18 Մայիս 2013, 16:59
1722 |

Մինուսից պլյուսի անցումը՝ մեկ հովանավորի հարց

Մայիսի 18-ին Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնում «Երաժշտության կասկադ» համերգաշարի շրջանակում տեղի ունեցավ երգահան, երաժիշտ Լիլիթ Պիպոյանի այս տարի թվով երրորդ մենահամերգը: Այս համերգն առանձնանում էր թե՛ ոճերի բազմազանությամբ, և թե՛ կատարումների խտությամբ: Հնչեցին հեղինակային կատարումներ, ժողովրդական և միջնադարյան երգերի ժամանակակից մշակումներ, և, իհարկե, Կոմիտաս:

Սա Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնում Ձեր երրորդ մենահամերգն է, փաստորեն, այստեղ Պիպոյանի համերգները դառնում են ավանդակա՞ն:
Հավանում եմ կենտրոնի համերգասրահը: Ժամանակին, երբ սրահում ուտելիք էին մատուցում, մի քիչ խախտվում էր համերգային մթնոլորտը: Ես տրամադրված եմ համերգային շարքի, մարտից սկսած ունեցել եմ արդեն երկու համերգ: Այլևս չեմ ուզում լռել:

Ձեր համերգներից մեկում նշեցիք, որ կարոտել էիք Ձեր հանդիսատեսին: Նման համերգները կարոտը փարատելու յուրօրինակ ձև՞ են:
Իրականում այդ կարոտը միշտ կա: Երաժշտի համար կարևոր է այն էներգիան, որը տալիս է նա հանդիսատեսին, ու ոչ պակաս կարևոր է հանդիսատեսի տված էներգիան: Այս անգամ ես նորովի էի կառուցել համերգային ծրագիրը՝ տարբեր ոճեր խառնելով իրար: Դա շատերի համար նորություն էր: Ինձնից ակնկալում են իմ երգերի կամերային մատուցում: Այդ պատճառով երբ վերջում խնդրեցի ձայնակցել կոմիտասյան երգերին, հանդիսատեսը կարկամեց, բայց ի վերջո, միևնույն է, միացավ:

Ե՞րբ կտեսնենք Լիլիթ Պիպոյանին մեծ բեմում:
- Այս ծրագիրը պատրաստել էի հենց մեծ բեմի համար, որտեղ ինձ հետ հանդես կգան 8-9 երաժիշտ՝ կենդանի կատարումներով: Ընդ որում, այս երաժշտությունը պետք է մատուցել բացօթյա բեմից ու անպայման կենդանի նվագախմբով: Արդեն երկու տարի է՝ ինչ ծրագիրը պատրաստ է , բայց ես ինձ թույլ չէի տալիս գործիքավորմամբ ներկայացնել այն: Ի վերջո հասկացա, որ հնարավոր է՝ այդպես էլ չգտնեմ հովանավոր այդ ծրագիրը մեծ բեմում ներկայացնելու համար, դրա համար որոշեցի գործիքավորմամբ հանդես գալ: Ու այն հանգամանքը, որ այսօր հանդես եմ գալիս մինուսով, լավ կյանքից չի, այլ հովանավորների պակասից:

Հարցազրույցներից մեկում նշել էիք՝«Իմ կյանքը դարձել է խուլ ու լուռ պայքար: Ես փորձում եմ պատնեշ շարել իմ ու էսօրվա կյանքի ամբողջ այլանդակության միջև»: Այսօր այդ պատնեշը բարձրացե՞լ է, թե քանդվելու միտում ունի:

- Ես շատ ներփակ կյանքով եմ ապրում: Եթե չդասավանդեի համալսարանում, կարծում եմ՝ մարդու երես չէի տեսնի: Հիմնականում շփվում եմ սակավաթիվ ընկերներիս և ընտանիքիս հետ: Հանրային հավաքներին չեմ կարողանում մասնակցել, հոգեբանորեն չեմ կարող շատ մարդկանց մեջ գտնվել:

Սակայն հաճախ եք մասնակցում հասարակական այս կամ այն հարցի քննարկմանը, մամուլի ասուլիսների:
- Այդպիսով ես մասնակից եմ դառնում, չէ որ անտարբեր չեմ, չեմ կարող անտարբեր լինել: Ես կարծիք ունեմ, և երբ հարցնում են, ես իմ կարծիքը հայտնում եմ:

Ինպե՞ս կգնահատեք երիտասարդների երաժշտական ճաշակը:
- Դժվարանում եմ մեկ ընդհանուր պատասխան տալ: Բայց կարծում եմ, որ տենդենցը կամաց-կամաց գնում է դեպի լավը: էսպես չի կարող մնալ, ի վերջո:

Այս թեմայով