Երևանյան թատերական իրարանցումն այնպիսի համընդհանուր զբաղվածություն է առաջացնում, որ անգամ նոր ներկայացումների համար ազատ բեմատարածք գտնելն է դժվար գործ դառնում: Փաստն ինքնին ուրախալի է, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ զարգացումների շարժիչ ուժը մեծամասամբ երիտասարդներն են: Այլ խնդիր է, թե վերջիններս ինչպիսի նկրտումներով են լծվում ներկայացում ստեղծելու գործին: Ցավոք, այսօր ոմանք թատրոնը դարձնում են զվարճանքի վայր: Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը ուսումնասիրեց, թե ինչպես են փորձում այսօր բավարարել բեմարվեստի ամենաբարդ ժանրերից մեկի՝ կատակերգության պահանջները:
Վերջերս ոչ ապաշնորհ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում «Արարատ 73» անտրեպրիզային ներկայացումը հեղինակեց: Քաղքենիական դրամայի և բարքերի կոմեդիայի հատկանիշների խառնուրդ, որը, չգիտես ինչու, ներկայացվում է որպես տրագիկոմեդիա: Թաղման արարողակարգը, ինչ խոսք, ուրախալի դեպք չէ, բայց այն դեռ տրագիզմի երաշխիք էլ չէ, սակայն ամեն ծիծաղելին կատակերգական չէ: Մանավանդ՝ գործի թեմատիկ առանձնահատկությունը պահանջում է զավեշտալի իրադրությունների կառուցման նախանձելի նրբանկատություն, որ չխոցվեն հանդիսատեսի զգացմունքները: Իսկ ստեղծագործական խումբն իր գեղագիտական ստորագրությունն է դարձրել գրոտեսկի և սատիրայի միջակայքում ընկած ծաղրականի ու ֆարսային արտաքին կոմիզմի հանրագումարը: Հետևապես, ծիծաղի փոխարեն զայրույթդ են հարուցում չարդարացված գռեհկությունները: Հանգուցյալի թոռը չի խորշում արտասահմանից հոր թաղմանը մասնակցելու եկած հորաքրոջը հետնամասից հետին մտքով գրկելուց: Ռեժիսորն էլ՝ Անահիտ Մութաֆյանի բարեմասնության ծավալատարածական հնարավորություններն է խաղարկում: Մյուս կողմից՝ դերասանները հիմնականում հեռու էին բացարձակ ձախողումից: Հատկապես Արաքս Մելիքյանն ու Անահիտ Մութաֆյանը, ովքեր իրենց կերպարներով խաղային նոր որակներով են ներկայանում հանդիսատեսի դատին:
Ժանրի զգացողության պակասի պատճառով կոմեդիայի առջև հաջորդ մեղանչողը ևս շնորհալի բեմադրիչ Սուրեն Սաֆարյանն է: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երիտասարդ ռեժիսորի բեմադրած կատակերգությունը նույնպես անտրեպրիզային է, այն է՝ կոմերցիոն: «Սիրահարված տաքսիստը» դրությունների կոմեդիան միաժամանակ երկու կին ունեցող տաքսու վարորդի մասին է, ով իր իսկ սահմանած ժամանակացույցով նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին կյանք է վարում: Սակայն դեպքերի ստիպմունքով երկսիրության հետևորդի անհավատարմության գաղտնիքը քողազերծման վտանգի առջև է կանգնում, և նա, ստի վրա սուտ կառուցելով, անընդմեջ արդարացումներ է հորինում, որպեսզի ստեղծված տհաճ իրավիճակից չոր դուրս գա: Այսինքն՝ զավեշտահարույց դրությունների բավական դինամիկ հաջորդականություն ունեցող սյուժե, որում առկա թյուրիմացությունների ու դիտավորյալ պատահականությունների բարդ համակցությունը կոմիկական խաղի առանձնակի վարպետություն է պահանջում: Պարզվում է՝ Սուրեն Սաֆարյանի գեղարվեստաէսթետիկական պահանջներն այլ են. գրողի ծոցն ուղարկելով ժանրային անհրաժեշտությունները՝ նախընտրել հակաէսթետիկ հեռուստասերիալների գործիչների հանրահռչակության փայլով կաշառել հանդիսատեսի հումորի զգացումը: Դերերը վստահել է այնպիսի խառնվածքի տեր մարդկանց, որ գլխավորապես անհաղորդ են քմահաճ կոմեդիայի կամայականություններին: Այս ամենին էլ գումարվում են բեմադրական տեսանկյունից չհասունացող գործողությունները, և մոտ 80 րոպե տևողություն ունեցող ներկայացման ընթացքում ընդամենը մեկ անգամ ես ծիծաղում: Ուշագրավն այն է, որ բեմադրիչը երկու գործողություններից բաղկացած ստեղծագործությունը առանց ընդմիջման ընթացող ներկայացման է վերածել: Հավանաբար, մտավախություններ ուներ, որ ներկայացման ընդմիջումից հետո հանդիսատեսի ստվար զանգվածը գուցեև դահլիճ չվերադառնա:
Այս տեսանկյունից կարելի է ասել՝ մտահոգվելու առիթ չունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Զգուշացեք՝ կանայք են» կատակերգությունը բեմադրած Հենրի Քոչարյանը: Օժտված լինելով մասնագիտական հոտառությամբ՝ բեմադրիչը պահպանել է երկու գործողության սկզբունքը, թեև, երբեմն անհարկի, երբեմն էլ՝ անհրաժեշտաբար, տեքստային որոշակի կրճատումներ է կատարել: Ավելին, չբավարարվելով եղածով, նա նույնիսկ մի քանի շտրիխային հավելումներ է կատարել, ինչն էլ ավելի է սրում ճաշակավոր երաժշտական ձևավորում ունեցող ներկայացման կատակերգական անկյունները: Բայց երիտասարդ ռեժիսորը բանականության նժարով ծանրութեթև չի արել թատերարվեստի ներքին օրենքներից մեկը. կոմիկականի սրմանը նպաստող կոպտությունն էլ իր չափն ու յուրահատուկ տեղն ունի: Ահա թե ինչու է նա բեմում տիրող ֆրանսիական մթնոլորտում Սոնա Մուրադյանին թույլ տալիս Ժակլինի հախուռն, կրքոտ ու առերևույթ կոպիտ կերպարը կերտելիս՝ հայկականացնել այդ հատկությունները: Դերասանուհին խոսքի այնպիսի հնչերանգ է մատուցում, որ թվում է՝ Ժակլինը ոչ թե սպասարկման ոլորտում աշխատող կիսագռեհիկ ֆրանսուհի է, այլ Շենգավիթ համայնքի թաղային հանցագործ հեղինակություններից մեկի արժանավոր դուստրը: Սա խոսում է բեմադրիչի գեղագիտական դաստիարակության չհղկվածության մասին: Ի վերջո պետք է հասկանալ, որ ներկայացման բովանդակային արժեքը ցածրակարգ հումորին զոհելն անթույլատրելի է, քանի որ այսօրվա էսթետիկան վաղվա էթիկան է՝ ապագա սերնդի արժեհամակարգային կողմնացույցը:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2012