11 Հունիս 2016, 15:55
9012 |

Ի՞նչ են կարդում նրանք

Հատկապես ամռան տապին, երբ չենք կարողանում ստիպել մեզ տանից դուրս գալ, հին ու բարի ավանդույթի համաձայն մեր հավատարիմ ընկերը դառնում է գիրքը: Գրականության հետ կարելի է շատ հետաքրքիր ընկերակցել: Ֆեյսբուքյան ակտիվ և գրքասեր օգտատերերը խորհուրդ են տալիս ամառային արձակուրդներին կտրվել համակարգչից և գիրք կարդալ:

 

Սյունե Սևադա բլոգգեր, լրագրող

Նոր տարին նոր բացահայտմամբ սկսվեց: Թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» սյուժեով հետաքրքիր է: Այն  հայերի մասին պատմում է այն տեսանկյունից, որից մենք մեզ հաստատ չենք տեսել: Խոսուն, ռիթմիկ ու համեղ գիրք է՝ համեմված Ջոնի Քեշի երգերի տեքստերի պատառիկներով: Ու թող չվախեցնի հեղինակի՝ ազգությամբ թուրք լինելը, գրքում նուրբ հայասիրություն կա: Տարիներ առաջ տպավորվել էի ՕրսոնՍքոթՔարդի «Էնդերիխաղը» գրքով: Խնդրում եմ պահանջելու պես. ոչ մի պարագայում չդիտեք ֆիլմը, գիրքը փչացրել են: Էնդերը չնայած պատերազմում է տիեզերքում, բայց մեզ սովորեցնում է հողեղեն հաղթանակներ ունենալ: Պայքարի, հաջողության մեջ մարդ մնալու ու ճիշտ ռազմավարությամբ հաջողություններ գրանցելու պատմություն է սա: Եվ, իհարկե, ցուցակը չի կարող չեզրափակել իմ շատ սիրելի ՉաքՓոլանիքն իր ամենահայտնի՝ «Մարտականակումբ» գրքով: Երազում եմ այն հայերեն թարգմանությամբ տեսնել՝ այսօր թարգմանվող հայտնի, բայց պարունակությամբ աղբ հիշեցնող արտասահմանյան գրքերի փոխարեն: Այն էլի հաղթանակների մասին է, բայց այս անգամ՝ ներանձնական: Ազատություն գտնելու, ինքդ քեզ կերտելու ու վերագտնելու մասին այս գիրքը, համոզված եմ, կսիրվի շատերի կողմից: Իսկ գրքի հիման վրա հաջող նկարահանած ֆիլմն էլ համեմունք կհանդիսանա ձեր գրքասեր քիմքի համար: Բարի ընթերցում:

 

Օվսաննա Սիմոնյան (լրագրող)

Նախ ասեմ, որ գրեթե բոլոր ընկերներս գիտեն, որ ինձանից գրեթե անհնար է խորհուրդ կորզել ընթերցանության վերաբերյալ: Ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն, որ ես իմ գրքերով, հեղինակներով ու իրենց գործերով չեմ կիսվում ու խորհուրդ չեմ տալիս, կարդան այն, ինչը ես եմ կարդում, գուցե շատ էգոիստական է հնչում, բայց լփորձեմ բացատրել: Պատճառը շատ հստակ է: Գիրքը ընթերցողի համար, ըստ իս, շատ ինտիմ է. ինքդ ես ընտրում, ինքդ սկսում ես ապրել տվյալ  հեղինակի, հերոսների հետ ու նրանց կյանքով, իրենց հետ նախաճաշում ես, սուրճ ես խմում ընդհուպ մինչև անկողին ես մտնում քո հերոսների ու հեղինակի հետ, իսկ մի ամբողջ կյանք ինչ-որ մեկի հետ ապրելով հաստատ չես ցանկանա կիսել  այլ մեկի հետ, ով գուցե այնպես տիրություն չանի նրան, ինչպես դու…:

Այս ամենը կիսելն իրոք հեշտ բան չի, ես հրաժարվում եմ ու նույնն էլ խորհուրդ եմ տալիս այս նյութն ընթերցողներին: Քո հեղինակին ինքնդ պետք է գտնես, փորփրես ասենք goodreads-ում, որտեղ բազմաթիվ տարբերակներ կան հենց ՔՈ գրողներին բացահայտելու, ինքդ ծանոթանալու նրանց հետ,հասկանալու կարող ես օրինակ ինձ պես նրանց հետ ,,անկողին մտնել,,  թե ոչ: Ի դեպ պարտադիր չէ, որ goodreads-ում օնլայն կարդաք, մանավանդ, որ շատ գրքեր վճարովի են: Կարող եք ձեր հեղինակին գտնել հետո, փորձել ձեռք բերել գիրքը ձեր մոտակա գրադարաններից կամ գրախանութից: Հիմա որքան էլ փորձեմ շրջանցել հարցը միևնույնն է չեմ կարողանա,  ուստի փորձեմ ոչ թե ասել այն գրքերը որոնք ինձ վրա ազդեցություն են ունեցել, որովհետև միևնույնն է պայմանը պայման է, այլ փորձեմ նշել իմ հեղինակներին, մանավանդ, որ ֆեյսբուքյան ընկերներս արդեն մատնել են, որ ամերիկացի գրող (արմատներով գերմանացի) Չարլզ Բուկովսկու և՛ նրա, և՛ հենց իր գործերի, այս բառն այնքան էլ չեմ սիրում, բայց ՝ այո երկրպագու եմ: Բուկովսկուն բացահայտեցի մոտ 4 տարի առաջ երբ օնլայն փնտրտուքների մեջ էի: Գտա, հետո պարզեցի, որ Հայաստանում,  ինչպես և հիմա , 4 տարի առաջ ինքն այդքան էլ պոպուլյար չէր, դրսի մասին չեմ խոսում, որովհետև Բուկովսկու գրքերը միշտ էլ ամենավաճառվողներից է:

Այս հեղինակի երևի հենց չափից դուրս հակասականությունն ու ինչպես ինքն է հայտնի ամերիկյան գրականության մեջ ,,կեղտոտ ռեալիստական,, հայացքներն էին, որ միանգամից իր կողմը ձգեցին: Ծերուկ, ում հետ ընկերություն անելու համար իր գրականությանը մոտ լինելը լավագույն տարբերակն է: Բուկի հետ լավ ընկերներ լինելու համար էլ գոնե չպիտի գարշես իրականությունից, կարողանաս դրան նայել բաց աչքերով ու սիրտդ գոնե չպիտի խառնի գարեջրի հոտից, որովհետև նրա ամբողջ գրականությունն ինձ համար վատ ու էժան գարեջրի հոտ ունի, բայց նույն էժանությունը հաշվի չառնելով Բուկովսկու գրականությունը կարդալով ուզում ես մի կում էլ դու անել էդ գարեջրից:

Բուկովսկին իր հակասական կերպարով շատ հարցերում օգնեց ուղղակի կյանքին նայել էնպես ինչպես որ այն կա, տեսնել դրա ամենազզվելի կողմերը, գիտակցելով դրանց հետևանքների մասին` շարունակել սիրել, անսահման սիրել ու ամեն վայրկայն պատրաստ լինել սպանվելու: Չէ" որ այն,  ինչը սիրում ես վերջում միայն դա կարող է քեզ սպանել (ֆայնդ վոթ յու լով ընդ լեթ իթ քիլլ յու) ինչպես ասում ա Բուկը իրա ամենահայտնի քուեթոներից մեկում, որն ի դեպ շատերը փորձում են ապացուցել թե իրեն չի պատկանում: 

Երկրորդը,  որքան էլ տարօրինակ թվա,  շատ կտրուկ անցում պիտի կատարեմ հայ գրականությանը: Էդ դեպքում լավ կլինի միանգամից ասեմ հայկական գրականությանը: Որովհետև այն գրողներևին, որոնց մասին հիմա պիտի խոսեմ իրենք հենց իրենց հայակականությամբ կարողացան գրավել ինձ ու անտարբեր չթողնել հայ գրականությունից, որն ինձ համար դպրոցն ավարտելուց հետո դպրոցական դասագրքի պես փակվեց  կրկին դրան մոտ չգալու ակնկալիքով:

Բայց յուրաքանչյուր լավ ընթերցող գիտի, որ ի  վերջո դու քո գրողին գտնում ես և իրեն կարողանում ես վայելել հենց փնտրտուքներիցդ հետո, ոչ թե ուղղակի ինչ որ մեկի խորհրդով, փնտրտուքներից հետո դու արժանանում ես քո գտած գրողին:

Քանի որ խոսում էինք ամերիկյան գրականությունից, դրանից շատ քիչ հեռանալով որպես հայ ու իմ գրողներից է Վիլյամ Սարոյանը: Կրկին որևէ գիրք չեմ առանձնացնի, կարդացեք նրա բոլոր գրքերը, բոլոր պատմվածքները: Եվ հետո դուք էլ ինձ պես կսկսեք հետաքրքրվել հայկական գրականությամբ ու կհասկանաք, որ հայ գրականությունը Թումանյանով, Չարենցով, Միսաք Մեծարենցով, Նաիրի Զարյանով ու մյուսներով ոչ սկսում և ոչ էլ ավարտվում է , ինչպես դպրոցում գիտեինք…

Կարդացեք Աղասի Այվազյան, ում մի քանի տող ընթերցելուց հետո կսիրահարվեք հայկական գրականությանն ու կփորձեք մի տեսակ հրճվել հայկականությամբ առհասարակ: ՀրանտՄաթևոսյանի ու ՎանոՍիրադեղյանի անունները ես սովորաբար միշտ միմյանց զուգակցելով եմ սկսում խոսել, որպեսզի ,,ազգի դավաճան,, դուրս չգամ, բայց լինելով նոր սերնդի ներկայացուցիչ, եթե լսեի, որ Վանո Սիրադեղյանին դպրոցական լեզվով ասած՝ սկսելու են ,,անցնել դպրոցում,, հաստատ նորից հետ դպրոց կգնայի: Վաղուց ժամանակն է թե ՀրանտՄաթևոսյանին, ում գրականությանը շատ թեթև են անդրադառնում դպրոցներում, և թե ՎանոՍիրադեղյանինում նույնիսկ մոտ չեն գալիս ու նույն դպրոցներում քչերը գիտեն ԳՐՈՂ Վանոյին, ժամանակն է խորապես ուսումնասիրելու: Ժամանակակից գրականությունն էլ բնականաբար ուշադրության կարիք ունի ու պետք չի խորշել հայ արդի գրականությունից առանց դրան մոտ գալու: ՀովհաննեսԳրիգորյան, Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան, Հասմիկ Սիմոնյան, Արամ Պաչյան ու էլի անուններ, որոնց գրականությանը ծանոթ լինելով վստահ եմ, որ շատ բան կփոխվի ոչ միայն ընթերցողի կյանքում, այլ հենց հայկական գրականություն ընտրելու հարցում: 

Անի Հակոբյան (լրագրող)

Խուլիո Կորտասարի ցանկացած գործը, նախընտրելի է խորը արգենտինացու խորության մեջ ընկղմվել «Վիճակախաղով» (հայերեն թարգմ. Հովհաննես Գրիգորյանի), ապա պարտադիր կարդալ «Hopscotch» (հայերեն չգիտեմ ինչպես է, մեր մանկության «կլասս» խաղն է): Ամիգո Խուլիոն կտանի ձեզ խճճված սիրո, անզուսպ կրքի աշխարհ, որտեղ ամեն տողում մեղմ ջազ է հնչում, ամեն բառը մատեով է բուրում: 

Միլան Կունդերա.  ինտելեկտուալ ժամանակակից վեպի հսկաներից մեկն է չեխ գրողը: Ումբերտո Էկոյից հետո երևի թե երկրորդն այդ ոճում: «Գոյության անտանելի թեթևությունը» պարտադիր ընթեցանության ցանկից է: Եթե այս գործին արդեն ծանոթ եք,  կունդերայացեք նաև «Հրաժեշտի վալսով», որով հեղինակը սուր սատիրայով հեգնում է կյանքը, մարդկությանը մերկացնում մինչև գազանության դիմակ: Չնայած բարդ սոցիալ- հոգեբանական մեսիջին սյուժեն թեթև է, նույնիսկ կուրորտային:

Նարինե Աբգարյան. Ռուսաստանի ամենահայտնի գրողն այս պահին տավուշցի մեր Նարինեն է: Նա հայական հեքիաթասութունը ռուսալեզու լսարանի համար սկսեց «Մանյունյայով»: Բացի մանուկների համար գրված, մեծերին վերաբերող այս եռապատումից Նարինեի վերջին գործերն էլ են հրաշք բառի բուն իմաստով: «3 խնձոր ընկավ երկնքից», «Մարդիկ, որ միշտ ինձ հետ են«` այս գրքերով մի ուրիշ  հայացքով կբացահայտեք Հայաստանը, Տավուշը, Բերդը, ինքներդ ձեզ:  Ինչով է գրողը համարվում համաշխարհային մեծության: Նրանով, թե ինչպես է կարողանում ազգայինը համամարդկային լույսով ներկայացնել. Ինձ համար Հրանտ Մաթևոսյանը հանճարեղ գրող է, բայց համաշխարհային մակարդակի մեծություն չէ, մոսկվաբնակ, մասնագիտությամբ հաշվապահ, ներկայում տնային տնտեսուհի Նարինե Աբգարյանը համաշխահային գրող է, որովհետև նրա գրքերում Հայաստանն է ծայրից ծայր ու ոչ մի տեղ ոչ մի ավելորդ բառով դա չի ընդգծվում, չի փաթաթվում ընթերցողի վզին, չի ճնշում: Նուրբ պատումով մեր հայրենակցուհուն ի դեպ արդեն կարդում են նաև ֆրանսերեն:

Մարիո Բենեդետի.Նորից իմ սիրելի Լատինական Ամերիկա: Իտալական ծագումով ուրուգվայցու «Ծայրից թռցվածր գարունը» (Primavera con una esquina rota)  նախ կստիպի Վիկին բացել. Լատինամերիկյան ռազմական դիկտատորիներին իմանալ, 70-ականներին լատնիամերիկյան երկներում տիրող քաղաքական իրավիճակին ծանոթանալ, երբ մտավորականներին աքսորում էին, կամ նետում բանտերը: Վեպը յուրօրինակ ոճով է գրված. նամակներից կազմված օրագիր է; Փոքր մարդու ողբերգությունը այդ նամակներով նախ աչքիդ առաջ դառնում է ազգային, պետական, հետո մարդկային: Հատկապես ազդեցիկ են փոքրիկ աղջնակի անունից գրված տողերը: 

Անի Սմբատի (Արվեստաբան, լրագրող, PR / մեդիա մենեջեր)

Թեոդոր Դրայզեր <<Ամերիկյան ողբերգություն>>ես իրեն մի փոքր ժամանակից շուտ եմ կարդացել, 12 տարեկանում, բայց դա այն գրքերից է , որ դեռահաս տարիքում կամ ավելի ուշ հաստատ պետք է կարդալ, որպեսզի երիտասարդները ուրիշներին նայելով իրանց կրակը չգցեն, չխառնվեն իրար ,երբ հանկարծակի հաջողություն են ունենում կամ իրենց թվում է` չափահաս դարձան ու վերջ, իրենց ամեն ինչ կարելի է:

Կարողանան այդ կյանքի շրջապտույտում սթափ գնահատեն, թե իրենց ինչ է պետք ու ինչի համար:Շատ տխուր պատմություն է , բայց ցույց է տալիս , որ մարդու հետ ինչ պատահում է , սեփական խելքից է լինում ու բոլոր արարքների համար նույնպես միայն դու ես պատասխանատու ու դրանից փախնելու տարբերակ չկա,ցանկացած տարիքում:

Anthony Burgess Clockwork Orange. Ճիշտ է , Կուբրիցկի համանուն ֆիլմն էլ է կուլտային, բայց սա դասական դեպք է , երբ գիրքը ավելի լավն է կամ նույնքան լավն է.

1.Մարդկային դաժանությունը սահմաններ չունի և հատկապես դաժան են դեռահասները, երբ կարող են իրենց բոլոր խնդիրներն ու բարդույթները սուբլիմացնել բռնության միջոցով

2. Մարդը երբեք չի փոխվում, հատկապես եթե սեփական կամքով չեն փոխելու էդ ջանքերը գործադրվում

3.Մարդու տեսակն էլ չի փոխվել դարեր շարունակ և չի փոխվելու:Այս գործը գրվել է տասնամյակներ առաջ, բայց նույն երևույթները նաև այսօր են կատարվում մեր կողքին

 

 Լուսինե Աթաբեկյան լրագրող, գրող

Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»- մի իմաստով. սովորեցրեց, որ երբեք պետք չի քեզնից ուժեղից որևէ բան խնդրել, միևնույն ա՝ պիտի վճարես: Քելլերմանի «Մահվան պարը»- չդժբախտացնել տղամարդուն ամենագլխից, եթե տեսնում ես, որ տարբեր աշխարհներում եք ապրում: Հեսսեի «Սիդհարթան»- Առաքինություն- մոլություն ճամփան ա. առաքինություն, որի ալմա մատերը մոլորությունն ա ու սխալներն էլ , որ պիտի հա էլ թույլ տալ վերջնական ճշմարտության հասնելու համար: Վրեժ Իսրայելյանի «Վաղ թե ուշ»-ը բառիս բուն իմաստով հայ լինել ա սովորեցրել, հային տեսնել ու ընկալել)) Սարոյանիս...

«Ես քեզ սիրում եմ, մայրիկ»-ը... ուղղակի որ մայր դառնամ իմ բզեզիկին հեռու պահեմ դեպրեսիաներիցս, զգամ իմ սեփական մարմնի պես ու ջանդամին, թե շատ բաներ իմ ուզածով չդասավորվեն, ես ունեմ աղջիկ...

Անի Ղազարյան լրագրող

Եթե դու իսկապես կարդացել ես Դոստոևսկու “Ապուշը”, և այն քո սիրելի տասնյակում է, ուրեմն “բարի գալուստ ակումբ”, բայց եթե Էքզյուպերիի “Փոքրիկ իշխանը” քեզ համար զուտ հեքիաթ է, ուրեմն մենք մի երամից չենք: Կարծում եմ` լավ գիրքն այն է, որ որոշ ժամանակ անց վերընթերցելու կարիք ես զգում: Ռեմարկի “Հաղթական կամար”-ից հետո երկար ժամանակ ոչինչ չէր տպավորում ինձ, մինչև ընկերուհիներիցս մեկը ճամփորդական պայուսակիս մեջ չխցկեց նիգերիացի գրող Նգոզի Չիմամանդա Ադիչիի «Половина желтого солнца» գիրքը: Ես սկսեցի կարդալ այն ոչ այնքան մեծ սպասելիքներով ու թակարդն ընկա: Ինչ-որ առումով այն ինձ հիշեցրեց Մարգարետ Միտչելի գրած միակ (և իմ ամենասիրելի) գիրքը`”Քամուց քշվածները”: Բիաֆրայի, պատերազմի, ուժեղ անհատականությունների, կեղտոտ ու անբասիր կյանքի մասին գիրք, որը ցավոք ընթերցողների մեծ բանակ չունի: Ժամանակակից գրականությունից կարող եմ առանձնացնել նաև հետևյալ 3 գործերը, որ արժանի են ընթերցման` Էրիկ Էմանուիլ Շմիթի “Օսկարը և Վարդագույն տիկինը”, Մարիամ Պետրոսյանի “Տուն, որտեղ…” –ը և Միլան Կունդերայի “կեցության անտանելի թեթևությունը”: Դասականներից` Բալզակի Երեսնամյա կինը, Շագրենի կաշին, Դրայզերի Հանճարը: Խորհուրդ եմ տալիս շատ կարդալ պոեզիա, բացի հաճելի գրաթերապիայից` հարստանում է բառապաշարը և խոսքն ավելի գեղեցիկ դառնում: Ես երբեմն ուզում եմ “առնել քարավանս ու գնալ դեպի արևը”, բայց հիմնականում “սենյակից ինձ չի թողնում դուրս գալ” Բրոդսկին: Բուկովսկի, Չարենց, Մեծարենց, Սևակ, Վահագն Դավթյան. նրանք են իմ ամենամոտ ընկերները:

 

Այս թեմայով