15 Մայիս 2013, 22:45
2215 |

Փոքրիկ մեծ արտիստը

Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահի աշխույժ եռուզեռը վկայում է երեկոն համերգային լինելու մասին։ Բեմում ռոյալն է, հարևանությամբ` կանոնավոր շարված աթոռներ։ Պատանի երաժիշտները հապճեպ բեմ են բարձրանում, մեկ թառը լարում, մեկ դուդուկն ու շվին փորձում. բոլորը հուզված են, անհանգիստ ու խոսում են վանաձորյան բարբառով։ Նրանց մեջ ամենաաշխույժը պրպտող աչքերով, ժիր մի պատանի է, որը ժամանակ առ ժամանակ նստում է աթոռին, ձեռքն առնում քանոնն ու հատվածներ նվագում մեկ այս, մեկ այն երաժշտի հետ։ Համոզվելով` ամեն ինչ կարգին է` քանոնը նորից հենում է աթոռին։

«Ազգային պատկերասրահ» միջազգային 9-րդ փառատոնի հերթական երեկոյին 16-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը ներկայանում է մենահամերգով։ Նա փառատոնի ամենաերիտասարդ մասնակիցն է։ Հայրենի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաներին հավաքել և նվագախումբ է ստեղծել, ինքն էլ հենց մշակել է երկացանկը։ Մի քանի տարի առաջ փոքրիկ տղան իր մեծ քանոնով հանկարծակիի բերեց հայ և օտարազգի հանդիսատեսին, ապացուցեց, որ ազգային նվագարանով կարելի է դասական գործեր նվագել. նա ջարդեց ավանդական կարծրատիպը, թե քանոնը կանացի գործիք է և ունի սահմանափակ կիրառում։ Միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր, ոսկե մեդալակիր, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012-ի» 3-րդ մրցանակակիր, «Մոսկվայի վիրտուոզների» հետ համագործակցած պատանի քանոնահարը Նարեկը բացահայտեց քանոնի բազմաժանր շերտերը և մոռացության մատնված այս նվագարանը բարձրացրեց դասական մակարդակի։

Երաժշտական նախասիրություններդ տարբեր են. այնուամենայնիվ, քեզ համար պետք է որ դրանցից մեկը գերադարելի լինի։
- Փոքր տարիքից երգել եմ, ու, ասում են, վատ չէր ստացվում. դաշնամուրը ևս կարևոր դեր ունի ինձ համար։ Սովորում եմ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի քոլեջի դաշնամուրի 1-ին և քանոնի 2-րդ դասարաններում։ Եղել են պահեր, երբ, չնայած քանոնով վաստակած նշանակալի հաջողություններիս, դաշնամուրն եմ գերադասել։ Քանոնը մեծ տարածում չունի, ընկալման իմաստով դժվարություններ է ստեղծում. ազգային գործիք է։ Բայց հիմա առավել քան համոզված եմ, որ հենց քանոնով կարող եմ զարմացնել ու հիացնել, հատկապես` օտարներին։

Ինչո՞ւ հենց քանոն։
- Մայրս է նվագել ու երկու քանոն ունեցել։ Դրանց մասին անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետև փոքր տարիքում մեկը ջարդել եմ, իսկ մյուսով նվագել եմ սովորել ու էլի կոտրել։ Ես էլ, ծնողներս էլ հենց այդ ժամանակ ենք հասկացել, որ պետք է քանոն նվագեմ։

Շրջապատի համար խորթ չէ՞ր տղա քանոնահարի կերպարը։
- Սկզբում, իհարկե, բոլորը զարմանում էին, տարօրինակ հայացքով նայում, բայց ես ապացուցեցի, որ կարևոր չէ` ինչ, այլ` ինչպես ես նվագում։ Իմ համերգներից հետո հաճախ են ծնողները մոտենում ու ասում, որ իմ օրինակով իրենց որդիները քանոն նվագելու ցանկություն են հայտնել։ Իմ առաքելությունը հենց սա էր։ Նախորդ դարում քանոն նվագել են տղամարդիկ։ Մենք հրաշալի վարպետներ ունենք` Արշավիր Ֆիրջուլյան, Խաչատուր Ավետիսյան։ Նրանցից հետո քանոնի հայկական դպրոցը շարունակեց Անժելա Աթաբեկյանը, և հետզհետե քանոնը սկսեց ընդունվել իբրև կանացի նվագարան։ Խաչատուր Ավետիսյանը քանոնի կիրառումը բազմաժանր դարձրեց` գրելով հատուկ այս գործիքի համար ստեղծագործություններ։

Քո ձեռքին քանոնն այլ հնչողություն ունի. արևելյան գործիքով դասական ստեղծագործություններ ես նվագում։ Դա և՞ս հատուկ նպատակ է։
- Այո, ես շարունակում եմ ապացուցել, որ արևելյան գործիքի հնչողությունը կարելի է համադրել դասական նվագարանների հետ ու հրաշալի, ինքնատիպ արդյունք ստանալ։ Երբ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին ներկայացնում էի Հայաստանը, երկրորդ ստեղծագործութունը նվագեցի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մեր հարևաններն ընդգծված խանդով են վերաբերվում արևելյան նվագարաններին, պարբերաբար հանդես են գալիս այս կամ այն գործիքն իրենցը համարելու հայտարարությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը ճանաչեց ադրբեջանական գործիք։ Դուդուկն էլ է հարձակումների ենթարկվում։ Նրանք քեզ չե՞ն անհանգստացնում։
- Մի անգամ Արտեկում թուրքերն ուզում էին մատնոցներս գողանալ, դիտավորյալ հրում էին, որ քանոնս գցեն-կոտրեն։ Բացի այդ, համացանցով եմ անընդհատ հարձակումների ենթարկվում ադրբեջանցիների ու թուրքերի կողմից։ Վիրավորական խոսքեր են գրում, հայտարարում, իբր ես փչացնում եմ իրենց գործիքի համբավը։ Միևնույն ժամանակ հետաքրքրվում են վարպետության, կատարողական տեխնիկայի նրբություններով. հարց է առաջանում, եթե չեք հավանում, ինչո՞ւ եք այդքան հետաքրքրվում։ Եթե առողջ բանավեճ լինի, կմասնակցեմ, բայց ընդամենը անհիմն հերյուրանքներ ու զրպարտանքներ են։ Ասում են` ինչու եք քանոնը ներկայացնում որպես հայկական գործիք. պատասխանում եմ. «Ես չեմ ժխտում, որ քանոնն արևելյան նվագարան է, բայց պնդում եմ, որ ես նվագում եմ քանոնի հայկական տարատեսակով»։ Մի թուրք առաջարկեց համատեղ համերգով հանդես գալ։ Մի քանի հարց տալուց հետո պարզեցի, որ ուզածն այլ բան է։ Ուզում էր Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում» ստեղծագործության նոտաները ստանալ։ Բնականաբար, չտվեցի։ Ես էլ նրանց եմ հարցնում. եթե քանոնը համարում եք ձեր նվագարանը, ինչո՞ւ մի կարգին գործ չունեք քանոնի համար գրված, որ հայերից եք ուզում խորամանկելու ճանապարհով գողանալ։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան հիվանդագին ընդունում իմ հաջողությունները, որովհետև նախ` չունեն բարձրարժեք, միջազգային չափանիշներին համապատասխան ստեղծագործություններ, երկրորդ` նրանց լադային համակարգն ուրիշ է` խիստ ազգային։

Համոզված եմ, որ լավ գնահատականներ շատ ես լսել, ո՞րն է դրանցից քեզ համար ամենաբարձրը։
- Նվագել եմ Հորդանանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Չինաստանում, Բելառուսում, Կիպրոսում, Մոնակոյում. ավելորդ համեստություն չեմ անի. ամեն տեղ հրաշալի ընդունելության եմ արժանացել։ Էդվարդ Միրզոյանն էլ է լսել ինձ, լավ խոսքեր ասել ու առաջարկել իր ստեղծագործությունը նվագել։ Պատրաստեցի, որ ներկայացնեմ նրան, ցավոք, չհասցրեց լսել իմ կատարումը։ Ինձ համար մեծ պատիվ է նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի գնահատականը։ 2012-ին Եվրատեսիլի նախնական լսումների ժամանակ ասաց. «Նարեկը Հայաստանի լավագույն քանոնահարն է»։ Առանձնակի կարևորում եմ Վլադիմիր Սպիվակովի բնորոշումը` Маленький большой артист։ Ես հրաշալի ուսուցչուհի ունեմ` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, որից շատ բան եմ սովորում, նաև` համագործակցում նրա հետ։

Կա՞ մի բեմ, որը կուզեիր նվաճել, մի երաժիշտ, որի հետ երազում ես նվագել։
- Կուռքեր չունեմ, մեծ բեմերի ձգտում` ևս։ Իմ նպատակն է մասնակցել միջազգային մրցույթների և արժանանալ բարձր գնահատականների, անընդհատ կատարելագործվել, վարպետանալ, ցույց տալ քանոնի անսպառ հնարավորությունները։ Ուզում եմ անպայման մասնակցել BBC-ի հայտարարած «Պատանի տաղանդներ» մրցույթին։ Ջանք չեմ խնայելու հաջողության հասնելու համար։ Տեսնենք` ինչ կլինի։

Այս թեմայով