«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են շուրջ 18.000 ձեռագիր մատյաններ». փաստ ինչ-որ վայրում պահպանվող մատյանների ինչ-որ քանակության մասին: Իրականում` ասք թշնամու և ժամանակի ավերիչ ուժից տարագիր հայի հետ հրաշքով փրկված 18.000 ճակատագրերի և գրքի հանդեպ հնօրյա պաշտամունքի մասին:
Այդ պաշտամունքն այսօր էլ է կենդանի: Առայսօր Մատենադարան են բերվում հին ձեռագրեր, առայսօր կան մարդիկ, ովքեր իրենց գրադարակներում, տան մութ ու անձեռնմխելի խորշերում սրբազան երկյուղածությամբ հին գրքեր են պահպանում: Մատենադարանից վերջերս մասնագետների պատվիրակություն է մեկնել Ջավախք, որտեղ միջնադարից մինչև օրս գյուղերում պահպանվում են հայտնի ու խիստ արժեքավոր Կարմիր ավետարանն ու Ծուղրուտի ավետարանը: Դրանք կբերվեն Մատենադարան, կբուժվեն, կվերականգնվեն ու կվերադարձվեն իրենց տերերին: «Մարդիկ դժվար են բաժանվում նման գրքերից: Բաժնում հիմա ձեռագիր կա, որը մի պարսկահայ անցյալ տարի նվիրեց. գրչագիր Խիզանցու արծաթակազմ հրաշք ձեռագիրն է: Նվիրելիս չէր կարողանում զսպել արցունքները, ճիշտ է' գիտակցում էր, որ հակառակ դեպքում ձեռագիրը վաղ թե ուշ անդառնալի կորստյան է մատնվելու, բայց, միևնույնն է, լաց էր լինում,- պատմում է Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը:- Մարդիկ հաճախ տեղյակ էլ չեն, թե ինչ բովանդակություն ունի տվյալ գիրքը, մի տող էլ չեն կարդացել, բայց մասունքի նման են պահում: Գրքի այս պաշտամունքը գովելի է, բայց, ցավոք, շատ անգամ այն ի վնաս է աշխատում: Երբեմն գիրքը մեզ է հասնում անդառնալի կորուստներով»:
Բայց որքան էլ վնասված' մատյանները չեն կորցնում իրենց արժեքը: Այս յուրահատուկ վեհությունը զգում ես մատյանին մի հայացք ձգելիս, էլ ուր մնաց' այն թերթելիս կամ նրա հետ աշխատելիս: Մատենադարանի կոնսերվացման ու վերականգնման բաժնի աշխատակիցներին վիճակվել է առանձնահատուկ մենաշնորհ' անմիջականորեն շոշափել դրանք ու զգալ այդ մատյանների անբացատրելի կենդանի էներգիան: Հավանաբար, հենց այդ էներգիան զգաց նաև արվեստի պրոֆեսոր, գերմանացի Ռոբերտ Շթելեն, որի աչքերից հիացմունքի ու ակնածանքի լուռ արցունքներ գլորվեցին, երբ նա իր ձեռքն առավ արծաթակազմ ձեռագիրը. անհնար է չհուզվել, երբ առարկայացած ես տեսնում անցյալի գրի ու արվեստի մի ձուլածո կտոր: Այդ օրից Շթելեն անհատույց համագործակցում է Մատենադարանի վերականգնման բաժնի հետ, զբաղվում է մատյանների արծաթյա կազմերի վերականգնման աշխատանքներով: Արդեն մոտ 170 ձեռագրի արծաթե կազմ են վերանորոգել: Ի դեպ, նա վերականգնման բաժնի միակ գերմանացի աշխատակիցը չէ: Մարգրեթ Յաշկեի կապը «հայկականի» հետ նախ «խնամիական» էր. նրա դուստրը ամուսնացել էր հայի հետ և հիմնավորվել Հայաստանում: Մարգրեթի ամուսինը սկսել է տուրիստական խմբեր բերել մեր երկիր և հենց այդ խմբերից մեկի հետ էլ տասներեք տարի առաջ Հայաստան ժամանեց Ռ. Շթելեն: Ու արդեն տասներեք տարի խորն ակնածանով ու խնամքով նրանք վերականգնում են հայկական արծաթակազմ ձեռագրեր ու դարձել են հայերեն գրքի և հայկական գրքապաշտության դեսպաններն արտասահմանում:
