30 Մարտ 2015, 17:00
1638 |

Ciao USSR

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մարտի վերջին բացված ցուցահանդեսը ներկայացնում է Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը:

Երևանում ամեն օր ու ամեն ժամ ի չիք են դառնում շենքեր ու կառույցներ, որոնք ժամանակին մայրաքաղաքի այցեքարտերն էին: Մեկը վերածվում է սուպերմարկետի, մյուսը՝ քանդվում, տեղն էլ մնում դատարկ, երրորդը պայթեցվում է, իսկ սպասված նախագիծն այդպես էլ կյանքի չի կոչվում: Բայց յուրաքանչյուր շենքի հետևում նաև մի ամբողջ պատմություն կա, իրեր, փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք աչքի անցկացնելով՝ կարծես հետ ես դառնում անցյալի հին ու բարի օրերը: Երևանյան ճարտարապետական ժառանգության զգալի մասը խորհրդային տարիներին կառուցված շենքերն են, որոնցից շատերի գլխավերևում այսօր էլ շարունակում է կախված մնալ Դամոկլեսյան սուրը:

Արդեն 7 տարի է, ինչ լուսանկարիչ Հայկ Բիանջյանը վայր չի դնում ֆոտոխցիկն ու իր ժամանակը նվիրում ԽՍՀՄ հիշողությունը ջնջելու անխնա գործընթացի վավերացմանը: Փակ շուկան, Երիտասարդականի գետնանցումը, Երևանի կրկեսը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, «Արագիլ» ռեստորանը՝ ձևափոխված, խեղված, քանդված, ապամոնտաժված և կամ էլ լքված շինություններ, որոնցով մի ամբողջ դարաշրջանի մասին կարելի էր պատկերացում կազմել: 7 տարվա աշխատանքը Բիանջյանն ամբողջացրել է Ciao USSR նախագծում, որը ոչ միայն կատարված լուսանկարների, այլև Երևանի ու երևանցիների հետ կապված իրերի պատմությունն է:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մարտի վերջին բացվեց այդ նախագծին նվիրված ցուցահանդես՝ ներկայացնելով Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը: Հեղինակի համար այդ ցուցահանդեսը Խորհրդային Երևանի մթնոլորտն ընկղմվելու, վերհիշելու, վայելելու և վաղվա անելիքը հասկանալու առիթ է, իսկ առիթը բաց չթողնելու վերջնաժամկետը ապրիլի 19-ն է:

Այս թեմայով