18 Սեպտեմբեր 2013, 16:56
2095 |

Դե˜, հու′տ

Մսահոտի հիպնոզը շանը հազարերորդ անգամ տարավ հոտը պարսպող պատերի տակ ու հազարերորդ անգամ սոված թողեց:

Քանդված կաթսայատնից շունը դուրս եկավ: Լուսինը ճոճվում էր նռենու ճյուղին` վերև-ներքև, վերև-ներքև, երբ երկու կաթիլ լուսնահյութ կաթաց դնչին: Շունը վեր թռավ, թափահարեց գլուխն ու հոտոտեց օդում տարածված անձրևահոտը: Լայն թաթով չրմփացրեց ջրափոսի մեջ, որի մեջ դեռ արտացոլվում էր ճոճվող լուսինը: Շունը, հայացքը թեքելով նռենու հակառակ կողմն ու անտեսելով լուսնօրորը, պոչը շարժելով քայլեց դեպի նեղ բակերը՝ մտքում դեռ լուսնակռիվ տալով: Օդը հոտոտելը նրան դուր էր գալիս: Մանավանդ, որ շատ հեռվից օդի խոնավության մեջ ստամոքսահյութը գրգռող հոտ կար: Անձրևից խաղաղված քաղաքի լռությունը խախտող ռեստորանից խորովածի հոտ էր տարածվում: Մսահոտի հիպնոզը շանը հազարերորդ անգամ տարավ հոտը պարսպող պատերի տակ ու հազարերորդ անգամ սոված թողեց: Գրգռված ստամոքսով շունը քայլեց մի քիչ էլ ու հասավ հացի բուրմունքով տանը: Հացթուխները մի կոտրած թասի մեջ հին հաց էին թրջում թափառող շների համար: Հացթուխները միակ մարդկանցից էին, որ հաց էին փշրում նաև ճնճղուկների համար: Տատիկները, որ հին հացը փշրում էին պատուհանագոգերին, մահացել են՝ բարի սովորությունը չփոխանցելով թոռներին:

Կշտանալուց հետո շունը հեռացավ պատուհանի տակից: Կուշտ շունը հաչեց ի նշան երախտիքի, բայց նրա շնորհակալությունը զայրացրեց տաքսու մեջ աչքը կպցրած վարորդին. իջեցրած պատուհանից բղավեց`դե˜ հու′տ: Շունն այդ ազդանշանը լավ գիտեր: Անհաչ հեռացավ:

Փողոցի վերջում կանգնող մի աղջիկ կար: Նրան ամեն օր հանդիպում էր նույն տեղում նույն դիրքով: Շունը նույնիսկ գիտեր, որ աղջիկը մի քիչ վախենում էր իրենից: Չանհանգստացրեց նրան, կտրեց փողոցն ու այդ հատվածն անցավ դիմացի մայթով: Շանը նա մի քանի անգամ քարերով հարվածել էր: Աղջիկն էլ ճանաչեց իր ամենօրյա այցելուին, բայց անհողդողդ մնաց: Նա շանը չէր սպասում: Շունն անտեսված մնաց նաև փողոցի մյուս անցորդների կողմից: Նա, իհարկե, կհաչեր, բայց այդ մարդիկ այնքան ծանր էին քարշ տալիս իրենց ոտքերը, որ իրեն լսելու ուժ էլ չունեն: Լուսինը նախահայր գայլերից բացի դուրս է կանչում արագավազ, շքեղափայլ մեքենաներին: Դրանցից մեկը չքացավ՝ ջրափոսի ջուրը կոտրելով հազիվ ոտքերը քարշ տվող մարդկանց փեշերին: Շունը թրջվեց այնպես, որ նորից ստիպված թափահարեց իր թաց բաշը: Իրեն չորացնելու փորձը բարկացրեց անցորդին ու նորից` դե˜, հու′տ: Նրա քայլերը վազքի աճեցին ու շուրջբոլորը խաղաղվեց: Փողոցի նստարաններից մեկին քնած մարդը փնթփնթալով փոխեց դիրքն ու վախեցնելու աստիճան բարձր փռշտաց: Փռշտոցի արձագանքը երկարեց մութ ու դատարկ փողոցներում, շփոթեցրեց շանը, որը կարծեց՝ իրեն են քշում: Նա նույն արագությամբ անցավ նստարանի կողքով ու կանգ առավ մի մեքենայի մոտ: Դուռը մի տղամարդ բացեց և գրկեց իջնող կնոջ իրանը: Կնոջ փայլփլուն ապարանջանը կայծկլտաց շան աչքերի մեջ: Ոռնաց տղայական վայելքով: Շարունակությունը` դե˜, հու′տ: Դիմացի բակի շներին դուր չեկավ շան կաղկանձը: Նրանք վազեցին ձայնին ընդառաջ: Հանդիպումը վերածվեց շան գզվրտոցի ու կատաղի վայրահաչերի: Շունը կաղալով պոկվեց շնակռվից ու որոշեց վերադառնալ կաթսայատուն` հեռվում թողնելով վայրենացած շներին ու գոռգոռացող մարդկանց:

Անձրևից թրջված գետինը սկսել էր չորանալ, փողոցն արդեն դատարկվել էր ոտքերը քարշ տվող մարդկանցից: Չկար և՛ իրեն ծանոթ աղջիկը, և՛ տաքսու վարորդը: Հազիվ հասել էր հարազատ նռենուն, երբ գարշաբույր մեքենան սլացավ կողքով. դեպի իրեն ուղղված հրացանից դուրս պրծավ մահն ինքը: Մարդկանց անդորրն ապահովող կազմակերպության մեքենայից իջավ մի մարդ, մոտեցավ շանն ու պոչից քարշ տվեց  դեպի մեքենան: Շան աչքերում քարացել էր նռենու ճյուղին ճոճվող լուսինը:

Այս թեմայով