«Մենք կոչված ենք ձեռագրերի, հնատիպ գրքերի, վավերագրերի մշտական հսկողություն իրականացնել: Այժմ էլ ԿԳ նախարարության ֆինանսավորմամբ կատարվում է մեր հնատիպ գրքերի, վավերագրերի վիճակի մոնիթորինգ, որը նախկինում երբեք չի կատարվել: Հույս ունենք, որ դա շարունակական կլինի, որովհետև հնարավոր չէ մեկ տարում 300.000-ից ավել նմուշներ փաստագրել, որոշել վիճակը, բուժել, նորոգել»: Մատենադարանի վերականգնման բաժնում անընդհատ զբաղված են, այստեղ անելիքը, իրոք, շատ է: Առաջին տպավորությունն այնպիսին է, թե այդ աշխատանքը կապված է ձեռագրերի արտաքին տեսքի գեղեցկացման, նկարների ու տեքստերի վերականգնման հետ: Բայց համաշխարհային չափանիշների համաձայն, այսօր վերականգնողի աշխատանքում առաջնահերթը կոնսերվացումն է, պատմական հուշարձանի պատմական տեսքի վերականգնումը և պահպանումը այն տեսքով, ինչպես կա'մինիմալ միջամտությամբ:
Չիմացող մարդը հնարավոր է' նայի աշխատանքին և ասի, որ ոչինչ չի փոխվել: Ու դա կլինի վերականգնողի աշխատանքին տրվող լավագույն գնահատականը, աշխատանք, որը ներառում է մանրանկարների վիճակի ստուգում, անհրաժեշտություն դեպքում' մանրանկարի ամրացում, կենսաբանական ստուգումներ՝ սնկերի, մանրէների ախտորոշում, էջ առ էջ ախտահանում ու բուժում հատուկ նյութերով, մեխանիկական աղտոտվածության մաքրում, թանաքի թթվայնության կասեցում և այլն: Մաքրվում են անցյալի հետքերը, կոնսերվացնում ներկա վիճակը' մարտահրավեր նետելով ժամանակին. այն այլևս անզոր է վերականգնողի հմտության ու պրոֆեսիոնալիզմի դեմ, որը գնալով ավելի է զարգանում:
Մատենադարանում վարպետության դասեր են վարում արտասահմանցի բարձրակարգ վարպետներ, Մատենադարան շատ արտասահմանցիները գալիս են նաև սովորելու, քանի որ նյութի նման բազմազանություն հնարավոր է գտնել միայն այստեղ: Միայն այստեղ է հնարավոր տեսական նյութը համադրել գործնականի հետ:
Մատենադարանի կոնսերվացման և վերականգնման բաժնի տնօրեն Գայանե Էլիազյանը պատմում է. «Վերջին բարդ գործը հանձնել ենք 2011-ին. Մելիտենեի 11-րդ դարի մեծ Աստվածաշունչն է: Վերականգնումը երեք տարի տևեց: Աշխատում էինք չորս հոգով: Մագաղաթի հետ աշխատելը շատ ավելի բարդ է, այն այլ է կառուցվածքով, շատ զգայուն է, արագ է ընկալում մթնոլորտային փոփոխությունները: Պետք է ավելի փորձառու լինել, ճանաչել այն: Աշխատելու ընթացքում ձեռագրի հետ յուրօրինակ կապվածություն է ծնվում: Ձեռագրերը ձգող ուժ ունեն իրենց մեջ, կենդանի էներգիա, ասես պահպանել են իրենց գրիչների ու մանրանկարիչների, նաև իրենց տերերի ձեռքերի էներգետիկան, այն մենք զգում ենք աշխատելու ընթացքում»:
Բաժնի կրտսեր վերականգնող Արամ Մարիկյանը պատմում է Մատենադարանի հետ իր կապի մասին. «Պատահական էր այստեղ գալս, զուտ հետաքրքրասիրությունից դրդված, բայց եկա ու մնացի: Գրավում է հատկապես հնության հետ շփումը, և առավել ևս այն գիտակցությունը, որ ինչ-որ արժեքավոր ու կարևոր գործ եմ անում»: Մանրանկարչուհի, վերականգնող Սուսաննա Կիրակոսյանը նույնպես հպարտ է իր աշխատանքով. «Ես այն բախտավորներից եմ, որը մանրանկարները տեսնում է ոչ թե ցուցափեղի ներսում կամ արտատպված ալբոմներում, այլ դրանց բնօրինակը, փաստորեն՝ տեսնում է ավելին: Զգացողությունն աննկարագրելի է. ամեն օր ձեռքիդ տակ ավետարան ունենալ, զգալ դրանց հոգևոր ուժն ու էներգիան, որն ասես պաշտպանում է քեզ աշխարհի չարից: Ամեն օր ավետարանի հետ, ամեն օր' ասես եկեղեցում»: