Կիևյան փողոցի դալանից Հրազդանի ձորի բերանին գտնվող փոքր, կանաչ բակը մտնելով՝ հայտնվում ես գեղատեսիլ մի աշխարհում կամ էլ՝ գեղանկարչի աշխարհում: Բազմահարկ շենքի առաջ Հակոբ Հակոբյանի՝ հարազատ բակին նվիրած մետաղե արձանն է, որ կարծես խորհրդանիշ լինի՝ հուշող, որ այստեղ է ապրում նկարիչը: Սկզբում վերելակը, հետո էլ բազմաթիվ աստիճանները տանում են դեպի հատուկ նրա համար պատրաստված հարկը: Մեծ, լուսավոր արվեստանոցում թղթերով ու մատիտներով ծածկված սեղանի մոտ նստած Հակոբ Հակոբյանը դանդաղ-դանդաղ պատմում է կյանքը նկարելու մասին:
Ցանկացած երեխա կսկսի ուրախությամբ մի բան նկարել, եթե ձեռքը մատիտ տաք: Սա երեխաների մեծ մասի սիրած զբաղմունքն է: Երբեմն նրանք կարողանում են զարմանալի բաներ պատկերել, բայց հիմնականում այս հետաքրքրությունն անցնում է ժամանակի ընթացքում, ու երեխաները մոռանում են իրենց շնորհի մասին: Իսկ նրանք, ովքեր չեն մոռանում, դառնում են նկարիչներ: Ես նկարել ուզում էի հինգ տարեկանից: Գովում էին ինձ, թե՝ այս երեխան տաղանդ ունի: Նման խոսքերը շատ էին ոգևորում, ու ես ավելի շատ էի սկսում նկարել: Ժամանակի ընթացքում նկարելը դարձավ կյանքիս գլխավոր իմաստը, և երազանք առաջացավ՝ ապրուստ վաստակել միայն նկարելով ու ոչ մեկի համար չաշխատել, ոչ մեկից կախված չլինել: Երազանքս իրականացավ, երբ 45 տարեկանում Հայաստան վերադարձա:
***
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու որոշեցի տեղափոխվել Հայաստան. շատ տարօրինակ հարց է: Ծնվել եմ Եգիպտոսում: Ծնողներս հայ են: Տանը մեր խոսացած լեզուն տարբերվում էր փողոցի լեզվից, ինչն ինձ համար մանկուց տարօրինակ էր: Զգում էի, որ մյուսներից տարբերվում եմ, այլ եմ: Հետո ընդհանրապես միջավայրին օտար դարձա, ու սկսեցի համոզվել, որ պետք է իմ երկիրը գտնեմ: Իսկ երկիրս այն ժամանակ Խորհրդային Հայաստանն էր: Գիտակցում էի, որ այն գտնվում էր մեծ տերության՝ ԽՍՀՄ կազմում, բայց ի՞նչ անեի՝ միակ բանն էր, որ մնացել էր պատմական հայրենիքիցս: Բայց միայն ցանկությունը քիչ էր՝ Սովետը պետք է մուտքի թույլտվություն տար: Քառասունականների վերջում հարյուր հազարավոր հայեր կարողացան տեղափոխվել Հայաստան. ես էլ նրանց մեջ կլինեի, եթե այդ գործընթացը անսպասելիորեն չդադարեցնեին: Մարդիկ ծախել էին տները, թողել աշխատանքը, բայց գնալ չէին կարող: Այդպես էլ տարիներ շարունակ սպասում ու սպասում էինք: Ես և հարազատներս Հայաստան կարողացանք գալ 1962-ին: Լենինականում տեղ տվեցին, չնայած մեզ միևնույնն էր՝ որտեղ կապրենք. լիովին ապավինել էինք իշխանություններին: Այդ քաղաքում մեր ապրած 5 տարվա ընթացքում պատգամավոր դարձա, որի համար էլ, երևի, մայրաքաղաք տեղափոխեցին:
***
Չգիտեմ՝ ինչպիսին է ոճս՝ չեմ ընտրել: Ու չեմ էլ երբևէ նկատել, որ շատ փոխված լիներ: Ուղղակի նկարել եմ այն, ինչ ինձ հուզում էր: Կարծում եմ, որ հենց սա է պայմանավորում յուրաքանչյուր նկարչի ոճ: Ինձ ամենաշատը մարդիկ են հուզել: Երբ երիտասարդ էի, խեղճ էին ինձ թվում: Երևի ինքս էի էդպիսին, դրա համար: Շատ էի նկարում նիհարներ, հիվանդներ ու դժբախտներ: Այս շրջանն ավարտվեց Հայաստան գալուց հետո. մի կողմից չէի ուզում տեսնել խեղճ հայերի, մյուս կողմից՝ այդպիսիք չկան էլ: Հայերը ուժեղ են, դիմացկուն, հպարտությամբ են անցնում կյանքի դժվարությունների միջով:
***
Երբ նոր էի եկել այստեղ, ուզում էի ուղղակի նստել ու նկարել՝ քաղաքը, փողոցը, բնությունը: Հայաստանում խնդիրներ առաջացան. ամբողջ ժամանակ գալիս, հարցնում էին՝ ինչ եմ նկարում ու ինչու: Իսկ ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ: Փորձում էի բացատրել, որ հաճույքի համար եմ նկարում՝ նկարիչ եմ: Բայց ինձ չէին հավատում ու սկսում էին նախապաշարմունքով վերաբերվել: Այդ ժամանակ լավ ընկերս՝ Ռաֆայել Աթոյանը, խորհուրդ տվեց ասել, որ նկարում եմ հեռուստատեսության համար: Այս տարբերակը, ինչքան էլ որ անհեթեթ էր, օգնեց: Այն թվերին մարդիկ զգուշանում էին հեռուստատեսությունից, մտածում էին, որ եթե ես հետը կապ ունեմ, ավելի լավ է՝ ինձ հանգիստ թողնեն ու ավելորդ հարցեր չէին տալիս:
***
Արվեստի մարդը հանդիսատեսի կարիք ունի: Նկարչին պետք են մարդիկ, ում նա կկարողանա ցույց տալ իր կտավները: Սա շատ բնական է ու ոչ մի կապ չունի սնապարծության հետ: Ըստ իս՝ սա ստեղծագործելու օրենքն է:
***
Լենինականում չունեի արվեստանոց, Երևանում էլ 12 տարի նկուղում եմ նկարել, որտեղ նույնիսկ նորմալ արևի լույս չէր ընկնում: Որոշ ժամանակ անց, երբ Կիևյան փողոցում սկսեցին բարձրահարկ շենքեր կառուցել, հատուկ կարգադրությամբ ընտանիքիս համար մի ամբողջ հարկ ավելացրին: Այստեղ ազատ եմ զգում ինձ, արվեստանոցիցս էլ հիանալի տեսարան է բացվում: Երկինքն եմ տեսնում՝ սա շա՛տ կարևոր է: Սիրում եմ մեր բակը. այնքան, որ նույնիսկ մի արձան եմ նվիրել: Բայց մի բան ինձ միշտ անհնագստացնում է. մենք՝ հայերս, պետք է պատմությունից դաս քաղած լինեինք, որ չի կարելի 3-4 հարկանոցներից բարձր շենքեր կառուցել: Ախր սա վտանգավոր է, ո՞վ կտա երկրաշարժներից երաշխիք: Իսկ մենք հա կառուցում ու կառուցում ենք, ասես համառորեն ուզում ենք հասնել երկնքին:
***
Գաղափարները միշտ անսպասելի են գալիս: Օրինակ, վերջերս տարբեր մետաղե դետալների նկատմամբ հետաքրքրություն է առաջացել: Առնում եմ դրանք Վերնիսաժում, լցնում իրար գլխի ու սկսում միացնել: Առաջանում են փոքր ու զարմանալիորեն տարբեր արձանիկներ՝ ցմփոր տղամարդիկ, թախծագորով, մի քիչ փափլիկ կանայք, նրբագեղ, լուսավոր աղջիկներ: Այս ամենը կարելի է ստեղծել մետաղի թափոնի կույտից: Միշտ սիրել եմ գործիքներ. ինձ թվում էր, որ դեմքեր ունեն: Ինքս, ամեն դեպքում, տեսնում էի դրանք: Երևի հենց այդտեղից էլ ծնվեց արձաններ ստեղծելու գաղափարը: Աշխատանքներս ցույց տվեցի քանդակագործ ընկերներիս, հավանեցին: Այդպես այն դարձավ սիրածս զբաղմունքը: Հետո նկարում եմ արձաններս ու պահում. արհեստանոցս ամբողջովին լցված է դրանցով:
***
Հնարավոր չէ նախօրոք իմանալ, թե այս կամ այն նկարն ինչպես կավարտես: Կտավն ինքն է դա որոշում: Երբեմն մի քիչ նկարում ես ու հասկանում՝ վերջ: Երբեմն էլ նկարը կարծես ինքն է ասում քեզ՝ շարունակի՛ր, շարունակի՛ր, էլի՛: Ու դու ուղղակի տանում ես վրձինդ վրայով ու սպասում, թե երբ է այն քեզ բաց թողնելու:
***
Չեմ դադարում նկարել: Մոլբերտի վրայի նկարում աղոթող Գրիգոր Նարեկացին է. Աստծուց մեղքերի թողություն է խնդրում: Բոլորս ունենք մեղքեր, բայց Նարեկացին դրանք ավելի սուր էր զգում: Չգիտեի՝ ինչպես դա պատկերեմ: Հետո հանկարծ միտքս պայծառացավ, ու ես Նարեկացու մարմինը կապտուկներով ու վնասվածքներով ծածկեցի: Նա ցավը մարմնով է զգում:
***
Գեղանկարչությունը մեր շուրջն է, ամենուր է, ոչ միայն՝ կտավի վրա: Յուրաքանչյուր հեռախոս իր գույնն ու կոճակների դասավորության ձևն ունի: Հիմա դա անվանում են դիզայն, բայց չէ՞ որ դիզայները նկարիչ է, ոչ թե երաժիշտ կամ դերասան: Դա էլ է գեղանկարչություն:
***
Ես նկարիչ եմ: Աշխարհում կան հազարավոր ուրիշ նկարիչներ, որոնցից շատերը մեծ տաղանդ ունեն: Այդ տաղանդավորներից շատերն էլ հայեր են: Երիտասարդ ժամանակ ինձ համեմատում էի ուրիշների հետ: Նույնիսկ մի շրջան եկավ, երբ ընդհանրապես դադարեցի նկարել: 7-8 տարի կտավին չմոտեցա: Բայց կյանքն ապացուցեց, որ դա մեծագույն սխալ էր: Պետք է կարողանալ ընդունել, որ քեզնից տաղանդավոր մարդիկ էլ կան, միշտ եղել են ու կլինեն: Բոլորիս չէ վիճակված լինել Միքելանջելո: Այս միտքը չպետք է խանգարի արարել: Նկարչի ճանապարհն ընտրել է քեզ, ու պետք չէ մտածել՝ ինչքան տաղանդավոր ես, կդառնաս մեծ գեղանկարիչ, թե ոչ: Ուղղակի պետք է նկարել այնպես, ինչպես թելադրում է քո շնորհը, քո տաղանդը: Օժտվա՞ծ ես դրանցով, ուրեմն նկարի՛ր: