Համամարդկային չարիքների՝ ցեղասպանությունների, բռնությունների, պատերազմների մասին միջազգային հանրությունը պատկերացում ու համապարփակ կարծիք է կազմում նաև գրողների շնորհիվ։ Որքան էլ Հայ դատի գրասենյակները տարբեր ատյաններում բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը, որքան էլ հայկական լոբբինգն աշխատի այդ ուղղությամբ, պետք է ընդունել, որ հատկապես օտարազգի հեղինակների գրվածքները մեծ դերակատարում ունեն միջազգային հանրության գիտակցությունն արթնացնելու, Մեծ եղեռնի փաստի վրա ուշադրություն հրավիրելու առումով։
Իսպանացի հայտնի արձակագիր, 30 գրքի հեղինակ Գոնսալո Գուարչը 2000-ականներից նպատակ ունի արդարության մասին մոլորակի մարդկանց ականջալուր դարձնելն է։ Նա ստեղծագործում է պատմավեպի ժանրում, մեծ մասամբ գրում էթնիկ խնդիրների, ազգամիջյան ոճրագործությունների մասին։
Իսպանացի գրողը հյուրընկալվել է Հայաստանում՝ իր հետ բերելով Հայոց ցեղասպանությանը նվիրված եռագրությունը. գրքերից յուրաքանչյուրը ներկայացնում է հայկական մեկ գերդաստանի պատմություն։ Հայերի ու հայկականի հետ կապը մանկությունից է գալիս։ Պատմում է, որ 15 տարեկան էր, երբ մայրն իրեն է տվել Վիլյամ Սարոյանի գրքերից ու հորդորել կարդալ։ «Այդ վերնագրերը պետք է որ ձեզ ծանոթ լինեն՝ «Իմ անունն Արամ է», «Մարդկային կատակերգություն», «Իմ սիրտը լեռներում է»։ Կարդացի ու զգացի, որ սիրտս ձգտում է այդ գրողին նմանվել։ Վիլյամ Սարոյանը կյանքումս հանդիպած առաջին հայն էր», - հիշում է Գոնսալո Գուարչը։ Հետո հայերի հետ հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել՝ արդեն իրական, ստեղծագործական շոշափելի արդյունք տվել։ 1999-ին իսպանացի գրողը ծանոթացավ շվեյցարաբնակ Թերեզա Ագոպյանի հետ, որն առաջին իսկ հանդիպմանը բարձրաձայնեց իր կանխազգացման մասին. «Դուք գրելու եք իմ ժողովրդի պատմությունը, ես կպատմեմ այն Ձեզ»։
Թերեզա Ագոպյանի եղեռնազարկ գերդաստանի մարդիկ դարձան Գոնսալո Գուարչի առաջին վեպի հերոսները։ Մյուս երկու պատմությունները սպասեցնել չտվեցին։ Հայոց ցեղասպանության իրողությամբ, ուսումնասիրություններով, վկայություններով ու վավերագրերով հետաքրքրված՝ իսպանացին մի քանի տարում գրեց «Հայոց տոհմածառը», «Հայկական կտակ» և «Սպիտակ լեռ» եռագրությունը։ Գրքերը մոսկվայաբնակ բարերարի աջակցությամբ թարգմանվեցին ռուսերեն։ Եռագրության երկու գրքերի հայերեն տարբերակը կա, անգլերենն ու ֆրանսերենն ընթացքի մեջ են։ Գուարչն անդրադարձել է համիդյան ջարդերից մինչև հայերի ցեղասպանությանն ու գաղթին՝ փորձելով զգայացունց պատկերներով, ասելիքի, գաղափարի, փաստերի խորությամբ ճեղքել ընթերցողի՝ հատկապես օտարի գիտակցությունն ու խիղճը։
Գրողը հորդորում է միջնորդել, որպեսզի Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը եռագրությունը ներկայացնի այդ երկրի բարձր պաշտոնյաներին։ Նա վստահ է, որ նման գրքերը պետք է պետական մակարդակով ներկայացվեն՝ ուշադրություն հրավիրելով գրական ստեղծագործության վրա՝ որպես փաստավավերագրական վկայության։ «Նման գրքերը նախ և առաջ փաստաթղթեր են, որոնք թարմացնում են նոր սերնդի հիշողությունը, չէ որ տեղի ունեցած սարսափելի դեպքերը ոչ առասպել են, ոչ էլ հորինվածք։ Նպատակս է, որ ընթերցողն իր գիտակցության մեջ վերապրի հայերի ցեղասպանությունը, դատապարտի այն ու ճանաչի հերոսական հայ ժողովրդին», - նկատում է իսպանացին։
Գոնսալո Գուարչն արդեն երրորդ անգամ է Հայաստանում. եկել է կնոջ, դստեր ու փեսայի հետ։ Փաստագրական եռագրությունը նրանց անմիջական մասնակցությամբ է ծնունդ առել՝ աշխատանքի հավասար բաժանման արդյունքում։ Իսպանացու կնոջը՝տիկին Ամալյային տեսնելով՝ լրագրողներն սկսեցին հայերեն հարցեր տալ՝ կարծելով, թե հայ է։ Անունը խաբեց. Ամալյան իսպանուհի է։ Գուարչների ընտանիքը Հայաստանում իրեն զգում է՝ ինչպես հարազատ տանը. ոչ մի խորթություն կամ նոր միջավայրին հարմարվելու բարդություն։ «Իսպանացիները շատ նման են հայերին՝ նույնքան հախուռն։ Ես շփոթահար եմ. չէի սպասում, որ այսքան ջերմ ու գրկաբաց կընդունեք ինձ ու կմեծարեք իմ աշխատանքը», - ավարտեց իսպանացի արձակագիրը։
«Ոճիրները երբեք վաղեմության ժամկետ չեն ունենում» համոզմունքով Գոնսալո Գուրաչը փափագում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ իր եռագրությունը տարածել որքան հնարավոր է ավելի շատ թվով երկրներում։ Լիահույս է՝ սեփական շահերից ելնելով՝ հայերս կօգնենք նրան քարոզչության հարցում։