Լինում է, չի լինում Ֆրանսիայի Լիոն քաղաքում մի տաղանդավոր բեմադրող է լինում, անունը՝ Սաթենիկ Խաչատրյան: Մի օր Սաթենիկը ստեղծում է «Սաթե Ատր» թատերական միավորումն ու սկսում ներկայացնել տարբեր բեմադրություններ, կազմակերպել համերգներ ու բացել ցուցահանդեսներ: Հետո որոշում է նորովի ներկայացնել Թումանյանի հեքիաթները: Այդպես բոլորին հայտնի կերպարները հայտնվում են հանդիսատեսի առաջ ամբողջովին նոր տեսքով: Բեմադրությունը հաղթում է մի շատ լավ ու բարի ֆրանսիական մրցույթում, ու այդ օրից հեքիաթները սկսում են ճանապարհորդել ֆրանսիական տարբեր քաղաքներում: Հիմա էլ վերջապես եկել-հասել են հայկական բեմեր:
Սաթենի՛կ, ինչպե՞ս առաջացավ Թումանյանի հեքիաթների նոր բեմականացման միտքը:
- Ես միշտ մեծ հիացմունք ու նախանձ ունեի աշխարհի ժողովուրդների հեքիաթներով հետաքրքրվող մարդկանց՝ մանավանդ արվեստագետների հանդեպ: Մտքովս անցավ, որ լավ կլիներ բեմադրել Թումանյանի հեքիաթները, հատկապես որ միշտ զգացել եմ հայկական մշակույթի ազդեցությունը: Բացի դրանից՝ այս տարի Ֆրանսիայի Ռոն Ալպ նահանգը հայտարարեց Հայաստանի հետ համատեղ նախագծերի մրցույթ: «Սաթե Ատրը» ներկայացրեց իր բեմադրությունը, որը ճանաչվեց մշակութային ծրագրերից լավագույնը: Այսպես հնարավոր դարձավ բեմադրությունը Ֆրանսիայից բացի նաև Հայաստանում ներկայացնել:
Ի՞նչ հեքիաթներ են ներառվել նախագծում:
- Իմ կարծիքով, ընտրել ենք թատրոնի համար ամենահամապատասխան 5 հեքիաթները ՝ «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանն» ու «Կիկոսի մահը»:
Բեմադրությանը մասնակցում է նաև երաժիշտ-դերասան Յանիկ Լուին (Յաո): Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:
- Սկզբում որոշել էի, որ նախագիծն իրականացնելու եմ այլ մշակույթին պատկանող արվեստագետի հետ: «Սաթե Ատրի» համար կատարողներ ընտրելիս հայտարարվել էր, որ դերասանը պետք է անպայման աֆրիկական ծագում ունենա: Յանիկը ծնվել է Կարիբյան կղզիներում. արտակարգ դերասան ու երաժիշտ է, ով մեծ հետաքրքրությամբ ու սիրով համաձայնեց մասնակցել այս բեմադրությանը:
Ներկայացումը ստեղծվեց ոչինչից: Դրամական օգնություն չկար. մեզ օգնում էին միայն մեր ձգտումներն ու եռանդը: Ունեինք մեկ նպատակ՝ պատրաստել լավ բեմադրություն: Այն ժամանակ նույնիսկ չէինք էլ մտածում, որ հնարավորություն կունենանք ներկայանալու հայ հանդիսաստեսի առջև:
Ֆրանսիացիներին հայկական հեքիաթները հասկանալի՞ են:
- Ֆրանսիացիները հեքիաթները շատ նուրբ ընկալող ու սիրող ազգ են: Աշխարհի բոլոր հեքիաթները, ըստ էության, նման են միմյանց: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր ծանոթ են մի քանի ազգի հեքիաթներին, հեշտությամբ ընկալում են նաև մյուսները՝ նույնիսկ առանց լեզուն հասկանալու: Չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ազգի մշակույթ՝ ներառյալ հեքիաթները, ոչ միայն այդ ազգի, այլև ամբողջ մարդկության արժեքն է: Ուստի ֆրանսիացիները ջերմ ընդունեցին մեր բեմադրությունը:
Այս օրերին հեքիաթները ներկայացվում են Հայաստանում: Ֆրանսիայի նույն բեմադրություննե՞րն են, թե՞ կան փոփոխություններ:
- Որոշ բաներ փոխել ենք: Ֆրանսիայում խաղում էր երկու դերասան, Հայաստանումմեզ միացան նաև Շողեր Գրիգորյանը (Գ. Սունդուկյան թատրոն), Հայկ Սարգսյանը (Մ. Մկրտչյան Արտիստական թատրոն) ու Կարեն Խաչատրյանը (Հ. Թումանյան տիկնիկային թատրոն): Դերասանական կազմն ընդլայնելով՝ կարողացանք ավելացնել մեկ հեքիաթ՝ «Քաջ Նազարը», որ բեմադրվեց 4-5 օրվա ընթացքում ու արժանացավ շատ լավ գնահատականի:
Դերասանները երեք լեզվով են խաղում՝ հայերեն, ֆրանսերեն ու կրեոլերեն: Թատերագրության տեսանկյունից լեզվական դժվարություններ չե՞ն առաջանում. յուրաքանչյուր լեզու ունի սեփական արտահայտչամիջոցներն ու հնչողությունը:
- Երբեք որևէ դժվարություն չի եղել: Եռալեզու ներկայացում բեմադրելով՝ ուզում էինք առաջին հերթին ինքներս մեզ ապացուցել ու հանդիսատեսին էլ ցույց տալ, որ բեմահարթակում գոյություն չունեն լեզվական անջրպետներ: Թումանյանի արվեստը համամարդկային արժեք է: Թումանյանական ոգին պահպանելու դեպքում չի կարող առաջանալ որևէ խոչընդոտ: Յուրաքանչյուր լեզու օժտված է իր մեղեդայնությամբ, և չնայած այլ լեզուների առկայությանը՝ մեր հեթիաթներին բնորոշ հնչողությունը չի կորչում: Լեզուների նման միախառնումն ընդունված երևույթ է. նման ներկայացումներ շատ թատրոններում են բեմադրվում:
Ինչպես Ֆրանսիայում էր հանդիսատեսը հեշտությամբ հասկանում հայերեն ու ֆրանսերեն տեքստերը, այնպես էլ Հայաստանում չի կարող լեզու չիմանալը խնդիր լինել: Օրինակ՝ «Քաջ Նազարում» գերակշռում է կրեոլերենը, իսկ «Մի կաթիլ մեղրն» ամբողջությամբ ֆրանսերեն է: Հայերն անգիր գիտեն բոլոր հեքիաթները, ու Յանիկի կերպարների գունագեղություն ու յուրահատուկ ոգու շնորհիվ է՛լ ավելի հեշտ են հասկանում կրեոլերեն ու ֆրանսերեն ներկայացումը: Բեմադրությունը նաև շատ երաժշտական է. հնչում են հայկական ազգային մեղեդիներ ու կրեոլական ռիթմեր:
Հայ հանդիսատեսը երբեմն շատ պահպանողական է, մանավանդ հայկական դասականների գործերի մեկնաբանութան հարցում: Մտավախություն չունե՞իք, որ կարող եք, մեղմ ասած, ոչ դրական արձագանք ստանալ:
- Պահպանողականությունը փոքր ազգերին բնորոշ բնական հատկանիշ է. սա վատ չէ: Բայց արվեստը պետք է ազատ լինի: Յուրաքանչյուր նկարիչ, երաժիշտ կամ գրող ինքը պետք է որոշի, թե որտեղ են սկսվում ու ավարտվում իր ազատության սահմանները՝ առաջնորդվելով սեփական պրոֆեսիոնալիզմով: Արվեստը շղթաների մեջ չի կարող լինել: Փորձեք պատկերացնել մի անգլիացու, ով կասեր, թե չի հավանում Շեքսպիրի պիեսների ճապոնական բեմադրությունները…
Մայրաքաղաքից դուրս բեմադրություններն ինչպե՞ս են ընթանում:
- Նախագծի ամենակարևոր պայմաններից մեկը հեքիաթները Հայաստանի շրջաններում՝ այսպես կոչված քույր-քաղաքներում ներկայացնելն էր: Այդպիսիք են Վիենան ու Գորիսը, Գրենոբլն ու Սևանը, Ռոմանն ու Վարդենիսը, Մոնտելիմարն ու Սիսիանը, Իզեր վարչական շրջանն ու Գավառը: Կարելի է ավելացնել նաև Ջերմուկն իր Սեն Ռաֆայել քույր-քաղաքով: Ուզում եմ նշել, որ բացի Ռոն Ալպ շրջանի օգնությունից, մեզ սատարում են հյուրընկալող ֆրանսիական ու հայկական քաղաքների տեղական իշխանությունները:
Հայկական բոլոր շրջաններում ներկայացումները մեծ հաջողության են հասնում: Այնտեղ մարդիկ դերասանների հանդեպ պահել են հատուկ վերաբերմունք՝ հիացմունք, ակնածանք, ինչը Երևանում այդքան հաճախ չի հանդիպում:
Նախագծի առաջի երկու փուլերը՝ երևանյանն ու շրջանայինը, ավարտվել են: Եղանք Վարդենիսում, Սևանում, հիմա էլ երկրորդ փուլում ելույթ կունենանք Գորիսում, Սիսիանում ու Ջերմուկում: Ի դեպ, Գորիսում մեզ կմիանա տեղական թատրոնի երեք դերասան: Այսպես զրոյից նոր ներկայացում կբեմադրենք: Պլանավորում ենք աշնանը նորից գալ ու ելույթ ունենալ Գյումրիում ու Վանաձորում: