28 Նոյեմբեր 2013, 12:11
2338 |

Տարոսը՝ ձեզ

Տարոսիկների հավաքածուս գոյացել է այն բազմաթիվ հարսանիքներից, որոնց մասնակցել եմ վերջին տարիների ընթացքում: Առանց տարոսիկ վերադառնալը հավասարազոր էր պարտված տուն գալուն, քննությունը չստանալուն:

Հարսանիքների մասնակցել են բոլորը: Շատերիը կհամաձայնեն, որ այդ իրադարձությունից, որպես կանոն, տպավորվում է հարսի շորը, այն հյուրը, ով ամենահավեսովն էր պարում, հարսնացուի ծաղկեփունջ նետելը, ու, իհարկե, այն երջանիկ պահը, երբ վերջապես պարահրապարակ են կանչում բոլոր չամուսնացած աղջիկներին ու տղաներին՝ իրենց բաժին հուշը՝ տարոսիկ բաճանելու: Ընդունված է հավատալ, որ հենց տարոսիկը կօգնի գտնել կորուսյալ երկրորդ կեսին: Տարոսիկ բաժանելն ու հավաքելը մի ամբողջ մշակույթ է դարձել հայերի համար: Ամուսնացած ու չամուսնացած՝ միաբերան տարոսիկ են պահանջում, քանի որ խոստացել են իրենց չամուսնացած ծանոթ-բարեկամին հարսանիքից տարոսիկ բերել: Ու տարոսիկ կորզելու ընթացքը վերածվում է կենաց-մահվան պայքարի:

Հենց այս ռազմի դաշտում կրած հաղթանակների արդյունքում էլ ձևավորվեց  իմ տարոսիկների հավաքածուն: Դժվար է ասել՝ ինչքանո՞վ են տարոսիկները ծառայում իրենց նպատակին, առավել բարդ է հասկանալ՝ որքա՞ն է պետք հավաքել, որպեսզի ի վերջո ամուսնանաս: Իսկ թե ինչքա՞ն ժամանակ պահել անցյալ տարիներից կուտակվածը, որտեղ պահե՞լ, վերանվիրե՞լ, թե ոչ՝ անպատասխան ու հռետորական հարցեր են: Միանշանակ է միայն այն, որ տարոսիկ բաժանելն ու ստանալը արդեն մեր մշակույթի կարևոր մասն է դարձել:

Փաստը մնում է փաստ, որ ես՝ տարոսիկներ նման հավաքածուի տերս, դեռ չեմ ամուսնացել: Տարոսիկների բնատուր ուժին որպես այդպիսին այլևս կուրերորն չհավատալով՝ շարունակում եմ ոչ միայն պահպանել հին ավարը, այլև նորանոր հաղթանակներ արձանագրել: Իսկ առայժմ ձեր դատին եմ ներկայացնում  խնամքով պատրաստված, բազմերանգ ու բազմաոճ տարոսիկների հավաքածուս: Ո՞վ գիտե, գուցե իրոք ինչ-որ զորություն կա այս ամենի մեջ:

Այս թեմայով