14 Հունվար 2014, 12:48
1750 |

Ճտերը ձմռանն են հաշվում

Թե ինչ պատահեց, երբ 2013-ի հուլիսի 7-ից բնական գազի և էլեկտրաէներգիայի գները Հայաստանի բնակչության համար ավելացան 18,2 և 26,7 տոկոսով` համապատասխանաբար:

Մարդիկ «Հայփոստի» գրասենյակների առջև շվարած-կանգնած են: Լուռ են, չեն խոսում: Չեն բողոքում ո՛չ անտանելի ցրտերից, ո՛չ սառցեպատ մայթերից ու փողոցներից: Այսօր եկած առատ ձյունը չի հուզում ոչ մեկին, երկնքում երկարատև գորշությունից հետո վերջապես ամբողջ կլորությամբ հայտնված արևը չեն տեսնում:

Մարդիկ այդ պահին թքած ունեն ամենի վրա, ինչ շողում է, ավելին՝ չարացած են դրա նկատմամբ:

Այսօր մի շարք ընտանիքներում վեճեր կծագեն' ծնված ոչնչից:

Այսօր երեխաները ծնողների ուշադրության կենտրոնում չեն լինի:

Այսօր միևնույնն է' ի՞նչ են ուտելու, կերածը տա՞ք կլինի, թե՞ սառը, աղի՞, թե՞ անալի:

Այսօր քնելուց առաջ կանայք չեն մտածի' ի՞նչ հագնել վաղն աշխատանքի գնալիս ու չեն նկատի եղունգների' տեղ-տեղ քերված լաքը:

Այսօր մի քիչ դժվար կլինի քնելը, գիշերը երկար կտևի, անկողինն էլ ավելի սառը կթվա:

Այսօր ուղեղում միայն գազի թեման կլինի, նույնիսկ եթե խոսեն վերամբարձից:

Այսօր արևը չի կարողանա փոխհատուցել մարդկանց ներսում տիրող խավարն ու ցուրտը:

Այսօր միգուցե մի քիչ մրսեն, բայց խնայողաբար կօգtագործեն գազը կամ էլեկտրաէներգիան:

Այսօր աշխատանքից տուն գնալիս ոչ ոք չի զանգի տնեցիներին հարցնելու' ինչ-որ բան պե՞տք է. ինչ կա, թող դրանով յոլա գնան:

Այսօր միևնույն կլինի, թե հարևանի սիրուն աղջիկը ժամը քանիսին և ինչ մեքենայով կգա տուն:

Այսօր ինչ էլ անեն, բնազդաբար են անելու, իսկ վաղը… վաղը մի քիչ ուշքի կգան, կհայհոյեն վերևներին, տան անդամներին' փողն «ափռ-ցփռ» ծախսելու համար: Հետո, ինչպես միշտ, կսկսվեն ամենօրյա բողոքները' եղանակից, սառած մայթերից, սերիալների դերասաններից, հանկարծ հարստացած աստղիկներից, վերևի ու ներքևի հարևաններից, «զառ բռնող» ընկերներից ու էս ցրտին ոտքերը բացած աղջիկներից:

Այս թեմայով