Ինտերնետը փոխեց կյանքը, նրա մասին ձևավորված պատկերացումները: Կոնկրետ ի՞նչ դեֆորմացիաներ եղան մեր կենցաղում՝ ներկայացնում ենք սեփական փորձից ելնելով:
Ժպիտները դարձան smile, :), Ճ, lol, համադասարանցիները' odnoklassniki, ընկերները' friends ու друзья, միջոցառումները' event, նամակները' sms կամ mail:
Հաստափոր գրքերն ու ընտանեկան ֆոտոալբոմներն աղջիկների նման սկսեցին տառապել անորեքսիայով' «նիհարեցին» այնքան, որ տեղավորվեցին kindle-ների ու flash-կաների մեջ:
Մարդիկ կորցրեցին իրենց իսկական դեմքը' այն դարձնելով profile, իսկ ավելի ամաչկոտները' փակ profile: Մարդ կոչվելու փոխարեն շատերը նախընտրեցին fake կամ bloger կոչվել:
Փոխվեց մարդկանց բնակության հասցեն. մարդիկ սկսեցին ապրել facebook-ում, instagram-ում, blog-ում, в контакте-ում' սեփական 4 պատի փոխարեն բավարարվելով միայն մեկով' wall-ով: Դե իսկ «բնակարանների դռները» սկսեցին բացվել ոչ թե մետաղյա բանալիով, այլ' password-ով:
Հին ու բարի ժամանակների նման հիմա այլևս ոչ ոք հյուր չի գնում, մաքսիմում гости է մտնում, իսկ եթե այնուամենայնիվ որոշում է հյուր գնալ, ապա ներս է մտնում ոչ թե դռնից, այլ' skype-ի պատուհանից:
Կանայք ու աղջիկները չեն բամբասում' chat են անում, կարծիքները դարձան comment, սերը խոստովանում են like-երով, լուրերն այլևս չեն տարածվում' post կամ share են լինում, թաքուն մտքերն ու ցանկությունները status-վում կամ twit-վում են:
Խնամախոսության գնալը փոխարինվեց սոցցանցերով: Հերիք է մեկին աչքատակ առնես, ընդամենը 1 link-ի մեջ կգտնես նրա մասին ամբողջ գենետիկ ինֆորմացիան: Ընտանիքները սկսեցին ոչ միայն կազմվել, այլև կազմաքանդվել նախ և առաջ սոցցանցերում:
Օրհասական պահերի ամենալավ ընկերը նա է, ով այդ պահին online է:
Հիմա մարդիկ ռեստորան, ակումբ, հյուրանոց, խանութ ոչ թե գնում, այլ' check in են լինում ու ոչ թե արտագաղթում' այլ sign out են լինում: