19 Հունվար 2019, 13:37
19362 |

Աքաղաղը՝ հայկական խորհրդանիշերի շարքում

Հայ կանայք, ինչպես օրինակ՝ Կարինի հայուհիները իրենց գլխազարդի, որը վարդ-թանթարա էին անվանում, ճակատամասի ժանյակների վրա, երբեմն, նրբորեն եռաչափ ասեղնագործված աքաղաղներ էին փակցնում[1]։ Աքաղաղի պատկերներ հանդիպում ենք նաև հայ կանանց տարազի գոգնոցներին[2]: Մանրանկարչության մեջ ևս կան այդպիսի պատկերներ, ինչպիսին օրինակ՝ Թորոս Ռոսլինի խորանի նկարն է՝ երկու աքաղաղներով։ Նման հանդիպակաց աքաղաղների պատկերներ կան նաև 19րդ դարին պատկանող հայկական մի գորգի վրա։ (տես․նկ․1

նկար 1

 

Ի՞նչ խորհուրդ է կրել աքաղաղը հայերիս համար։

Խորանների մեկնությունից հայտնի է, որ աքաղաղը խորհրդանշում է մարգարեներին։ Այդպես է իր հոդվածում մեկնաբանում Աստղիկ Գեւորգյանը [3]։ Նա նշում է նաև, որ հայ բանահյուսության մեջ աքաղաղը եղանակ է գուշակում։ Նույն կերպ Ս․ Չուգասզյանը ձեռագիր ավետարաններից մեկի լուսաբանմանն անդրադառնալիս [4]՝ աքաղաղներին կապում է մարգարեների հետ։

 Ստացվում է, որ հայերս աքաղաղին վերագրել ենք մարգարեական հատկություններ։

 Միանշանակ սա տրամաբանական է, քանի որ աքաղաղը կանխազգում է արևածագը և իր կանչով հայտարարում այն։ Դժվար թե կենդանական կամ բուսական աշխարհում մեկ այլ, ավելի հարմար բան գտնվի, որը Մարգարեներին խորհրդանշի։

Սակայն, այս դեպքում հարցեր են ծագում՝ ինչու՞ էին հայ կանայք փակցնում այդ խորհրդանիշը իրենց գլխազարդերին և գոգնոցներին և ի՞նչ կապ կարող էին ունենալ այդ կանայք մարգարեության հետ։ 

Այս հարցերին պատասխան ստանալու համար պետք է մի փոքր հեռուն գնանք․․․

 

 նկար 3 Mercury (Hermes) with a cock. Engraving by E. Delaune, c. 1560

Ուշադրություն պետք է դարձնենք, որ հռոմեական առասպելաբանության մեջ աքաղաղը կապում էին Մերկուրի աստծո հետ։ Մերկուրիին պատկերում էին աքլորը գլխին (նկ․2), աքլորները ձեռքին (նկ․4) կամ աքլորի ուղեկցությամբ (նկ․3) և հետագայում դա տարածում գտավ եվրոպական միջնադարյան գեղանկարչության մեջ։

նկար 4- Engraved gem - Mercury / Medal

Մերկուրի անվան ծագման հետ կապված վարկածները շատ են։ Դրանց մեծ մասը կասկածելի ստուգաբանություն ունեն։ Մասնավորապես՝ հանրագիտարաններում և այլուր տարածված է այն կարծիքը, թե Մերկուրի անվանումը գուցե առաջացել է “merhandise” բառից, որ նշանակում է «ապրանք», կամ "boundary, border"՝ «սահման» բառից։ Սակայն գոյություն ունեն այլ վարկածներ և ստուգաբանություններ։

Օրինակ, Արման Ռևազյանը իր բանախոսություններից մեկում նշում է, որ լատինական Մերկուրի անվանումը ծագել է հայերեն «մարգարե» բառից։ Որպես ապացույց Ռևազյանը բերում է այն հանգամանքը, որ Մերկուրին ամենուրեք կապնված էր 4 թվի հետ։ Մասնավորապես Հոմերոսի հիմներում Հերմեսը, որ նույն հռոմեական  Մերկուրին է, ծնվել է 4-րդ օրը[5]։ [Утром, чуть свет, родился он, к полудню играл на кифаре, К вечеру выкрал коров у метателя стрел, Аполлона; Было четвертого это числа, как явился он на свет.]

Բացի այս,  տարբեր միջնադարյան աղբյուներում ևս Մերկուրին կապվել է 4 թվի հետ, օրինակ՝ հեծած է եղել չորս նժույգների և այլն։

Նշելով այս ամենը, Ռևազյանը մեր ուշադրությունն է հրավիրում առ այն, որ համաձայն հայկական տոմարի, ամսվա 4-րդ օրը կոչվել է Մարգար, իսկ շաբաթվա 4-րդ օրը՝ չորեքշաբթին, կոչվել է Փայլածու, որ նույն Մերկուրին է։ Սա շատ հետաքրքրական փաստեր են, որովհետև այստեղից երևում է, որ հայերը հնագույն ժամանակներում առաջինն էին վերագրել այս մոլորակին մարգարեական որակներ և հենց դա է պատճառը, որ հռոմեացիները Փայլածու մոլորակը Մերկուրի անվանեցին։ Բայց ի՞նչու էինք մենք՝ հայերս, մարգարեական որակներ վերագրել Փայլածուին։

Որովհետև Փայլածուն (Մերկուրին), հարյուր տարվա ընթացքում միջինը 13 անգամ անցնում է արեգակի սկավառակով և ամեն մի անցումը մարգարեություն է համարվել, քանի որ շատ անգամ դա նախորդել է պատմական լուրջ իրադարձություններին։ 

Ի միջի այլոց Հունգերը (Hunger H.) և Պինգրին (Pingree D. ) իրենց «MUL.APIN: An Astronomical Compendium in Cuneiform »[6] աշխատության մեջ, որ նվիրված է բաբելոնյան աստղաբաշխական աղյուսակներին, հայտնում են, որ ըստ բաբելոնացիների, եթե Մերկուրի մոլորակը անցնում էր արևի սկավառակով ձմռանը, ապա դա աղետների նախանշան էր։ Հետևապես հակառակը՝ եթե անցնում էր ամռանը, ապա լավ նախանշան էր։ 

Միջնադարյան Եվրոպայում չկիսեցին բաբելոնացիների այդ տեսակետը և անկախ նրանից թե տարվա որ շրջանում է դա տեղի ունեցել, համարում էին, որ աղետալի իրադարձությունների պետք է սպասել։  Եւ ահա 1631 թվականի նոյեմբերին Մերկուրին հերթական անգամ անցավ արեգակի սկավառակով, իսկ հաջորդ 1632 թվականին Ֆրանսիայում սկսվեց ժանտախտի ահռելի համաճարակ[7]։ Ժամանակակից ֆրանսիացի աստղագետները անմիջապես իրար կապեցին այդ երկու իրադարձությունները և հաստատեցին Մերկուրիի հնուց եկած մարգարե-մոլորակի իմիջը։

 

Այժմ պարզ է, թե ինչու է մարգարեության խորհրդանիշ Աքաղաղը դարձել հռոմեական Մերկուրի աստծո ուղեկիցը, բայց մենք դեռ չպատասխանեցինք այն հարցին թե ինչու՞ էին հայ կանայք տեղադրում այդ խորհրդանիշը իրենց գլխազարդին կամ գոգնոցին։Բանն այն է, որ Փայլածու (Mercury) մոլորակը Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ 

Փայլածուն մոտ է Արեգակին այնքան, որքան սիրող կինը իր ամուսնուն (իր արևին)։ Փակցնելով գլխազարդին Աքաղաղ խորհրդանիշը՝ հայ կանայք առանց մեկ բառ արտասանելու հայտարարում էին իրենց երջանիկ լինելու մասին։ Գուցե և հակառակը՝ եթե նորապսակ կինը աքաղաղ չէր տեղադրում գլխազարդին, ընկերուհիները հասկանում էին, որ ամեն ինչ այնքան էլ  հարթ չէ իր ընտանեկան կյանքում։ Իսկ երբ կինը աքաղաղներ էր գործում գոգնոցին, ապա դա նշանակում էր, որ իր երջանկությունը նա տեսնում է իր երեխաներում։ Պետք է ենթադրել, որ Աքաղաղի խորհրդանիշն էին կրում նաև կանայք, որոնք գուշակությամբ էին զբաղվում։

Հայոց խորհրդանիշերը պարզ ու հասարակ զարդեր չեն։ Դա լեզու է։ Շշուկից ցածր։ Կանացի լուռ լեզու։

 



[1]Լուսինե Մխիթարյան «Հայկական ասեղնագործ ժանյակ», վարպետության դասեր, Էջ 76, 79

[2]Սերիկ Դավթյան «Հայկական Ժանյակ», հավելված

[3]Աստղիկ Գեվորգյան «Ուշագրավ Խորհրդանիշ Նախիջևանի 1304 թվականի ավետարանում»

[4]Ս․Լ․Չուգասզյան «Մատենադարանի N9422 ձեռագիր ավետարանի լուսանցքազարդերն ու անվանաթերթերը»

[5]Հոմերոսի հիմներ III, Հերմեսին

[6] Hunger H., Pingree D. MUL.APIN: An Astronomical Compendium in Cuneiform (нем.) // Archiv für Orientforschung. — Austria: Verlag Ferdinand Berger & Sohne Gesellschaft MBH, 1989. — Vol. 24. — P. 146.

[7] Светлая Е., Реутов С. Предсказания Нострадамуса. Как сбываются пророчества великого провидца․Харьков-2015.

Այս թեմայով