոր ներկայացում բեմադրելու մասին հայտարարելիս նրա ասած խոսքերը. «Դուք՝ չգիտեմ, բայց ես ձեզ կարգին կարոտել եմ»: Հանդիսատեսի սերը, փաստորեն, մի ծափ անգամ չի պակասել:
«Ամեն երկուշաբթի» ներկայացումը հենց երկուշաբթի օրվան ու դրա հանդեպ դարավոր ատելությանն է նվիրված. «Ամեն ինչ դարձել է զզվելի, ինչն էլ չի դարձել, ամեն կերպ ուզում են դարձնել: Երկուշաբթին ձեզ օրինակ»: Համոզելով, որ երկուշաբթի օրվա հանդեպ զզվանքը ինքնաներշնչման արդյունք է, Վարդան Պետրոսյանը հորդորում է փոխել վերաբերմունքն օրվա հանդեպ. «Սիրենք երկուշաբթին, որպեսզի երկուշաբթին էլ մեզ սիրի: Խոսքս հիշեք՝ մեր հողերն էլ ենք երկուշաբթի հետ բերելու»:
Բայց երկուշաբթին ներկայացման առանցքն է միայն: Ինչպե՞ս կարելի է գնալ Վարդան Պետրոսյանի ներկայացմանն ու չլսել, չտեսնել, չզգալ քաղաքականության, մարդկային ու անմարդկային հարաբերությունների հանդեպ հեգնանքն ու ծաղրը՝ «սվաղած» նուրբ հումորով, անգամ ինքն իրեն չխնայեց այդ պարագայում՝ ակնարկելով Բարևի պսևդոհեղափոխության ամենահիշարժան դրվագների մասին: «Մարդ ինչքան խորն է թաղված կղանքի մեջ, այնքան գլուխը բարձր է պահում... ստիպված», «Սեղանը՝ ծով, աչքը՝ սով»,- հնչում է անարդար կերպով մեզնից վեր կանգնած պաշտոնյաների հասցեին:
Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը՝ համեմատած հրեշտակ-սատանա երկխոսության հետ, կոռուպցիայի դեմ իբր պայքարը, ֆինանսական ճգնաժամը, բիբլիական արդիական թեմաներն ու Քրիստոսի երկրորդ գալուստ և էլի ինչ ասես, որ մտքովդ կանցնի: Կարծում էի՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված իրադարձությունները չափազանց թարմ էին ներկայացման մեջ տեղ գտնելու համար, բայց արի ու տես, որ անամոթաբար թերագնահատել էի վարպետի՝ դեպքերին արագ արձագանքելու ընդունակությունը: «Ծափահարենք մեր ջահելությանը՜»,- մի քանի անգամ վանկարկեց դերասանը՝ նկատելով, որ այդ թանկացման պատճառով հասարակական տրանսպորտում անվճար «մերսում» ստանալու հաճույքը քիչ էր մնում կորցնեինք:
Ծիծաղ արցունքների միջից՝ Վարդան Պետրոսյանի ներկայացմանը եկող հանդիսատեսի վիճակն ամենից լավ բնորոշող արտահայտությունն է: Մի քանի րոպե տևող մնջախաղի տեսարաններ կամ պարզապես բեմում լուռ կանգնած մեկ մարդ, որը հռհռոցի ու ծափերի դղրդյուն է առաջացնում: Անպակաս էին նաև երաժշտական ձևավորումները, դրանք այս անգամ հատկապես շատ էին ու հատկապես կարևորված: Դերասանի համոզմամբ՝ հենց երգն է, որ կարող է միավորել մարդկանց, և, իհարկե, առաջին քայլն այդ ուղղությամբ արեց ինքը. ամբողջ դահլիճը ձեռք-ձեռքի տվեց ու նրա հետ հավասար երգեց «Ով սիրուն, սիրուն»-ը: Եվ այդ պահին ամեն ոք ու ամեն ինչն էր սիրուն՝ երջանկությունից փայլող Վարդան Պետրոսյանը, մի մարդ դարձած դահլիճն ու ներկայացման ավարտը: