19 Սեպտեմբեր 2015, 16:58
2895 |

Փոփոխություններ բնապատկերներով

Սեպտեմբերի 18-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնը և «Այո» հարթակը կազմակերպել էին «Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes) նախագծի շրջանակներում իրականացված լուսանկարների ամփոփիչ ցուցահանդեսը:

Նախագծի գաղափարի համահեղինակ Քրիստին Մխիթարյանը իր խոսքում նշեց, որ բնապատկերների լուսանկարչությունը ընդունված արտթերապիայի տեսակ է, որն առավել ընդունված է արևմտյան երկրներում: Նախագիծը նպատակ ունի նմանատիպ միջոցառումների իրականացմամբ զարգացնել ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաների լուսանկարչական հմտությունները: «Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes) անվանումը ևս պատահական չէ: Բնապատկերները տվյալ դեպքում փոփոխությունների աղբյուր են հանդիսանում առաջին հերթին  երեխաների համար, ովքեր հենց լուսանկարների հեղինակներն են: Երեխաների կողմից իրականացված բնապատկերների լավագույն լուսանկարները կտեղափոխվեն Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ՝ դառնալով հարմարավետության, հանգստության և դրական զգացմունքների աղբյուր նաև հիվանդների, իրենց ընտանիքների և բժշկական անձնակազմի համար:

      

Նախագծի թրեյներ, Ֆոտոլուսանկարիչ, SPRING PR-ընկերության կրեատիվ փորձագետ Գոռ Կրոյանը իր խոսքում նշեց, որ նախագծի շրջանակներում ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ լուսանկարչության վարպետության դասերի ընթացքում փորձել է  երեխաներին փոխանցել լուսանկարչական սարքից օգտվելու տարրական գիտելիքներն ու  հմտությունները: Այն լուսանկարները, որոնք ունենք և տեսնում ենք փոքրիկների սուր աչքի և ստեղծարար մտքի արդյունքներն են: Գոռ Կրոյանը հավելեց, որ հաճելիորեն զարմացած է երեխաների տաղանդով, քանի որ պրոֆեսոիանալ լուսանկարչի աչքին հատուկ կադրեր էին որսում: Վարպետության դասերի շրջանակում նաև իրականացվել են էքսկուրսիոն շրջայցեր Կասկադ համալիր, Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Սևանա լիճ, Զվարթնոցի տաճար և Էջմիածին:

Լուսանկարչության վարպետության դասերի արդյունքները ամփոփվեցին բացօթյա ցուցահանդեսով: ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի փոքրիկ սաների աշխատանքները ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Իրականացվեց բաց հանրային քվեարկություն, որի միջոցով անցորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու և գնահատելու երեխաների աշխատանքները:       

   

 Միջոցառմանը ներկա էին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամներ Հրաչուհի Ութմազյանը, Արա Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), «Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes)  նախագծի գաղափարի հեղինակներ Քրիստին Մխիթարյանը, Ջոն Լեոնարդը, նախագծի թրեյներ, Ֆոտոլուսանկարիչ, SPRING PR-ընկերության կրեատիվ փորձագետ Գոռ Կրոյանը, «Այո» հարթակի թիմը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 «Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes)  նախագիծն իրականացվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և «Այո» հարթակի միջոցով, կենտրոնի «Բարեկամների խորհրդի» աջակցությամբ՝ գլխավորությամբ խորհրդի նախագահ տիկին Բելլա Քոչարյանի:

Այս թեմայով