Իմ տոնն եք նշում, բայց ինձ հարցրե՞լ եք` ես ինչ եմ ուզում։ Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր տաշի-տուշիներից, զուռնա-դհոլից, ինձ պուպուշացնող ծիլ-ծաղիկներից վաղուց հոգնել եմ։
Ինձ որ մնա, տարիքս կթաքցնեմ, ոչ թե կոկետության կամ խորհրդավոր երևալու համար, այլ որովհետև ծանր-ծով ծերությունիցս ոչինչ չի մնացել, որ պատկառանք ներշնչի։ Իմ տարիքն էլ ոչ ձեզ է պետք, ոչ ինձ. իզուր ձևեր մի թափեք։ Էն քարն էլ` վրան սեպագիր արձանագրություն. «Ես` Մենուայի որդի Արգիշտիս….», որ ցուցադրաբար դրել եք, հանեք-տարեք. քարն ուրիշ բան է ասում, դուք լրիվ հակառակն եք անում։
Մի գլուխ սարքում եք ու սարքում, կառուցում, շենքեր բարձրացնում. թե սա բարձր է, մյուսն ավելի բարձր պիտի լինի։ Մի հարցնող լինի` ո՞ւմ համար եք կառուցում, ովքե՞ր են ապրելու էդ ահեղամռունչ շենքերում։ Մի գրող, նկարիչ կամ երաժիշտ ապրելո՞ւ է, կամ մի քարտաշ, թոշակառու, հաշմանդամ։ Ախր ումից-ումից` ինձնից ոչ մեկդ ոչինչ չեք կարող թաքցնել. ես ամենատես եմ, յուրաքանչյուրիդ հոգին ու միտքն իմ ծերունական իմաստնությամբ եմ ճանաչում։ Քայլելու տեղ, շնչելու օդ թողեք ձեր երեխաների համար. մեղք են։ Տեսնում եմ, էլի. սարքում-պրծնում եք, տարիներ են անցնում, շենքում դեռ մեկ-երկու լույս է վառվում։ Իսկ կողքի վթարային շենքի նկուղում բազմանդամ ընտանիք է ապրում. ամբողջ ձմեռ քամին վզվզում է խոնավ անկյուններում։
Չեք տա, չեք նվիրի, սեփական ձեռքերով ձեր սարքածը հողին կհավասարեցնեք, բայց մի սանտիմետր չեք տա։ Եթե նվիրեք էլ, արար-աշխարհին գլխներիդ կհավաքեք, ռադիո-հեռուստատեսությունը ձեզնով կանեք, կասեք, կխոսեք, կգովեք ձեզ ու մինչև մի բնակարանի բանալի տաք, ազատամարտիկին կամ հաշմանդամին 7 երես կկարմրացնեք։
Հիշում եմ. թամանյանական շենքերն առաջին հերթին մտավորականին, արվեստագետին, արհեստավորին, քաղաքի իսկական տերերին էին հանձնվում։ Սխալ չհասկանաք. ես ձեր սարքածները Թամանյանի կամ նրա գործը շարունակողների կառուցածի հետ չեմ համեմատում. ձերն անհամեմատելի է։ Ես 5 մատիս պես գիտեմ ձեր հոգեբանությունը. եթե բարձրահարկ եք սարքում, ուրեմն բնակելի է, եթե ցածրահարկ` ուրեմն ձեր սարքածն ուղիղ կապ ունի ստամոքսի հետ։ Մի կինոթատրոն, մշակութային, հասարակական նշանակության օջախ կառուցեք, կողքից նայեմ-ուրախանամ, էլի։ Չէ~, դուք մշակութայինն ու հասարակականն էլ եք յուրացնում, ձևափոխում ու էլի ուղիղ համեմատական դարձնում ստամոքսին։ Հուշարձանի արժեքը հասկանալու համար պիտի գոնե մի անգամ աշխատանքից մատներդ ճաքած լինեն։
Անտեր ու դուզ թողել էիք հուշարձանը, որ պատճառաբանեք` փլվում է, ճար չունենք, պիտի այնպես անենք` չփլվի։ Ինքը չփլվեց, դուք զոռով փլեցրիք ու հուշարձանի տեղն էլի ինձ մեխեցիք։ Գիտե՞ք` ինձ մեկ-մեկ թվում է, թե ինձ գժի տեղ եք դրել։ Ուրեմն իմ հուշարձանը ոչնչացնեք, ինձ մղկտացնեք-մրմռացնեք, հետո էլ ձե՞ռք առնեք։ Նույնն է, թե մոր ձեռքից երեխային խլեք, տեղը մի տոպրակ շաքարավազ դնեք ու ասեք` սիրիր, գուրգուրիր, տես ինչ քաղցր է, պետքական, երեխայիդ համար մուրաբա- ջեմ կպատրաստես սրանով։ Դրանից առաջ էլ «Երիտասարդական պալատն» էր։ Սկզբում Կրծած կուկուռուզ էիք ասում, բայց հետո կրծածով չբավարարվեցիք, վերջնականապես հոշոտեցիք։
Շատ խոսեցի, կոկորդս չորացավ բարկությունից։ Հիմա էնքան պիտի սպասեմ, մինչև երեկոյան 9-ին Հանրապետության հրապարակի շատրվանները մի ժամով միացնեք, որ կոկորդս թրջե՞մ։ Ինչքա~ն շատրվաններ ունեի առաջ` էլ հոբելյանական տարեդարձիս նվիրված, էլ ուղղակի գեղագիտական հաճույքի և օդի մաքրության համար կառուցված. քանդեցիք-ոչնչացրիք։ Մենակ թե չասեք` ջուրն ափսոս է, խնայում եք. էս ծեր հալիս էնպես կհռհռամ, ձայնս մինչև Հռոմ կհասնի։ Երես չեք թողել, որ հոբելյաններիս մեկ-մեկ նրան էլ հրավիրեմ. տարեկից ենք, ի վերջո, ընկերս է։ Գա՝ ի՞նչը տեսնի։ Գլուխ եմ գովում` պատմությունս հին է, ճարտարապետությունս` յուրահատուկ ու ազգային։ Մի հնաոճ անկյուն, ազգային ճարտարապետության մի գլուխգործոց թողնեիք, հինը պահպանելով` նոր շունչ հաղորդեիք, ասեի` կեցցեք, իմ հետնորդներն եք, սիրում եք ինձ։ Հա փռում եք ու փռում. բայց ասֆալտ։ Հոբելյաններիս մի գլուխ ծախսում եք ու ծախսում։ Էլ շքեղ հրավառություն ու համերգներ, էլ փուչիկներ ու դրոշակներ, քայլերթ, բեմադրություն։ Տարիքս միլիոններո՞վ եք հաշվում։ Հոբելյանական բյուջեիս զրոները հենց լսեցի, գլխացավս բռնեց։ Չեմ ուզում ձեր շռայլ զրոները, դրանցով նոր բնակիչներիս համար մանկապարտեզներ ու դպրոցներ կառուցեք, շենքեր` անօթևանների, երիտասարդ ընտանիքների համար։ Թող նրանք իրենց անձնագրերում ունենան սեփական հասցեն` քաղաք Երևան, փողոց…, բնակարան…
Իմ տոնն եք նշում, բայց ինձ հարցրե՞լ եք` ես ինչ եմ ուզում։ Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր տաշի-տուշիներից, զուռնա-դհոլից, ինձ պուպուշացնող ծիլ-ծաղիկներից վաղուց հոգնել եմ։ Ինձ համբերությունից չհանեք, թե չէ ձեր հրավառություններից, հոբելյանական համերգներիս ինձ շինծու փառաբանող երգիչների ֆանագրամաներից էլ բարձր կգոռամ. «Ես ամենևին էլ 2795 տարեկան ԵՐԵՎԱՆ չեմ, ես անտարիք, անանուն ու անդեմ եմ»։