13 Օգոստոս 2013, 12:44
3782 |

Ռաֆայել Իշխանյան. «Պատկերազարդ պատմություն հայոց»

«Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Ներողություն եմ խնդրում, թե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ»:

Բոլոր նրանք, ովքեր 1980-ականներին են դպրոց գնացել, ու հատկապես նրանք, ովքեր բաժանորդագրված էին «Պիոներ» ամսագրին, անկասկած, կհիշեն ամսագրի ամեն համարում տպագրվող «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքը՝ Ռաֆայել Իշխանյանի հեղինակությամբ: Վստահ եմ, որ շատ շատերն ինձ պես անհամբերությամբ են սպասել «Պիոների» նոր համարին՝ Իշխանյանի՝ արտաքուստ պարզ ու մատչելի, բայց իրականում փաստառատ ու հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն ընդգրկող, վերլուծող, նոր մոտեցումներ առաջադրող զրույցը կարդալու համար:

Այն ժամանակ հատկապես դպրոցականներիս համար այդ զրույցները դասագրքի կաղապարներից դուրս գալու, մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու գրեթե միակ այլընտրանքն էին, մեր ուսուցիչներին ոչ դասագրքային գիտելիքներով զարմացնելու գրեթե միակ հնարավորությունը: Ու Կորյուն, Ագաթանգեղոս, Խորենացի, Բուզանդ, Եղիշե ու Փարպեցի կարդալուց շատ առաջ Իշխանյանի զրույցների շնորհիվ արդեն գիտեինք, թե մեր պատմության որ դրվագներն են հենց նրանք վկայագրել:

Հիշում եմ, թե ինչպես մի օր ես՝ 4-րդ դասարանցի երեխաս, ապշեցրի մեր շրջկենտրոնում Հայոց պատմություն առարկան մասնավոր պարապող մի տասներորդցու: Ու երբ նա իմացավ, թե որտեղից ինձ այդ գիտելիքները, խնդրեց վերցնել «Պիոների» համարների հավաքածուն: Հետո նա ընդունվեց համալսարան, կարծեմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու իմ հավաքածուն անհետ տարավ իր հետ: Հիշում եմ՝ ես հուսահատության մեջ էի, որովհետև Իշխանյանի զրույցներից զատ ինձ համար թանկ ու կարևոր էին նաև նկարները, որոնց շնորհիվ ես դեմքով գիտեի Տրդատ Մեծին ու Գրիգոր Լուսավորիչին, Պապ թագավորին ու Փառանձեմ թագուհուն, Արշակ Երկրորդին ու Վռամշապուհին, գիտեի, թե հատկապես ինչ իրադրության մեջ են ձերբակալում Մուշեղ Մամիկոնյան սպարապետին կամ ինչպիսի շարժումով է Դրաստամատը դանակն իր սիրտը մտցնում…

Ու հանկարծ գրախանութում տեսնում եմ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի առաջին հատորը, որը մասամբ կվերականգնի  կորուստս: Ասում եմ՝ մասամբ, որովհետև իմ սիրած նկարներով զրույցներն այդ հատորում չկային… Այդ ընթացքում Իշխանյանը ամսագրում հրատարակում էր նորանոր զրույցներ, և շարունակեց արդեն անկախությունից հետո, երբ «Պիոները» «Աղբյուր» էր դարձել: Բայց մի հերթական համարում էլ հանկարծ հայտարարեց, որ դադարեցնում է զրույցները, հիշում եմ՝ Գրերի գյուտին նվիրված զրույցի վերջում, ու երևի այդ պատճառով է, որ ես ինքս հայոց պատմությունը մինչև 5-րդ դար շատ ավելի լավ գիտեմ, քան 5-րդ դարից հետո…

Արդեն ուսանող էի, երբ լույս տեսավ «Պատկերազարդ պատմություն հայոց»-ի երկրորդը հատորը՝ առաջինից մոտ 7 տարի հետո, իմ սիրած նկարներով: Ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ ամսագրում դադարեցնելով զրույցների հրապարակումը, Իշխանյանն այնուամենայնիվ շարունակել է գրել դրանք ու հասցրել Բագրատունյաց թագավորության անկում: Երկրորդից ևս 7 տարի հետո լույս տեսած երրորդ հատորը, սակայն, նախկինների պես լայն տարածում չունեցավ, վստահ եմ, որ մինչև հիմա էլ քչերը գիտեն դրա մասին: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ հետաքրքրություններով դպրոցականներ, հայոց պատմության՝ գեղեցիկ նկարներով դասագրքեր կան: Միջնադարյան մեր գրիչների ոգով ու ոճով գրված Իշխանյանի հիշատակարանը երրորդ հատորի վերջում նույնպես ցավագին, նույնիսկ՝ ողբերգական զգացողությունների ծնունդ է. «Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Հայ խոսքի ու ձեր ծառա Ռաֆայել Իշխանյանս ներողություն եմ խնդրում, եթե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ: Մի աղոթքով հիշեք անկատարիս»:

Եվ ահա լույս է տեսել 3 հատորները մեկտեղող «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը,  իմ պատանեկան երազանքներից մեկը, մանավանդ որ նկարները շատ ավելի որակյալ ու գունեղ են…

Թող որ հայոց պատմության բազմաթիվ փաստեր պատմաբաններն այսօր ուրիշ կերպ են մեկնաբանում, թող որ պատմական շատուշատ փաստերի մեկնաբանություններ Իշխանյանի սուբյեկտիվ հայացքների ու պատմության ընթացքի նրա ընկալման դրոշմն են կրում, այս գիրքը, այս հրաշալի «Պատկերազարդ պատմություն հայոցը» այսօր էլ մնում է բացառիկ ու օգտակար բոլորիս համար: Ու առաջվա պես հատկապես դպրոցականների համար մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու հրաշալի այլընտրանք է:

Այս թեմայով