Աղտոտված միջավայրում այդքան էլ հաճելի չէ ապրելը: Իսկ 2000-ամյա քաղաքի բրենդային կորուստների մասին ընդհանրապես կլռենք: Սակայն թեման առայժմ կարծես թե ոչ բոլորին է հուզում:
Հուլիսի 21-ին մի խումբ երիտասարդների կողմից Երևանի Թումանյանի այգու հարակից ձորում անցկացված աղբահավաքին միացավ նաև Imerevan.com-ը: Նախաձեռնության մասնակիցների թիվն այդպես էլ չանցավ 10-ը: Սակայն այս փոքրաթիվ խմբին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում հավաքել տասից ավելի պարկ աղբ:
Հայաստանում տիրող էկոլոգիական խնդիրներով հետաքրքրվող քաղաքացիների մի խումբ, համախմբվելով, նախաձեռնեց Համահայկական բնապահպանական ճակատը: Այն կոչված է պայքարելու հանուն էկոլոգիապես մաքուր ու առողջ բնության:
Երևանի տարբեր անկյուններում, անկախ կատարվող ամենօրյա աղբահանության աշխատանքներից, հաճախ կարելի է հանդիպել աղբակույտերի: Դրանք բնավ էլ մարդկային գործունեության ընթացքում գոյացող թափոնների բնականոն կուտակումներ չեն, այլ քաղաքացիների անտարբերության ու անքաղաքավարության հետևանքը:
Աղբից խուսափող, աղբահոտից զզվող քաղաքացիներից շատերը, կամա, թե ակամա, դառնում են այդ աղբակուտակումների «հիմնադիրները»: Ծառի բնի մոտ նետված ծխուկը կամ ծամոնի տուփը աղբակուտակման հիմնաքար են: Շատերի մոտ արդեն բնազդ է դարձել աղբը նետել այնտեղ, որտեղ կուտակում կա: Քաղաքացիական ենթագիտակցությունն անկախ իրենից ենթադրում է ՝ թե աղբ է կուտակված, ուրեմն մաքրող էլ կգտնվի: Սակայն երեկոյան քամին ու թափառող կենդանիներն առաջ են ընկնում աղբահավաքներից, ու մի լավ տնտղելով աղբակույտերը, ցրում են դրանք քաղաքով մեկ: Ու վարդագույն Երևանի մայրամուտի ֆոնին ազատատենչ թռիչքով սկսում են սավառնել պոլիէթիլենային տոպրակները: