Ժամանակակից արվեստի թանգարանում թիֆլիսահայ գեղանկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ավագ որդին՝ Հենրի Էլիբեկյանը, ցուցադրում է իր՝ 2012-ին արված շուրջ 40 գեղանկարներ, որոնց կողքին՝ առանձին շարքով ներկայացված են նրա որդու՝ երիտասարդ նկարիչ Վահիկ Էլիբեկյանի 10 կտավներ: Ցուցահանդեսը, որը բաց կլինի ուղիղ մեկ ամիս, կրում է «Երկու սերունդ» խորագիրը: «Մենք շատ երկար էինք սպասել այս ցուցահանդեսին: Վերջապես կարողացանք միասին ցուցադրել հոր և որդու աշխատանքները, - նշում է թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը:- Վահիկը երկար ժամանակ չէր համարձակվում, ասում էր. «Հայրս մետր է, ես ինչպե՞ս կարող եմ իմ աշխատանքները դնել նրա գործերի կողքին»: Բայց երբ ցուցադրությունը վերջապես ձևավորեցինք, նրա մոտեցումը փոխվեց, զգաց, որ գուցե և կարող է ցուցադրվել հոր հետ միասին»:
Եվ իսկապես, շիկնած այտերով երիտասարդ նկարիչ Վահիկը մեծ հուզմունքով էր ընդունում այցելուների շնորհավորանքները, հավանաբար, ներքուստ հպարտանալով իրադարձության կարևորությամբ: Հենրի Էլիբեկյանի նախորդ տարվա աշխատանքները չքնաղ են՝ նուրբ վարդագույն, երկնագույն, կաթնագույն, կանաչ ու դարչնագույն լայն վրձնահարվածներ՝ կոտրված սևի անսպասելի պոռթկումներով ու գունաբծերով։ Աբստրակտ գեղանկարչության հերթական ձևափոխություններ՝ լի զգացական բովանդակությամբ ու լարվածությամբ: իսկ Վահիկի ցուցադրված 10 կտավները, թեև նույնպես աբստրակտ են, բայց շատ ավելի զուսպ, կոկիկ, հաշվարկված հորինվածքներ ունեն և անխառն գույներով են լուծված:
«Իմ ժամանակակիցները» խորագրով մյուս ցուցահանդեսին ներկայացված էին Հենրի Էլիբեկյանի տարբեր շրջաններում արած դիմանկարներ։ Այստեղ կարելի է ճանաչել բազում տաղանդաշատ արվեստագետների, այդ թվում՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, քանդակագործ Արտո Չակմակչյանին, գրականակագետ Լևոն Ներսիսյանին, նկարիչներ Մինաս Ավետիսյանին, Վրույր Գալստյանին, արվեստաբաններ Սեյրանուշ Մանուկյանին, Լևոն Իգիթյանին, Նազարեթ Կարոյանին և այլոց: 22 դիմանկարներից շատերը բավականին աբստրակտ լուծումներ ունեն, դժվարությամբ են ճանաչելի՝ դրանով իսկ արտահայտելով գեղանկարչի անձնական ընկալումը: