Ավելի քան 70 նկարիչ ու քանդակագործ`«Արևելքից Արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» խորագրի ներքո։ Նրանք ներկայացնում են 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստը։
«Բարձր արվեստ» կենտրոնն ու www.hi-artonline.com-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 11-16-ը Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրում է գեղարվեստի հայ դասականների ու ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները։ Փանոս Թերլեմեզյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Թադևոսյան, Ջոտտո, Երվանդ Քոչար, Ժանսեմ, Արշիլ Գորկի, Սերգեյ Փարաջանով և էլի տասնյակ նշանավորներ. նրանց կողքին'նույն հարկի տակ, մեր ժամանակակիցները' Արամ Իսաբեկյան, Համլետ Հովսեփյան, Ղազար Միրզոյան, Մերի Մուն, Արա Ալեքյան ու այլոք։ Ցուցահանդեսը պատեհ առիթ ու հարթակ է' արվեստասերի հայացքն ուղղելու ոչ միայն կերպարվեստի տարբեր հեղինակների, այլև զանազան ոճերի, ժամանակաշրջանների ու գեղագիտական մտածողության վրա։ Նախագծի հեղինակները խիզախել են հայ գեղարվեստը միջազգային արտ-շուկայի կանոններով մասնակից դարձնել աճուրդի և ինտերնետ-վաճառքի, որը տեղի կունենա հոկտեմբերին։
«Բարձր արվեստ» կենտրոնը «Արևելքից Արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսի բացմանը հրավիրել էր նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերին։ Հատկապես սփյուռքահայ արվեստագետները կամա, թե ակամա ստանձնում են հայ ինքնության ու մշակույթի պահպանման առաքելությունը։ Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի կյանքն ու ստեղծագործությունը մեծապես շաղկապված են հայ արմատներին ու նկարագրին։ Ազգային արվեստի տարածման ու քարոզչության գործում մեծ ավանդի համար Արսինե Խանջյանն արժանացավ Հենրիկ Իգիթյանի անվան ամենամյա մրցանակի։ Նրան նվիրեցին Մինաս Ավետիսյանի գրաֆիկական աշխատանքներից։ Դերասանուհին, անակնկալի եկած ու անսահման հուզված, բառ չէր գտնում' արտահայտվելու. արցունքները հեղեղել էին դեմքը։ «Ես ծնվել եմ Լիբանանում, հետո տեղափոխվել Կանադա, միշտ ապրել եմ օտար հողի վրա, բայց ամեն վայրկյան զգացել եմ իմ երակներում հոսող հայի արյան ջեմությունը։ Այնքան կարևոր է Հայաստանի վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ։ Մենք ամեն րոպե ձեզնից արձագանքներ, ջերմություն ու կարոտ ենք սպասում։ Ամեն տարի գալիս եմ' մասնակցելու «Ոսկե ծիրանին», նորեն քայլելու Հայաստանի հողի վրա, նորեն տեսնելու իմ հայրենակիցներին, հիանալու այս երկրով ու իմ ժողովրդով, զարմանալու, թե ինչ ահռելի գործ են անում փառատոնի կազմակերպիչները», - արցունքների միջից հազիվ արտասանեց Արսինե Խանջյանը։ «Ոսկե ծիրանի» հյուրերն այցելուների առաջին խմբի հետ շրջեցին սրահներով, դիտեցին բազմաժանր ու բազմաոճ աշխատանքները, ոմանք ավելի երկար կանգնեցին սիրած հեղինակների կտավների առջև։
Ժամանակակից արվեստի թանգարանում ամբողջ օրվա ընթացքում, չնայած սաստկացող շոգին' շարունակվում էր արվեստասեր այցելուների հոսքը։ Գալիս էին նաև նկարիչները' մեկ անգամ ևս հիանալու իրենց հեղինակած աշխատանքներով։ Համակարծիք են' նկարիչը պետք է միայն ու միայն ստեղծագործի։ Սակայն ո՞վ պետք է հանրությանը տանի արվեստի աշխարհ։ Ցանկացած ոք, միայն ոչ' նկարիչը: Հենց նրա արվեստանոցում պատրաստ եղավ հերթական կտավը կամ քանդակը, ուրեմն այն պետք է հնարավորինս արագ հասցվի հասցեատիրոջը' շուկա: Արվեստի կանոնները գրեթե նույնն են, ինչ բոլոր շուկաներինը։ Ինչպես ցանկացած ապրանք, արվեստի գործերն էլ կարիք ունեն գովազդի. կոպիտ է հնչում, բայց այդպես է։
Նկարչի անունը հանրությանը լսելի, իսկ աշխատանքը' տեսանելի դարձնելու յուրօրինակ դեր ունեն պատկերասրահները։ Զարգացած երկրներում, որտեղ ամեն ինչ կանոնակարգված է, այդ թվում' արվեստը սպառողին հասցնելու ճանապարհները, պատկերասրահների տերերը նկարիչներին հորդորում են ցուցադրվել հենց իրենց սրահում՝ սեփական հեղինակության բարձրացման, և’ շահույթ հետապնդելու որոշակի նկատառումներից ելնելով։ Մեր երկրում նկարիչներն են ընկնում պատկերասրահների դռները'կտավներն արվեստանոցի սահմաններից մարդամեջ հանելու համար։ Տարերային ու չհամակարգված այս փոխհարաբերություններում տուժում են երկուստեք։ Ավելին' հանրությունը շարունակում է չճանաչել իր արվեստագետին, անհաղորդ մնալ գեղանկարչության ժամանակակից ուղղություններին, զարգացման միտումներին ու ասելիքին։
Նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը ժամանակակից կերպարվեստում խիզախ թռիչքներ, հետաքրքիր մտածողություն է տեսնում։ Ոչ թե գեղեցիկի հաճելի, այլ ագրեսիվ մատուցում, ինչն էլ հենց պետք է ընկած լինի ոչ շողոքորթ, արդարամիտ արվեստի հիմքում։ Ցավ, խնդիրներ, համամարդկային ու ազգային ողբերգություններ, ընդվզում, պայքար, չհամակերպվելու սկզբունքայնություն. այսօրվա արվեստագետն իր ստեղծագործությունը ծառայեցնում է այս գաղափարներին ու նպատակներին։ «Արվեստը կյանքի, իրականության ցավոտ կողմերը պետք է մեջտեղ բերի, ոչ թե գովաբանի իրականությունը։ Արվեստը զվարճանք չէ, այն պետք է քարկոծի վատը, սխալը, հանրությանը տանի իր հետևից, ճաշակ թելադրի»,- մեկնաբանում է արվեստաբանը։
Ժամանակակից նկարիչների գործերում արդիական շատ խնդիրներ, հույզեր, մտորումներ կան՝ ամբարված ու արտահայտված արվեստի լեզվով։ Միայն թե նրանց աշխարհը մտնելու հնարավորություններն են սակավ։ Նկարիչներին ինքնարտահայտման, ճանաչում ձեռք բերելու առիթներ են պետք, որոնք կվերականգնեն արվեստ-հանրություն խզված կապը։ Նկարիչները ձեռնոց են նետում կարծրացած մտայնությանը, թե արվեստագետը պետք է կիսաքաղց ապրի։ Արվեստը բոլոր կանոնների համաձայն' նաև վաճառվում է, ու դա բնական է։ Մինչդեռ հայ նկարիչներն ու քանդակագործներն իրենք են զբաղվում սեփական PR-ով ու աշխատանքների վաճառքով։
«Բարձր արվեստ» կենտրոնի և www.hi-artonline.com-ի կազմակերպած «Արևելքից Արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսը հայ արվեստագետների համար հրաշալի առիթ է'գույների լեզվով երկխոսության մեջ մտնելու արվեստասերի հետ, շուտով նաև ոտք դնելու աճուրդի ու ինտենետ-վաճառքի քաղաքակիրթ աշխարհ։