Վանաձորցի նկարիչ Մհեր Չատինյանի գործերն առաջինն էին, որոնք ներկայացվեցին նորահայտ մշակութային կենտրոնում:
Հավաքեց կտավներն ու Վանաձորից Երևան եկավ, որ մայրաքաղաքին իր մասին պատմի: Մհեր Չատինյանը Հայաստանի երրորդ քաղաքի նոր սերնդի նկարիչն է: Ցուցահանդեսի հնարավորության մասին իմացել ու այն կազմակերպել է համացանցի միջոցով, խոստովանում է՝ մայրաքաղաքից դուրս ապրող ու գործող արվեստագետի համար դա թերևս միակ ճանապարհն է: Եթե մուսան երևանցի ու վանաձորցի նկարիչների միջև տարբերություն չի դնում, ապա հաջողությունն ավելի հաճախ ժպտում է մայրաքաղաքի ներկայացուցչին: Առաջին ու կարևոր առավելությունը, որ ունեն երիտասարդները Երևանում, կրթությունն է, մինչդեռ գեղարվեստի ակադեմիաներն ու ուսումնարանները մարզերի համար շքեղություն են: «Երբ իմանում են՝ Վանաձորից եմ, նկարներս դեռ չտեսած՝ կասկածում են, որ կարող են լավը չլինել, եթե անկեղծ լինեմ, ես էլ կկասկածեի, որովհետև Վանաձորում նույնիսկ գեղարվեստի ակադեմիա չունենք, հետևաբար ինչպես կարող ենք կրթված նկարիչներ ունենալ»:
Կարծիքը, թե մշակութային կյանքը շարժուն է մայրաքաղաքում ու անշարժ՝ մայրաքաղաքից դուրս, Մհերի խոսքով կարծրատիպ չէ: Նկարիչը նկատում է՝ ամենավատը, սակայն, մարդկանց անտարբերությունն է: Մշակութային կյանք չկա ոչ միայն որովհետև չեն առաջարկում, այլև չեն պահանջում. «Ես մեղադրում եմ ոչ միայն կազմակերպիչներին, այլև հենց վանաձորցի երիտասարդ նկարիչներին, որովհետև եթե նույնիսկ ցուցահանդես է լինում, նրանք չեն մասնակցում»:
Մհերի ցուցահանդեսով իր պաշտոնական մեկնարկն ազդարարեց «Ներկայ» մշակութային կենտրոնը: Այստեղ նկարիչները կցուցադրվեն, արվեստաբանները քննարկումներ կկազմակերպեն, իսկ արվեստասերները նոր ժամանակների մշակույթին կհետևեն: «Ներկայ»-ի հիմնադիր-արվեստաբանները հավատացնում են, որ միայն թարմ մտքեր են ներկայացնելու, թեև կենտրոնի դռները բաց կլինեն մեծահասակ անդամների առաջ ևս: «Ներկայ»-ի մեկնարկին ավագ սերնդից մարդիկ կային, իրենց առաջին նկատողությունն էլ հասցրին անել՝ ցուցահանդեսը լավն էր, բայց դրա մասին պատմող ոչ մի թռուցիկ հյուրերի համար չգտնվեց: Ինչ վերաբերում է Մհերին, ապա նկարիչը իր ներկան «Ներկայ»-ում ցուցադրեց, ապագայում հավանական հասցեակետն էլ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան կլինի: