26 Հունիս 2013, 13:01
2318 |

Կոնսոնա՞նս, թե դիսոնանս

Հունիսի 24-ին Հայաստանի Գրողների միության մեծ դահլիճում Assonance ժամանակակից երաժշտության անսամբլի դեբյուտային համերգն էր: Մի քանի երիտասարդ երաժիշտներ՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի գլխավորությամբ, կազմեցին մի անսամբլ, որը կատարելու է միմիայն ժամանակակից ակադեմիական երաժշտություն:

Անսամբլի կազմում են Գոհար Առաքելյանը (ֆլեյտա), Արսեն Գրիգորյանը (կլարնետ), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Մերի Դոլմազյանը (ալտ) և Շողակաթ Վարդանյանը (դաշնամուր): Թեև սա անսամբլի առաջին և պատասխանատու ելույթն էր, երաժիշտները բավականին լավ ներկայացրեցին 20-րդ դարի կոմպոզիտորներ Շյոնբերգի, Ֆելդմանի, Ստրավինսկու, Կուրտագի, Վարեզի և Լյուտոսլավսկու ստեղծագործությունները:

Հովիկ, ինչպե՞ս ծագեց ժամանակակից երաժշտության անսամբլ ստեղծելու միտքը:
- Դեռ մեկ տարի առաջ երազում էի ստեղծել մի անսամբլ, որը կկատարեր ժամանակակից երաժշ¬տություն և որի համար հենց կգրվեր նոր երաժշտությունը: Դա միայն իմ ցանկությունը չէր, այլև շատ այլ երաժիշտների: Ուստի երբ տրվեց հայտարարություն անսամբլի ստեղծման մասին, արձագանքները և դիմումները մեծ թիվ էին կազմում: Այդպես ընտրվեցին այսօրվա երաժիշտները և ստեղծվեց անսամբլը:

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել անսամբլի կազմը և որքանով է հնարավո՞ր վերջինիս համալրումը:
- Անսամբլի կազմը և համերգային ծրագրերը միմյանց հենց համապատասխանեցվում են: Օրինակ, այս համերգին չունենք թավջութակ, սակայն առաջիկայում կավելացվի նաև այդ գործիքը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել անսամբլի երկացանկը: Ուստի անսամբլի համալրումը ոչ միայն հնարավոր է, այլև շատ ցանկալի է:

Ի սկզբանե ես ցանկանում էի ստեղծել «Լուսնի պիերո» կազմ, որն ընդգրկում է ֆլեյտա, կլառնետ, ջութակ, թավջութակ և դաշնամուր, սակայն դեռ չունենք թավջութակ, փոխարենը կազմում կա ալտ: Առհասարակ, «Լուսնի պիերո» կազմն ամբողջ աշխարհում տարածված է, կարելի է անգամ ասել, որ դա դասական կազմ է դարձել՝ ինչպես կվարտետը, դաշնամուրային տրիոն և այլն: Այն մոբիլ է, հեշտ է ձևափոխվում: Եվ այսօրվա համերգը դրա ապացույցն է:

Assonance-ը տեքստի, մասնավորապես բանաստեղծական տեքստի ֆոնետիկական կառուցման հնար է: Ինչո՞վ է պայմանավորված անսամբլի նման անվանումը:
- Assonance-ը վերաբերում է նաև ժամանակակից ակադեմիական երաժշտությանը: Այսօր այլևս չի գործում կոնսոնանս և դիսոնանս հնչողությունների հարաբերության դասական ընկալումը, դրանք դուրս են գործածությունից: Փոխարենն այժմ կիրառելի է ասոնանս տերմինը, որն արտահայտում է դիսոնանս հնչողության կոնսոնանս ընկալումը:

Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը հազվադեպ է հնչում Հայաստանում: Դուք, լինելով երիտասարդ երաժիշտներ, կարողանու՞մ եք հաղթահարել խնդիրները:
- Անսամբլի կազմում ընդգրկված են շատ լավ երաժիշտներ, բոլորն էլ բավականաչափ պատրաստված են, ունեն նման երաժշտության կատարման որոշակի փորձ, մեծ բազա, որի հիման վրա նորը կառուցելը հեշտ է: Նրանց հետ աշխատելն ինձ համար պարզապես հաճույք է:

Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը բավականին լայն հասկացություն է: Անսամբլն ունի՞ մշակված որոշակի երկացանկ:
- Որևէ կոնկրետ նախագիծ դեռ չունենք: Երկացանկի կազմը կախված է տվյալ համերգից: Մի օր կատարում ենք 20-րդ դարի երաժշտություն, հաջորդ անգամ կլինի մեկ այլ բան և այդպես շարունակ:

Assonance-ի երկացանկում կընդգրկվե՞ն հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
- Անշուշտ: Անսամբլի ստեղծման նպատակներից մեկը հենց դա էր՝ խթան հանդիսանալ նոր գործերի ստեղծման համար: Գուցե գրվեն ստեղծագործություններ նաև մեզ համար: Հուլիսի 8-10-ը Ծաղկաձորում կանցկացվի Արվեստների եռօրյա ակադեմիա, որի ընթացքում հինգ կոմպոզիտորներ պետք է գրեն ստեղծագործություններ, իսկ Assonance-ը հանձն է առել կատարել դրանք: Հետագայում վերջիններս կմնան մեր երկացանկում:

Վերջին համերգային ծրագրում ընդգրկված են 20-րդ դարի 6 կոմպոզիտորների ստեղծագործություններ: 20-րդ դարի երաժշտությունը համարվու՞մ է ժամանակակից:
- Քանի որ արդի ժամանակակից երաժշտության հիմքը հենց 20-րդ դարի երաժշտությունն է, կարծում ենք, որ ճիշտ կլինի նախ ներկայացնել այն երաժշտությունը, ինչից ամեն ինչ սկսվել է, այնուհետև անցնել բոլորովին նոր երկերին: Այս ծրագրում նախորդ դարի դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ են, և եթե կարողանանք դրանք հաղթահարել, ապա հետագայում կներկայացնենք նաև այնպիսի բարդ պարտիտուրներ, որոնք այսօր կատարում են աշխարհի լավագույն անսամբլները:

Այս թեմայով