21 Մարտ 2015, 13:00
3391 |

Ասք 7 գործիքի մասին

Ինչեր ասես, որ չեն անի զինվորները՝ ծառայության 730 օրերն արագ անցկացնելու համար: Ոմանք ամեն ինչ թողած տարվում են ընթերցանությանբ, շատերը սկսում են նկարել կամ քանդակել: Բնատուր շնորհն ու կրթությունն այդ հարցում մեծ դեր չեն խաղում. բոլորն են ցանկանում լցնել ազատ ժամանակն ու բացահայտել թաքնված կարողությունները:

Imyerevan.com-ը վերջերս հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտու զորամասերից մեկում էր: Զորամասերում փողային 2-3 գործիքից ու թմբուկից կազմված նվագախումբը պարտադիր պայման է. նրանք ազդարարում են «վերկաց» եւ «քուն» հրամանները, զինվորական քայլերգեր նվագում եւ այլն: Այս զորամասում դեպքերն ու գործողություններն այլ կերպ են զարգացել: Տարիներ առաջ «թմբուկ+փողային գործիքներ» ձեւաչափը սկսեց չբավարարել զինվորներին, որոշվեց ստեղծել երկրորդ՝ այլընտրանքային նվագախումբը: Երգացանկում ամեն ինչ կա՝ ժողովրդական, էստրադային երգեր, զինվորական քայլերգեր, ջազ, բազմաթիվ այլ կատարումներ: Երաժշտության հանդեպ սերը նրանց ամեն օր բերում է զորամասի ակումբ՝ մի քիչ ցրվելու, մոռանալու ծառայության ու առօրյա դժվարությունների մասին:


Տիգրան Մելիքյան, ծառայել է 8 ամիս
Սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, փողային նվագախմբում ալտ է նվագում, մեծ նվագախմբում' դհոլ:

 


Աղասի Մնացականյան, ծառայել է 20 ամիս
Սովորել է Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Զորամասի սիրելի երգիչն է: Երգելուց զատ նաեւ դհոլ է նվագում:

 


Միքայել Եղոյան, ծառայել է 14 ամիս
 
Նվագախմբի ակորդեոնահարն է: Ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում:

 


Գոռ Մելքումյան, ծառայել է 20 ամիս

Գոռը նվագախմբի ակունքներում է եղել, 2013-ին մի քանի երաժիշներով միավորվել են ու ստեղծել խումբը: Նվագախմբում ժողովրդական փողային գործիքներ է նվագում' դուդուկ, զուռնա, շվի եւ այլն:

 


Սարգիս Սարգսյան, ծառայել է 20 ամիս
Նվագախմբի թառահարն է, զինվորական ծառայության մեկնելիս չէր էլ մտածում, որ այնտեղ էլ չի բաժանվի սիրելի գործիքից:


Գառնիկ Հարությունյան, ծառայել է 20 ամիս
 
Կիթառահար է: Ուսանել է Երեւանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: Ի դեպ, դասական կիթառից բացի նվագախումբը նաեւ էլեկտրակիթառ ունի:

 


Նարեկ Սահակյան, ծառայել է 8 ամիս

Ջութակը զինվորական նվագախմբի ամենանուրբ ու սիրելի գործիքներից է: Ջութակահար Նարեկ Սահակյանը սովորել է Կոնսերվատորիայում: Նրա ծառայության ավարտին դեռ 16 ամիս կա, ով իմանա' ինչ նոր ստեղծագործություններ կծնվեն այդ ընթացքում:

Այս թեմայով