29 Դեկտեմբեր 2013, 11:27
2075 |

Նրանց նամակները Ձմեռ պապը չի ստանում

Կա մի վայր, ուր Ամանորի գիշերը բոլորը նույն երազանքն են պահում… Բարձր, շատ բարձր է վայրկենասլաքի ձայնը: Մեկ րոպե և տարին անցած է:

Եթե քո ասած Ձմեռ պապը գոյություն ունենար, երազանքս վաղուց կկատարեր. ամեն տարի նույն բանն եմ ուզում: Անցած տարի վերջին մեկ րոպեի ընթացքում էն փոքր սլաքի ամեն շարժումին ասում էի` «Մաման տուն տանի»: Մտածում էի` եթե հասցնեմ էն փոքր սլաքի ամեն շարժման հետ ասել` մաման թող տուն տանի մեզ, երազանքս կկատարվի. 60 անգամ ասացի. էս տարի երազանք չեմ պահելու:

***

Երբ փոքր էի` 1-2 տարի առաջ,  Նոր տարվա գիշերը սպասում էի, որ հենց 12-ը խփի, երազանք պահեմ. տուն էի ուզում գնալ: Հետո մեծացա ու հասկացա, որ էս ա իմ տունը. թող մաման առողջ լինի, ես՝ ոչինչ, ստեղ կմնամ:

***

Էս տալի Ձմել պապուն նամակ չեմ գլելու: Անցած տալի գլեցի, ոլ մաման գա ու միասին ստեղ Նոլ-տալին նշենք, էն էլ պապը պիստալետ բելեց, ու ինձ լացացլեց: Ասում են` ծել մալդ ա, ոչինչ, նամակնելը խալնել ա կամ էլ ակնոցը դլած չի եղել, ուլիշ բան ա կալդացել: Համ էլ` ես գլել չգիտեմ` քուլիկն էլ իմ տեղը գլում, կալող ա սխալ ա գլել: Բայց մեկ ա` չեմ գլելու պապին նամակ, թող անցած տարվա նամակս գտնի ու էդ ուզածս անի:

***

Մեզ մոտ Ձմեռ պապուն նամակ չեն գրում կամ էլ գրում են, դնում բարձի տակ, իսկ առավոտյան դաստիարակները դրանք զիբիլն են թափում: Նոր տարուն կոնֆետ ու խմորեղեն ենք ուտում. զարմանում եմ, թե ինչի են մարդիկ բողոքում, որ հոգնում են բլինչիկ, տոլմա սարքելուց: Ես որ տուն ունենայի, Նոր տարուն լիքը համով բաներ կսարքեի: Ի՞նչ եմ ուզում. նույնը, ինչ ստեղի բոլոր երեխեքը, ու ինչքան իմանում ես, որ տենց չի լինելու, ուզածդ չի իրականանալու, էնքան ավելի ուժեղ ես տուն գնալ ուզում:

***

Բոլորը գիտեն, որ ես չեմ սիրում Նոր տարին, որովհետև էդ օրը ես շուտ եմ պառկում ու չեմ մասնակցում միջոցառմանը: Չեմ մասնակցում, որովհետև էդ լացելու ա: Ուրախանում ենք, լավ քեֆ անում, ոգևորվում, հետո գալիս պառկում ու սկսում լացել: Իսկ ես պառկում եմ ու մինչև 12-ն արդեն քնած եմ լինում: Նոր տարին լավ տոն ա, եթե նոր շորեր ունես, ընտանիքիդ հետ ես, սեղանդ էլ բացված ա, թե չէ` ի՞նչ Նոր տարի: Մեկ-մեկ մեզ մոտ Ձմեռ պապ ա գալիս ու կոնֆետ բաժանում կամ խաղալիք. ախր, ոնց ասես, որ դու կոնֆետ ու խաղալիք ամենաքիչն ես սպասում ու ուզում:

***

Նոր տարին միակ օրն ա, որ ինձ թողնում են ախպորս կողքը քնեմ` տղաների ննջասենյակում: Էդ օրը իրար գրկած ենք քնում: Ախպերս ասում ա, որ ուզում ա` ես իրա մաման լինեմ, բայց ես չեմ կարա, մամա լինելը դժվար բան ա, չէ՞: Դու մամա ունե՞ս, բա էլ ի՞նչ ես ուզում Ձմեռ պապուց:

Այս թեմայով