01 Օգոստոս 2018, 21:38
2122 |

Հայաստա’ն, պատրաստվի’ր, Comedy Club-ը հարձակվում է

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը կվերածվի նաև հումորի մայրաքաղաքի: Մեր քաղաքում առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։

Ցանկացած Comedy Club փառատոն իրադարձություն է, որն անպայման դառնում է պատմություն։

Ռեզիդենտները (ինչպես իրենք իրենց կոչում են փառատոնի հերոսները) արդեն անցկացրել են բարձրակարգ հումորի շաբաթ Յուրմալայում, մեքենաների շարժիչների որոտի ներքո ելույթ են ունեցել Սոչիում կայացած «Ֆորմուլա-1» մրցավազքի ժամանակ, իսկ այս անգամ կժամանեն Երևան, ընդ որում մեր քաղաքի 2800-ամյակի տոնախմբության օրերին։

Կժամանեն բոլորը՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը,  ը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Люсёк» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը․․․։

Կժամանի նույնիսկ USB խումբը, որի գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում, իսկ սա ինքնին լավ նորություն է նաև յուրահատուկ երաժշտության սիրահարների համար։

Միջոցառման գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է։ Վերջին կես տարում նրա անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ կբարձրանա և Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հանդիսատեսի հետ։

 

Գարիկ Մարտիրոսյան․ «2018-ին Երևանը նշում է իր 2800-ամյակը։ Այն անհավանական քաղաք է՝ բաց ոգով և հարուստ պատմությամբ, և մենք ուրախ ենք, որ մեծ տոնի մասնիկ կդառնանք։ Comedy Club փառատոնը լայն աշխարհագրություն ունի, սակայն սա առաջին անգամն է, երբ մենք նոր թողարկումներ կնկարահանենք Երևանում՝ ռուսական «THT» ալիքի համար։ Ավանդույթի համաձայն, շատ աստղեր կլինեն, այնպես որ դուք էլ եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»։

Պավել Վոլյա․ «Հայաստանը մեզ համար միշտ հարազատ է եղել, և վաղուց էինք ուզում այնտեղ ելույթ ունենալ։ Սակայն չենք մոռանում, որ դա մի ուրիշ երկիր է, իր ուրույն մտածելակերպով։ Այդ իսկ պատճառով փառատոնը մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է։ Էլ ի՞նչ հետաքրքիր բան կլինի։ Կպատրաստենք հատուկ ծրագիր և ելույթ կունենանք առավելագույն կազմով, այսպես ասած, ոսկյա, արծաթե կազմով։ Անվանեք, ինչպես կուզեք»։

Նրանք, ում չի հաջողվի մասնակցել փառատոնին, թեպետ նախանձի զգացում կունենան, սակայն կարող են արդեն աշնանը «THT» ալիքով դիտել հայաստանյան հատուկ թողարկումները։ Իսկ փառատոնի հյուրերի համար Comedy Club-ը երևանյան բացառիկ ուղեցույց է կազմել։

 

 

Comedy խորհրդատու 

Համեղ ուտելիքի սիրահարների համար՝

Գարիկ Խառլամով․ «Դիմում եմ բոլոր ուտող-խմողներին․ գնացեք Շառլ Ազնավուրի հրապարակ, այնտեղից, արդեն ավելի դանդաղ, ուղևորվեք դեպի Պռոշյան և Պարոնյան փողոցներ։ Տեղում հիանալի խորոված կգտնեք։ «Խորոված» բառը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի ազգանուն չէ, դա իսկական հայկական ուտեստ է։ Անպայման կտեսնվենք։ Ես հաստատ այդ կողմերում եմ լինելու»:

 

Նրանց համար, ովքեր ուզում են տուն վերադառնալ տեսարժան վայրերում եւ հետաքրքիր մարդկանց հետ արված անմոռանալի լուսանկարներով՝

Սերգեյ Գորելիկով«Կան բաներ, որոնք Երևանում անելը պարտադիր է։ Բարձրանալ Կասկադի գագաթը, որտեղից բացվում է Արարատ լեռան հիանալի տեսարան, այնուհետև իջնել Հրազդան գետի կիրճ, իսկ երբ ուժերը և հեռախոսի մարտկոցը սպառվեն, այցելել մեկ ուրիշ «Արարատ»․ ամեն օր չէ, որ կարող ես սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են իսկական հայկական կոնյակ պատրաստում»։ 

 

Միայնակների համար

Տիմուր Բատրուտդինով․ «Իմ դիմահարդարման սենյակի դռները միշտ բաց են աղջիկների համար։ Իսկ տղաներն անմիջապես օդանավակայանից կարող են գնալ Daboo Bar և առանց մտածելու ընտրել մենյուի ցանկացած ըմպելիք։ Հաստատ չեք սխալվի։ Աղջիկների հետ ծանոթանալիս (իհարկե, հյուրասիրելուց հետո), ի միջի այլոց ակնարկիր, որ Comedy Club-ի նկարահանման տոմսեր ունես։ Հավատա, որ քո վարկանիշը նրա աչքերում վարկյանական վեր կթռչի»։

 

Շոփինգի սիրահարների համար

Մարինա Կրավեց «Կարևոր չէ, թե ինչով ես ուզում լցնել ճամպրուկներդ՝ նռով վզնոցով, Արարատ լեռան պատկերով մագնիսներով, հնաոճ իրերով կամ գորգերով։ Ամեն դեպքում գնացեք Վերնիսաժ, որտեղ կարելի է և պետք է սակարկել։ Ձեզ վստահ պահեք, ցույց տվեք գործարարի ձեր հմտությունը։ Սակայն պետք չէ հագնվել, ասես թագավորական հարսանիքի ես գնում ։ Ձեր ոսկյա զարդերը, թանկարժեք պայուսակը և սև աղվեսի մորթին ոչ միայն անակնկալ հոգոցներ կառաջացնեն վաճառողի մոտ, այլեւ կդրդեն նրան ավելի թանկ վաճառել ապրանքը կամ ավելի քիչ զեղչել»:

 

Միքանի փաստ ևս՝ 

- Փառատոնի անցկացման վայրը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, որպեսզի բոլոր տոմսերը «եղբայրաբար» չբաժանվեն Գարիկ Մարտիրոսյանի ընկերների և բարեկամների միջև։
- USB խմբի Նիկիտան 35 հարցում է ուղարկել ղեկավարությանը, որպեսզի նրան թույլ տան ռեզիդենտների հետ նույն հյուրանոցում ապրել։
- Գարիկ Խառլամովը խոստացել է խորոված ուտելու համաշխարհային ռեկորդ սահմանել և արդեն կապ է հաստատել Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակի հետ։
- Ասում են, Քիմ Քարդաշյանը գաղտնի այցելելու է Երևան Տիմուր Բատրուտդինովի հետ ծանոթանալու նպատակով և խնդրելու է նրան իր բրենդի դեմքը դառնալ։ Մյուս կողմից ասում են, որ այդ լուրերը տարածում է ինքը Տիմուրը։ Առայժմ տեղեկությունները ճշտվում են։

 

Հույժ կարևոր հումորի զգացում չունեցող մարդկանց մուտքը Comedy Club փառատոն արգելված է։

 

Փառատոնի մանրամասներն այստեղ

Այս թեմայով