04 Սեպտեմբեր 2013, 09:33
1838 |

Մի կտոր շպրտած հացը

Թափառականը, որ առանց այդ էլ սրտնեղած էր մանրադրամներ չաշխատելու պատճառով, մռայլվեց, հայացքով սվինահարեց երեխային, նույնիսկ ատեց այդ անդաստիարակին, հավաքեց գործիքն ու հեռացավ բակից:

Նրա փոքրիկ ձեռքերը հազիվ հասան պատուհանի փականին, ձգվեց, մեծ դժվարությամբ բացեց այն: Որ երկար կանգնած չմնա, պատուհանի մոտ հասցրեց մեծ աթոռը, մագլցեց, ծնկեց ու սկսեց պատուհանից դուրս նայել: Մինչ մայրը կպատրաստեր նախաճաշը, նա իր ձեռքի փոքրիկ հայելիով որսաց արևի ճառագայթներն ու սկսեց խաղալ դրանց հետ: Թեքում էր հայելին ու փողոցը դիտում հայելու միջով: Ամեն ինչ անիրական էր թվում, աղավնիների բույնը բաց էր, ճերմակ-ճերմակ թռչունները պտտվել էին երկնքով ու իջել նրա խաղահրապարակ: Աղավնիներին ինքնակամ հսկող փողոցային շունը ուզում էր խաղալ նրանց հետ, մոտենում էր թռչուններին, խանգարում նրանց անդորրը: Այդ խաղով շատ էր զվարճացնում փոքրիկը: Նա դեռ երկար կնայեր աղավնիներին, բայց հանկարծակիի եկավ, երբ մի մարդ նստեց խաղահրապարակի դիմացի նստարանին, հանեց չգիտես ինչը և սկսեց նվագել և երգել: Անակնկալի եկավ, նրան տանը այդքան բարձր երգել թույլ չէին տալիս, իսկ դրսում նույնիսկ չէր էլ համարձակվի: Բացի այդ, նրա երաժշտական գործիքը շատ լավն էր, նա այդպիսին չէր տեսել.

- Մամ, արի,- բղավեց տղան,- սա ի՞նչ է՝ կիթա՞ռ:
- Չէ, թառ երևի,- կասկածելով ասաց մայրը:
- Մամ, ինչու՞ է դրսում երգում, կարելի՞ է մեծերին երգել դրսում:
- Փող է ուզում:
- Ինչու՞:
- Որ հաց գնի, ուտի,- առանձնապես նշանակություն չտալով պատասխանին՝ նետեց մայրը:

Տղան շատ զարմացավ: Իրեն սովորաբար ասում էին՝ հաց կեր, որ կարողանաս խաղալ, մարզվել, միայն հաց ուտելուց հետո կարելի էր բակ գնալ: Այն, որ երգելուց հետո միայն կարող են հաց ուտել, նոր միտք էր, մի քիչ արտասովոր, նույնիսկ՝ գայթակղիչ: Նա ամեն առավոտ պատուհանից հետևում էր մածուն վաճառողներին ու էլի մեծ ցանկություն էր ունենում նրանց նման բակում «մածուն-մածուն» կանչել: Բայց դրսում նա այդ խաղը չէր կարողանում խաղալ, որովհետև մայրը տարաներ չէր տալիս, որ դուրս տանի: Նա այդ խաղը կազմակերպում էր տանը, ստեղծելով իր բակը, իր առքն ու վաճառքը: Նրանից տան անդամները պետք է գնեին այդ մածունը, հարցնեին թարմ է թե ոչ, դրամ տային, իսկ ինքը խնամքով տոպրակների մեջ կտեղավորեր մածունը ու կասեր' մեկ էլ չորեքշաբթի եմ գալու: Փողոցում երգողը նոր կերպար էր, նոր խաղ: Նրան հետաքրքիր էր այդ մարդու հագուստը, կոշիկները, կողքի դրված մեծ, դատարկ ու կեղտոտ պայուսակը, գործիքը… Նոր հերոսի երգերը հաջորդում էին մեկը մյուսին, գնալով դրանք ավելի կատաղի ու բարձր էին դառնում, քանի որ ոչ մի պատուհան չէր բացվում: Երևի բոլոր բակերում վերաբերմունքը նույնն էր եղել: Նա հոգնած էր, արևահարված:

Թափառականը որքան ավելի բարձր էր երգում, այնքան ավելի շատ էր դուր գալիս տղային: Նրա երգերից ոչ մեկը տղան չգիտեր ու չէր էլ լսել: Մայրը պարզաբանեց. «Նա շատ երգեր չգիտի, նվագել էլ չգիտի, երգում է մտքին եկածը, ճիշտ քեզ նման»: Տղան ավելի սիրեց նոր հերոսին, չէ որ նրանց նմանացրել էին: Մայրը նրա ոգևորությունից հասկացավ գլխին եկող նոր սպառնալիք խաղը և միջամտեց.

- Այս մարդը հաց գնելու համար է երգում, սա լավ աշխատանք չէ, տղաս: Մեղք է այս մարդը,- փորձեց խղճահարություն և կարեկցանք արթնացնել հիացմունքի փոխարեն:

Մորը հաջողվեց փչացնել տղայի տպավորությունը և տրամադրությունը: Ազդվելով նրանից, որ այդ լավ խաղալիքով մարդը սոված է, որոշեց մի բան նախաձեռնել: Տեսնելով, որ մայրը մեջքով է կանգնած, իրեն չի տեսնում, հացամանից մի կտոր հաց վերցրեց, նորից բարձրացավ աթոռին, ու մինչև մայրը կփորձեր կանխել նրա գործողությունները, հացը նետեց երաժշտի վրա:

Թափառականը, որ առանց այդ էլ սրտնեղած էր մանրադրամներ չաշխատելու պատճառով, մռայլվեց, հայացքով սվինահարեց երեխային, նույնիսկ ատեց այդ անդաստիարակին, հավաքեց գործիքն ու հեռացավ բակից: Տղան շատ էր ուզում, որ այդ մարդը մնա իրենց բակում: Նա սրտնեղեց իրադարձությունների նման ընթացքից, նույնիսկ նեղացավ այդ անշնորհակալ մարդուց, որ իր նետած հացը չվերցրեց: Երաժիշտն էլ շատ նեղացած ու դառնացած գնաց՝ իրեն ամենաանկեղծ կարեկցող միակ ունկնդրին թողնելով պատուհանի մոտ: Նրա գործիքը արևի ճառագայթների տակ երբեմն ցոլարձակում էր ու քայլ-քայլ հեռանում: Փոքրիկը հայացքով ճանապարհեց նրան, քանի դեռ երևում էր:

Այս թեմայով