Գիտե՞ք՝ երբ են փաբիստներն ամաչում. երբ ինչ-որ նոր փաբ է բացվում, ու իրենք այդ մասին ուշ են իմանում, կամ, Աստված մի արասցե, վերջինն են իմանում: Վերջերս նման իրավիճակում ինքս հայտնվեցի, երբ կոլեգաներիցս մեկի հետ որոշեցինք երեկոն անցկացնել որևէ փաբում մեկ բաժակ ռոմի շուրջ:
Ի դեպ, նկատել եք, որ մեր քաղաքում մեկը մյուսից հետաքրքիր ու յուրօրինակ փաբեր կան, դրանցից յուրաքանչյուրն ունի իր բույրը և, իհարկե, մշտական այցելուները: Ուստի ինձ համար միշտ դժվար է լինում կողմնորոշվելը: Երբ կոլեգաս հարցրեց՝ Music Factory-ում եղել եմ, միանգամից ներքուստ մի տեսակ նեղվեցի` դա ինչ է, որտեղ է, որ ես չեմ եղել: Պարզվեց, նոր է բացվել, առաջվա Tochka ակումբի տեղում այժմ գործում է, թերևս, մեր քաղաքի ամենաճաշակով երաժշտություն հնչեցնող փաբերից մեկը` Music Factory-ն: Ու մեր քայլերն ուղղեցինք դեպի “երաժշտության գործարան”:
Մուտքի մոտ մեզ դիմավորեց երկու հաղթանդամ տղամարդ, որոնցից մեկի դեմքը հազարից էլ կճանաչեմ, այնպես տպավորվեց: Բացատրեմ: Նա հագել էր զինվորական տաբատ, ուներ ոչ հայկական դիմագծեր, ու ինձ միանգամից հիշեցրեց ամերիկյան կռիվ-կռիվ ֆիլմերի հաղթանդամ զինվորի: Հնարավորինս բարեհամբույր բարևեցինք անվտանգության աշխատակիցներին ու ներս մտանք: Ոտքերիս տակ որքան պակասում էին աստիճանները, այդքան հետաքրքրությունս մեծանում էր:
Վերջապես հայտնվեցինք Music Factory-ում, և միանգամից ծանոթ դեմքեր` այստեղ էին The Beautified Project խմբի անդամների մի մասը: Անդրեն, ինչպես միշտ` ժպիտով ու ջերմ ողջունեց մեզ, օգտվելով առիթից՝ հայտնեցի, թե ինչ անհամբերությամբ եմ սպասում իրենց` մարտին կայանալիք համերգին:
Այս վայրից մի տեսակ մեթալ երաժշտության հոտ էր գալիս: Դիմացի հատվածում բարն էր` բազմազան ու բազմապիսի խմիչքներով, ապա` փոքրիկ բեմը, որը հուշում էր, որ այստեղ համերգներ էլ են լինում: Բայց ամենից տպավորիչն, իհարկե, Jack Daniels –ի լոգոտիպն էր` փակցված պատին: Միանգամից ծանոթ ձեռագիր զգացի, և չէի սխալվում: Փաբերի գիտակ և ռոք երաժշտության սիրահար Ռուդին այժմ աշխատեցնում է հենց Music Factory-ն: Իսկապես, շատ հետաքրքիր է, յուրաքանչյուր փաբ նման է իր տիրոջը, Ռուդիին միանշանակ հաջողվել է թողնել իր փաբային հետքը: Նրա հետ երկու բառ փոխանակեցի և տեղավորվեցինք բարի մոտ: Ուղիղ կողքիս նկատեցի իմ The Beautified Project խմբի մեկ այլ անդամի` կամ Արմենն էր, կամ` Առլենը, նրանք երկվորյակ են ու տարբերելը մի քիչ դժվար է, հատկապես, երբ մեջքով էր նստած:
Մինչ կպատվիրեինք մեր նախընտրած խմիչքը, սկսեցինք մրսել: Այստեղ գործում էր այնպիսի հզոր օդափոխության համակարգ, որը ոչ միայն ցրում է ծուխը, այլև կարող է նույնիսկ չնախատեսված մրսածություն առաջացնել: Ստիպված եղանք տեղափոխվել հենց մուտքի մոտ գտնվող մի սեղանի շուրջ: Ի դեպ, եթե որոշեք այցելել այս վայր, կլոր սեղանն անպայման կնկատեք, այն առանձնացված է ու բարձր մնացածից: Ասես նախատեսված է «կլոր սեղան» կազմակերպելու համար: Վերջապես կարելի էր մեր երեկոն սկսած համարել, մանավանդ, որ դրան նպաստում էին հին «բամբիռները», «Ջիմի Փեյջը» ու էլի նման հնչեղ անուններ, ինչպես նաև այցելուները, որոնք իրենց վառ ու ոչ ստանդարտ հագուկապով ասես ապացուցում էին, որ ռոքը այս քաղաքում դեռ չի մահացել: Իսկ իմ բջջայինին ստացվող զանգերն այլ բան էին ապացուցում. արդեն տուն գնալու ժամանակն է: Մինչդեռ երեկոն նոր-նոր էր հասնում իր կիզակետին…